Սահմանը մնում է փակի տակ

28/08/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Չնայած բոլոր հավաստիացումներին՝ Ռուսաստանը ամիսուկես հետո էլ չվերսկսեց ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի աշխատանքները: Այն փակվել էր, ինչպես ժամանակին բացատրել էր ռուսական կողմը, անհետաձգելի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառով: Ընդ որում՝ որպես այլընտրանք առաջարկվել էր օգտագործել Ռոկիի թունելը, որն ինքնահռչակ Հարավային Օսեթիայի Հանրապետությունը կապում է Ռուսաստանի հետ: Սակայն Թբիլիսիի կողմից չվերահսկվող անցակետին որոշակի «լեգիտիմություն» տալու փորձերն ապարդյուն անցան: «Ֆիլտրացիայի» ենթարկելով այդ երթուղուց արդեն օգտված մարդկանց՝ վրացական իշխանությունների ներկայացուցիչները խստորեն նախազգուշացրին այլեւս դրանից չօգտվել: Եվ պետք է ասել, որ դրան ըմբռնումով մոտեցան անգամ հարեւան Հայաստանում, որը տնտեսական լուրջ վնասներ է կրել «Վերին Լարս» անցակետի փակման պատճառով. չէ՞ որ հենց այդ անցակետով է Երեւանը Ռուսաստան արտահանում գյուղմթերքները: Հայաստանի իշխանությունները բնակչությանը կոչ արեցին սպասել անցակետի բացմանը եւ բարդություններ չառաջացնել՝ Վրաստանով Ռուսաստան անցնելու փորձեր կատարելով: Այսպիսով, հարված հասցնելով առաջին հերթին իր ռազմավարական դաշնակցին (քանզի վրացական ապրանքների նկատմամբ կիրառվող բեռնարգելքի պայմաններում Թբիլիսին վնաս չի կրում)՝ ռուսական կողմը բանակցությունների ընթացքում հայտարարեց, որ անցակետը կբացվի օգոստոսի կեսերին:

«Չնայած ռուսական կողմի հավաստիացումներին՝ «Վերին Լարս» անցակետը շարունակում է փակ մնալ»,- լրագրողներին հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլին: Նրա խոսքերով՝ դա համաձայնագրի հերթական խախտում է եւ Ռուսաստանի ոչ բարեկամական քաղաքականության եւս մի դրսեւորում: «Սահմանը փակվել էր առանց նախազգուշացման՝ ընդունված նորմերի խախտմամբ, եւ այն բացելու ցանկության բացակայությունը նույնպես ձեռք բերված համաձայնությունների արհամարհում է»,- համարում է Բեժուաշվիլին:

Այդ մասին անուղղակի հիշատակեց նաեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ «Ամառային աշխատանք ուսանողների համար» նախագահական ծրագրի հաղթողներին Գորիում նվերներ հանձնելու ժամանակ: «Մեզ հարկավոր է միավորվել ընդհանուր թշնամու դեմ: Այդ դեպքում ոչ ոք չի կարող կոտրել մեզ եւ ծնկի բերել»,- վստահ է Վրաստանի նախագահը: Այսօր Վրաստանն արտաքին մեկ թշնամի ունի, եւ լրացուցիչ բացատրության կարիք վաղուց այլեւս չկա: Սակայն, Սահակաշվիլու կարծիքով, երկրի զարգացմանը խոչընդոտում են նաեւ ներքին գործոնները: Խոսքը բնակչության մի մասի ինֆանտիլությանն է վերաբերում, որը, նախագահի բնորոշմամբ, «ոտքը ոտքին գցած հետեւում է, թե ինչպես են մյուսները կառուցում վրացական պետությունը»: Եվս մի վնասակարություն գալիս է ոչ կառուցողական ընդդիմությունից: Այդ մասին խոսելով՝ Սահակաշվիլին թերեւս նկատի ուներ վերջին օրերս ակտիվացած Իրինա Սարիշվիլուն, որն իր գլխավորած «Իգոր Գիորգաձեի հիմնադրամ»-ի գործունեությանն օրինական բնույթ տալու եւ լեգալացնելու մի քանի անհաջող փորձերից հետո առայժմ ապարդյուն փորձում է Արդարադատության նախարարությունում գրանցել «Իմեդի» («Հույս») կուսակցությունը: Կուսակցության նպատակներն ու արմատական պահանջները՝ նախագահի պաշտոնանկությունը, խորհրդարանի ցրումը, արտահերթ ընտրությունների անցկացումը, արտացոլված են այդ կուսակցության կանոնադրության մեջ, եւ Սահակաշվիլու կարծիքով՝ դա է պատճառը, որ Արդարադատության նախարարությունը հրաժարվում է «Իմեդի»-ն գրանցել: «Մենք մտադիր ենք մոտ օրերս կրկին դիմում ներկայացնել, եւ եթե նորից մերժում ստանանք, ապա կուսակցության մոտ 12.000 անդամներ կդիմեն արմատական քայլերի»,- հայտնեց Իրինա Սարիշվիլին:

Իսկ առայժմ նորաթուխ այս կուսակցությունը համագումար է անցկացրել, որտեղ բանաձեւ է ընդունվել բոլոր ընդդիմադիր ուժերին ուղղված կոչով՝ միավորվելու եւ սահմանադրության շրջանակներում իշխանություններին դիմակայելու համար: «Բանաձեւում նաեւ գնահատական է տրված Վրաստանի այսօրվա իշխանությունների՝ Կոդորի կիրճում կատարած գործողություններին, եւ այդ գնահատականը ծայրահեղ բացասական է»,- հայտարարեց Սարիշվիլին: Նրա խոսքերով՝ Վրաստանի իշխանությունները Կոդորի կիրճում, այսպես կոչված՝ հատուկ գործողություններ են անցկացրել, որպեսզի լիովին զինաթափեն այդ տարածքները, ապա Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ դաշնագիր կնքեն: «Դա արեւմտյան երկրների եւ ԱՄՆ-ի կողմից առաջադրված ամենագլխավոր պահանջներից է, որպեսզի Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դա փաստացի նշանակում է այսօրվա իշխանությունների կողմից Կոդորի կիրճի հանձնում եւ սեփական ժողովրդին դավաճանություն»,- կարծում է «Իմեդիի» առաջնորդը: