«Թիկնապահը չպետք է լինի հաստ վզով, սեւ ակնոցով եւ սափրած գլխով»

28/08/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Մի խումբ «գոլդ համարներով» մեքենաներ, անցնելով լուսաֆորի կարմիր նշանի տակով, հաջորդ խաչմերուկում կանգնում են եւ փակում երթեւեկությունը։ Սեւ ակնոցներով, սափրած գլուխներով, աժդահա տղաները դուրս են գալիս մեքենաներից եւ ոչինչ չարտահայտող դեմքերով հսկում փողոցը, մեքենան, շենքը եւ ինչ պատահի (իրականում իրենք էլ չգիտեն, թե ինչն են հսկում)։ Մեքենայից դուրս է գալիս «նա»՝ հսկվող սուբյեկտը։ Տղաներից մի քանիսը «նրա» հետ շարժվում են դեպի կոնկրետ հաստատություն, մնացածն՝ անշարժացած կանգնած են։

Սա հատված չէր հոլիվուդյան «գանգստեր» ոճի ֆիլմերից, այլ փոքր դրվագ` հայ օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, բիզնեսմենների եւ բոլոր այն մարդկանց կյանքից, ովքեր իրենց VIP են համարում։ Հիմա մեր աչքն արդեն ընտելացել է այս տեսարանին ու շատերի մոտ «այս կինոն», հեգնանքից բացի, այլ զգացմունքային գնահատականի չի արժանանում։ «Ինքն էլ գիտի իր արած վատությունների մասին, դրա համար էլ վախենում է»,- մտածում են շատերը (ովքեր, իհարկե, թիկնապահ չունեն)։ Սակայն կա մարդկանց մի շերտ (հիմնականում 15-16 տարեկան պատանիները), ում վրա այս կինոն մեծ տպավորություն է թողնում եւ տիեզերագնաց, բժիշկ դառնալու փոխարեն` սկսում են երազել թիկնապահի «կարիերայի» մասին։ Իհարկե, սա ունի իր օբյեկտիվ բացատրությունը՝ թիկնապահը ստանում է 500 դոլար եւ ավելի աշխատավարձ (իսկ բժիշկը՝ եթե «լավ» վիրահատություն անի, գուցե կարողանա այդքան փող վաստակել), թիկնապահը դառնում է կոնկրետ «օլիգարխի» տան անդամը եւ օգտվում է նրա տան «բարիքներից» (իսկ տիեզերագնացը տիեզերքից բացի այլ տան, առավել եւս` առանձնատան հույսեր չունի), արժանանում է «ընկերության» հարգանքին եւ այլն…

«Ժամանակակից կյանքն է այս ամենը թելադրում։ Յուրաքանչյուր բիզնեսմեն ուզում է թիկնապահ ունենալ ու դա ակնհայտորեն երեւում է փողոցում՝ շքեղ մեքենաներն ու այլ ցուցադրական էլեմենտները գրավում են պատանիներին»,- ասում է Երեւանի «Գիտակ» համալսարանի «Թիկնապահ» քոլեջի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյան։ Քոլեջը գործում է 2001-ից եւ 10 ամսվա ընթացքում պատրաստում է անվտանգության, պաշտպանության ծառայողներ (ամսական վարձը կազմում է 25.000 դրամ)։ Յուրաքանչյուր ուսանող քոլեջն ավարտելուց հետո ստանում է իրեն համապատասխան որակավորում, որոնք 5 աստիճանի են։ Սակայն, ինչպես մեզ տեղեկացրին քոլեջում, մինչ օրս 250-300 ուսանողներից միայն երկուսին են տվել թիկնապահի աստիճան։ «Ցավոք սրտի, թիկնապահների պահանջարկն օրեցօր շատանում է։ Ամեն օր լսում ենք վատ լուրեր՝ հարձակում մարդկանց վրա, ինկասատորների կողոպտում… Եվ թիկնապահների, եւ անվտանգության աշխատողների պահանջարկն օր օրի ավելանում է»,- ասում է Վ. Հարությունյանը։

Այս տարի արդեն 40 հոգի դիմել է քոլեջ, սակայն քննությունը դեռ շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի կեսերը։ Եղել են դիմումներ նաեւ Վրաստանից։ Քոլեջում սովորում են նաեւ աղջիկներ, եւ այս տարի արդեն մեկ դիմում եղել է։ Ըստ մասնագետների՝ երիտասարդներն ուսումնառության ընթացքում ինքնահաստատվում են։ «Պատանին ֆիլմեր է դիտում եւ ուզում է ուժեղ լինել, կարողանալ պաշտպանվել։ Մենք սովորեցնում ենք պաշտպանվել, այսինքն՝ ագրեսիա չենք մտցնում նրանց մեջ, «վիշիբալաներ» չենք սարքում։ Բացի այդ, սովորեցնում ենք էթիկայի կանոնները, ինչը նույնպես կարեւոր է իմանալ թիկնապահին»,- ասում է քոլեջի փոխտնօրեն Տիգրան Սահակյանը։

Անվտանգության աշխատողներն ու թիկնապահները հանձնում են երկու տիպի քննություն. ստուգվում են թե՛ ֆիզիկական եւ թե՛ մտավոր ունակությունները։ «Թիկնապահը պետք է պատրաստ լինի իր կյանքը զոհել պատվիրատուի համար։ Սակայն նա պետք է այնքան խելք ու փորձ ունենա, որ կարողանա խուսափել տհաճ միջադեպերից»,- ասում է գործադիր տնօրեն Վ. Հարությունյանը։ Քոլեջի գործադիր տնօրենի հավաստմամբ՝ իրենց ուսանողներին հետագայում հաջողվում է լավ աշխատանք գտնել՝ բանկերում, անվտանգության ծառայություններում, նաեւ տարբեր օլիգարխների ու բիզնեսմենների մոտ։ Օլիգարխների անունները չնշվեցին։ «Մասնագիտական գաղտնիք է»,- ասացին։ Ըստ փոխտնօրեն Տ. Սահակյանի՝ պրոֆեսիոնալ թիկնապահը պետք է «այնքան էլ բացահայտ չաշխատի»։ Իրականում նա պետք է մնա ստվերում ու իր գործն այնտեղից կատարի եւ ոչ թե ցուցադրական «էլեմենտ» լինի։ Ինչն, իհարկե, չես ասի մեր օլիգարխների թիկնապահների մասին, ովքեր հետեւում են նրանց՝ այգիներում, սրճարաններում….

«Դա շատերին է նյարդայնացնում, հատկապես տհաճ է, երբ ցուցադրվում է թիկնապահի զենքը։ Սա հասարակության մեջ տհաճություն, նյարդային ավելորդ գրգռումներ է առաջացնում եւ առիթ է տալիս բամբասելու,- ասում է Տ. Սահակյանը:- Թիկնապահն իրականում չպետք է լինի հաստ վզով, սեւ ակնոցով ու սափրած գլխով։ Դա չէ իրական թիկնապահի տեսքը»։