IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ դուրս կգա սեպտեմբերի 23-ին։ Արթուրը պետք է Էդիսոն Միրանդայի հետ մրցեր օգոստոսի 26-ին, սակայն մրցամարտը հետաձգվել է Արթուրի հիվանդության պատճառով։ Դա Միրանդային չարախնդալու առիթ է տվել։ Նա նշել է, որ Արթուրը պարզապես լսել է իր ուժի մասին եւ վախեցել է, իսկ հետո «մեծահոգաբար» հայտարարել, որ ինքն Արթուրին մեկ ամիս էլ թույլ կտա իր մոտ պահել չեմպիոնական գոտին։ Պատասխանն իրեն երկար սպասեցնել չի տվել։ «Եթե նրա բռունցքները նույնքան արագ են, որքան լեզուն, ապա հետաքրքիր մարտ կստացվի։ Իհարկե, ցավում եմ, որ մարտը հետաձգվեց։ Կարծում եմ՝ մարզումներս կվերսկսեմ արդեն հաջորդ շաբաթ։ Իսկ սեպտեմբերի 23-ին ես Միրանդային իր տեղը կդնեմ»,- հայտարարել է Ա. Աբրահամը։