Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» միության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի 5 հոգանոց արշավախումբը օգոստոսի 3-18-ը իրականացրել է Տիգրան Երկրորդ Մեծի կողմից կառուցված Արցախի Տիգրանակերտ քաղաքի եւ շրջակայքի պեղումների առաջին փուլը, որի արդյունքները պեղումների տարածքում օրերս լրագրողներին ներկայացրեց արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Համլետ Պետրոսյանը: Նրա խոսքերով, պեղումների արդյունքում հայտնաբերվել է միջնաբերդի պարիսպը, 5-6-րդ դարերի բազիլիկ եկեղեցի, սանդղավանդերից մեկի հենապատը եւ հարյուրավոր հնագիտական իրեր, ինչպես նաեւ ուսումնասիրվել է քաղաքի մերձակայքում՝ Խաչենագետի հովտում գտնվող ժայռափոր եկեղեցական համալիրը:
Ըստ Հ. Պետրոսյանի՝ հաջորդ տարի նույնպես կշարունակվեն պեղումները, բայց արդեն ոչ թե 15 օրով, այլ 2 ամսով: «Պեղումների արդյունքները ցույց են տալիս, որ Արցախի Տիգրանակերտ քաղաքը մի հզոր քաղաք է եղել՝ կառուցված որոշակի պլանավորումով, հատակագծով, ժամանակի առաջավոր տեխնիկայով: Այդ քաղաքի կառուցման համար հարյուրավոր ստրուկների, հազարավոր վարպետների ներգրավում էր պահանջվում: Արդյունքները հիմք են տալիս ասելու, որ մենք գտել ենք Տիգրանակերտ քաղաքը եւ, որ հայկական աղբյուրները, որոնք մանրամասն տեղեկություններ են հաղորդել այդ քաղաքի մասին, միանգամայն ճշմարտացի են»,- ասում է արշավախմբի ղեկավարը:
Նրա խոսքերով, հայտնաբերված նյութերն ուսումնասիրման կարիք ունեն: Դրանք հիմա պահվում են հնագիտական հանգրվանում, որը գտնվում է նոր Մարաղա գյուղում: Նյութերը կտեղափոխվեն Երեւան, որտեղ պետք է մշակվեն համապատասխան լաբորատորիայում, այնուհետեւ տեղ գտնեն Արցախի թանգարաններում:
Ասուլիսի ժամանակ «Երկիր» կազմակերպության վարչության անդամ Վահրամ Գեւորգյանը Տիգրանակերտի հայտնագործության առթիվ ընթերցեց իրենց հայտարարությունը. «Կատարված հայտնագործություններն ունեն ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային բացառիկ պատմամշակութային եւ կրոնական արժեք: Քաղաքային թաղամասի պեղումների ընթացքում հայտնաբերված վաղ միջնադարյան (5-6 դարեր) բազիլիկային տիպի եկեղեցու մնացորդները եւ քարանձավային եկեղեցու համալիրը ապացուցում են, որ Տիգրանակերտը հանդիսացել է արեւելյան քրիստոնեական քաղաքակրթության կենտրոններից մեկը»:
Վ. Գեւորգյանը նաեւ փաստեց, որ կատարված պեղումներին հաջորդելու է գտածոների ուսումնասիրությունը, որից հետո պատկերազարդ գիրք է տպագրվելու հայերեն լեզվով, որը կթարգմանվի նաեւ տարբեր լեզուներով: «Եթե Տիգրանակերտը որպես համամարդկային արժեք վեր հանվի եւ դասվի լավագույն մշակութային արժեքների շարքում, այս տարածքը պետք է վերահսկեն միայն ու միայն հայերը: Սա պետք է լինի յուրաքանչյուրիս կարեւոր հիմնահարցը»,- ասաց Վահրամ Գեւորգյանը: