ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է
Իսրայելը մտադիր չէ դադարեցնել փորձերը շիիթական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի ֆիզիկական ոչնչացման ուղղությամբ։ Այդ մասին «The New York Times» թերթին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան մի սպա։ «Այդ մարդը պետք է մեռնի»,- ասել է իսրայելյան սպան։ Այդ նպատակին հասնելու համար Իսրայելին չի խանգարի անգամ Լիբանանում հաստատված հրադադարը։ Մի կարեւոր խնդիր եւս` իսրայելյան հատուկ ծառայությունները պետք է կանխեն Իրանից եւ Սիրիայից «Հըզբոլլահին» նոր սպառազինություններ հասցնելու փորձերը։ Այդ խոսքերը հնչել էին օգոստոսի 18-ին, իսկ 19-ին իսրայելյան զինվորականները դեսանտ իջեցրին Լիբանանի Բաալբեկ քաղաքի շրջակայքում, նպատակ ունենալով գերել շեյխ Մոհամեդ Յազբեկին։ Ռեյդի արդյունքում սպանվել է (իսրայելյան կողմի տվյալներով) երեք գրոհային եւ իսրայելյան մեկ զինվոր։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հայտարարել է, որ իսրայելցիների օպերացիան համարում է «Իսրայելի կողմից հրադադարի պայմանավորվածության խախտում» (Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւ)։ Միաժամանակ գլխավոր քարտուղարի մամլո ծառայությունը շեշտել է, որ գլխավոր քարտուղարը «խստորեն մտահոգված է» Իսրայելի կողմից հրադադարի խախտմամբ։ Քոֆի Անանն ասել է նաեւ, որ «թիվ 1701 բանաձեւի նման խախտումները սպառնում են փխրուն խաղաղությանը, որին հասել ենք երկարատեւ բանակցությունների արդյունքում, եւ խարխլում են Լիբանանի կառավարության իշխանությունը»։
Իսրայելի պաշտպանության նախարար Ամիր Պերեցն իր հերթին նշել է, որ Բաալբեկի օպերացիան ՄԱԿ-ի բանաձեւի խախտում չէ։ Իր խոսքերով` «այդ օպերացիան պետք է խանգարեր «Հըզբոլլահի» վերազինմանը»։
Իսկ Լիբանանի պաշտպանության նախարարը սպառնացել է կանգնեցնել լիբանանյան զորքերի մուտքը հարավային Լիբանան, եթե Իսրայելը շարունակի ագրեսիվ գործողությունները։
Մինչ Իսրայելի հատուկ ծառայությունները ուղիներ են փնտրում ոչնչացնելու «Հըզբոլլահի» առաջնորդ շեյխ Հասան Նասրալլային, վերջինս բարեգործական օգնություն է բաժանում պատերազմից տուժած լիբանանցիներին։ «Հըզբոլլահի» գրասենյակները տուժած ընտանիքներին տալիս են 12 հազարական ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր առմամբ բաժանվել է 700 միլիոն դոլար։ Պարզ է, թե դրանից հետո ում կողմն է լիբանանցիների համակրանքը։
Խաղաղապահ ուժերը Լիբանանում կգլխավորի Իտալիան
Օգոստոսի 20-ին Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտն իր իտալացի գործընկեր Ռոմանո Պրոդիին հայտնեց, որ ինքն ուզում է տեսնել Իտալիան` որպես հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ղեկավար։ Օլմերտը նաեւ խնդրել է Պրոդիին` զինվորականներին, որպես սահմանապահների, տեղաբաշխել սիրիա-լիբանանական սահմանում։ Իտալիան ուզում է Լիբանան ուղարկել 3000 զինվորական։ Պրոդին նշել է, որ Իտալիան գտնվում է Մերձավոր Արեւելքից ոչ հեռու եւ կրում է պատասխանատվություն ռեգիոնում կատարվածի համար։ Հիշեցնենք, որ խաղաղապահներին տարածաշրջանում պատրաստվում էր ղեկավարել Ֆրանսիան, սակայն ֆրանսիական կառավարությունն առաջարկեց կոնֆլիկտի գոտի ուղարկել ընդամենը 200 զինվորական։ ԱՄՆ-ը եւ ՄԱԿ-ը համարեցին, որ այդ քանակությունը բավարար չէ, որպեսզի ղեկավարությունը հանձնվի Ֆրանսիային։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը քննադատության ենթարկեց Եվրոպայի կազմակերպության անդամներին նրա համար, որ նրանք չեն շտապում իրենց զորքերն ուղարկել Լիբանան։ Մինչդեռ օգոստոսի 20-ին Էհուդ Օլմերտը հայտարարեց, որ չի ուզում տեսնել հարավային Լիբանանում երկրների, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի հետ։ Խոսքը երեք մուսուլմանական պետությունների` Ինդոնեզիայի, Մալայզիայի եւ Բանգլադեշի մասին է։ Միաժամանակ, Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը պահանջեց խաղաղապահ ուժերից այն պետությունների բացակայությունը, որոնք ռազմական կապեր ունեն Իսրայելի հետ։
Կիրակի երեկոյան հայտարարվեց, որ խաղաղապահներն իրավունք ունեն կրակ արձակել «Հըզբոլլահի» զինված գրոհայինների ուղղությամբ, եթե նրանք կհրաժարվեն վայր դնել զենքերը։
Միաժամանակ, Լիբանանի բանակը շարունակում է տեղաբաշխվել լիբանանա-իսրայելյան եւ լիբանանա-սիրիական սահմաններում (Սիրիայից զենքի հոսքի կանխարգելման համար)։ Համաձայն պայմանավորվածության, Իսրայելը դուրս է բերում իր ուժերն այն շրջաններից, որտեղ տեղաբաշխվում են միջազգային խաղաղապահ զորքերը։
Կիրակի, օգոստոսի 20-ին, Իսրայելի հետեւակային եւ դեսանտային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Յոսսի Հեյմանը, որը նոր է լքել իր պաշտոնը, առաջինը լինելով իսրայելյան հրամանատարությունից, ճանաչեց, որ Իսրայելը մասնակի անհաջողություն է կրել Լիբանանյան պատերազմում։ «Թեեւ մեր զինվորները եւ սպաները կռվում էին հերոսաբար, մենք բոլորս ունենք անբավարարվածության եւ բաց թողնված հնարավորությունների զգացում»,- հայտարարեց Հեյմանը։
Հիշեցնենք, որ իսրայելցիները բազում բողոքներ են ներկայացրել կառավարությանը։ Քննադատների կարծիքով, «Հըզբոլլահի» դեմ օպերացիան սկսվել է շտապողականությամբ, առանց հատուկ ծրագրի, հակառակորդը թերագնահատված էր։