«Տնտեսական աճ» ասելը, թերեւս, մի քիչ անհարմար է։ Պաշտոնական ձեւակերպումը հետեւյալն է՝ ՀՆԱ-ն աճել է 11.5 տոկոսով։ Իսկ յուրաքանչյուր նորմալ երկրի քաղաքացի «տնտեսությունն աճել է» արտահայտությունը լսելիս պատկերացնում է տնտեսության բոլոր ոլորտների գրեթե համաչափ աճ, առաջին հերթին՝ արդյունաբերության ոլորտում։ Մեզ մոտ, ինչպես միշտ, տնտեսական աճի երկնիշ ցուցանիշն ապահովել է շինարարության ոլորտը։ Հունվար-հուլիսի ՀՆԱ-ն կազմել է մոտ 1092.9 մլրդ դրամ, որի մեջ շինարարությունը կազմել է 24% (240.3 մլն դրամ)։ Շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 42.8%-ով, իսկ հուլիսի աճը հունիսի նկատմամբ կազմել է 22.1 տոկոս։
Արդյունաբերական արտադրանքի ծավալները 2006թ. առաջին 7 ամիսների համար կազմել են 355մլն 379 հազար դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը ցածր է 1%-ով։ Առանց ադամանդի արտադրությունը հաշվի առնելու, սակայն, գրանցվել է 2.2 տոկոսանոց աճ։ Գյուղատնտեսությունը նվազել է 6.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտն արձանագրել է 23%-անոց աճ։ Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների, երկնիշ թվով աճել են նաեւ բնակչության դրամական եկամուտներն ու ծախսերը, եկամուտների աճը՝ 19.2%, ծախսերինը՝ 21%։
Վիճակագիրներն արձանագրել են նաեւ գործազրկության նվազում։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 89 հազար 400 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 5.3%-ով։ Միջին աշխատավարձը նախորդ 8 ամիսների տվյալներով կազմել է ամսական 42291 դրամ՝ բյուջետային աշխատողների համար, 74245 դրամ՝ ոչ բյուջետային աշխատողների համար։ Թեմայից մի փոքր շեղվելով նշենք, որ ՀՀ Հարկային պետական ծառայությունն իր գործելակերպում թերեւս առաջնորդվում է այս ցուցանիշներով։ Ինչպես գիտեք, արդեն երկրորդ տարին է՝ սոցապ վճարների գանձմամբ զբաղվում է հարկային մարմինը։ Նախկինում դրույքաչափերն այսպիսին էին. մինչեւ 20 հազար դրամ եկամուտի դեպքում՝ 5000 դրամ սոցապ վճար, 20 հազարը գերազանցող եկամուտի դեպքում (մինչեւ 100 հազար)՝ 5 հազար դրամ՝ գումարած 20 հազարը գերազանցող մասի 15%-ը։ Այսինքն, եթե ստանում էիք 30 հազար, պետք է վճարեիք 5000 եւ 10000-ի 15%-ը՝ 1500 դրամ։ Ընդհանուր՝ 6500 դրամ։ Այս տարվա մարտից ՀՊԾ նախաձեռնությամբ սոցապ վճարի նվազագույն չափը 5000-ից բարձրացվեց 7000-ի։ Սակայն պարզվում է՝ դա բավարար չէ։ Մեր տեղեկություններով, հարկային ծառայության տարածքային բաժանմունքները պարզապես հրաժարվում են ընդունել հաշվետվությունը, եթե աշխատավարձի չափը 50 հազարից ցածր է։ Պատճառաբանությունը հետեւյալն է՝ մենք գիտենք, որ մասնավոր ընկերության ոչ մի աշխատող չի համաձայնի 50 հազարից քիչ գումարով աշխատել։ Այնպես որ, դուք իրականում վճարում եք ավելի բարձր, քան ցույց եք տալիս հաշվետվությունում։ Այս պնդման հետ կարելի է համաձայնել, գոնե այն պատճառով, որ անգամ 50 հազարով դժվար է գոյատեւել։ Սակայն մյուս կողմից ինչպե՞ս հասկանալ, որ Սահմանադրությամբ իրեն «սոցիալական» համարող պետությունն իր թոշակառուին տալիս է 15 հազար դրամ թոշակ եւ ստիպում գոյատեւել, երբ նվազագույն սպառողական զամբյուղի գինը գերազանցում է 20 հազարը։ Հաշվետվություն չընդունելու իրավունք այս դեպքում հարկայինը չունի, սակայն հարկատուների մեծ մասը սուսուփուս համաձայնում է։ Ավելի լավ է վճարել 3000 դրամ ավելի, քան հարաբերությունները սրել հարկայինի հետ։
Անցնենք մեր բուն թեմային՝ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշներին։ Ըստ վիճակագիրների՝ նախորդ ամսվա նկատմամբ հուլիսին գներն իջել են 0.7%-ով։ Հունիսի գները մայիսի նկատմամբ իջել էին 1.2%-ով։ Սակայն 2005թ. դեկտեմբերի նկատմամբ գնաճը կազմում է 3.6%, իսկ 12-ամսյա կտրվածքով՝ գերազանցում է 6%-ը։ Սեզոնային գնանկումը, որը հիմնականում պայմանավորված է լինում գյուղատնտեսական ապրանքների գների նվազմամբ, չունեցավ սպասված ծավալները։ Այս եւ այլ գործոնները հաշվի առնելով՝ Կենտրոնական բանկն արդեն հուլիսի սկզբում հայտարարեց, որ երրորդ եռամսյակի վերջում գնաճը կգերազանցի նախատեսված 3%-ը։
Տնտեսագիտության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող մարդիկ գիտեն, որ գնաճն ու տնտեսական աճն անմիջականորեն կապված են միմյանց հետ։ Դժվար է ապահովել երկնիշ տնտեսական աճ եւ միեւնույն ժամանակ ցածր գնաճ։ Ինչպես ասում են՝ չի կարելի եւ՛ հաճույք ստանալ, եւ՛ կույս մնալ։ Վերջին 1.5-2 տարվա ընթացքում ԿԲ-ն, այնուամենայնիվ, փորձում է դա անել։ Եվ հենց այս ժամանակահատվածում էլ դրամը կայուն կերպով սկսեց արժեւորվել դոլարի եւ մյուս արժույթների նկատմամբ։
Գների կարգավորումը ԿԲ-ի գլխավոր խնդիրն է, որն ամրագրված է օրենքով, եւ ԿԲ-ի գերնպատակն է՝ չթույլատրել, որ գնաճը գերազանցի 3%-անոց սահմանագիծը։ Ինչ վերաբերում է փոխարժեքին, որը ստորադասվեց ցածր գնաճին, ԿԲ-ն ձեռքերը լվաց այս պրոցեսից՝ փոխարժեքի փոփոխությունները բացատրելով շուկայական գործոններով։ Մենք մի անգամ արդեն անդրադարձել ենք այս դժվար երկընտրանքին՝ ԿԲ-ն պետք է ընտրություն կատարեր՝ կամ գնաճ, կամ դրամի արժեւորում։ Նախապատվությունը տրվեց գնաճի խնդրին, իսկ փոխարժեքը սկսեց անկում ապրել։
Արդյունքում, ստացվեց այն, ինչ այսօր ունենք, արդյունաբերության անկում, արտահանման ծավալների մեծացում, առեւտրային բացասական աճող հաշվեկշիռ եւ դրսից ստացվող դոլարներով գոյատեւող դժգոհ մարդկանց մի ստվար բանակ։
Արդյունաբերության մասին արդեն խոսեցինք։ Ինչ վերաբերում է արտաքին առեւտրին, տվյալներն այսպիսին են։ Հունվար-հուլիս ժամանակահատվածի արտահանումը կազմել է 228.7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 2.8%-ով։ Իսկ նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալները նվազել են 13.6%-ով։ Ներմուծումն, ընդհակառակը, նախորդ տարվա համեմատ ավելացել է 20.5%-ով՝ կազմելով 1 մլրդ 497.1 մլն դրամ։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, փաստորեն, կազմել է 268.4 մլրդ դրամ կամ 671 մլն դոլար։ Նշենք, որ որպես փոխարժեք վերցրել ենք 400 դրամը։ Սակայն ԱՎԾ մամուլի հաղորդագրությունը փոխարժեքի մասով շատ զարմանալի տվյալներ է հրապարակել։ Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հունիսի համար տրված է 443.87 դրամ, հունվար-հուլիսի համար՝ 440.09 դրամ։ Սա` այն դեպքում, երբ ԿԲ պաշտոնական տվյալներով փոխարժեքը դեռ մայիսի վերջին կազմում էր մոտ 428 դրամ, որից հետո կայուն կերպով իջել է։