Ինչո՞վ բացատրել ազգայնամոլության բռնկումն այսօրվա Ռուսաստանում

28/08/2006 Աստղիկ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

1.Ռուսաստանը բազմազգ պետություն է իր ստեղծման հենց սկզբից: Ռուս մարդը հրաշալի վարժված է՝ ինչպես իրեն պահի այս կամ այն ազգի հետ: Ավելին, Ռուսաստանում բավականին երկար պատմություն ունեն խառնամուսնությունները, ընդ որում` խորհրդային ժամանակներում դրանք զանգվածային բնույթ ունեին, այդ թվում եւ` գյուղերում: Վերակառուցման վերջին տարիներին ազգամիջյան խառնամուսնություններ կնքող տղամարդկանց եւ կանանց թիվը մոտավորապես հավասար էր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տնտեսական քաոսի, պետական իդեալների եւ մարդկային արժեքների կրախի, դեֆոլտի եւ մի խումբ կասկածելի անձանց, որ հիմա օլիգարխ են կոչվում, կողմից թալանվելու հետեւանքով Ռուսաստանի ժողովուրդների ապրած սթրեսը պայմաններ ստեղծեցին, որպեսզի հասարակական մեխանիզմը բարոյական անկում ապրի: Նախագահ Բորիս Ելցինը բավականին աջակցեց այդ անկմանը, ինչը հանգեցրեց հանցագործության, հասարակության անբարոյականության աճին, իշխանական վերնախավի ցինիզմին: Սակայն Ռուսաստանը հսկայական երկիր է, ինչպես բանաստեղծն է ասել` «Ռուսաստանին հնարավոր չէ հասկանալ մտքով…», բարոյական եւ ինտելեկտուալ մեծ ներուժ ունի` ամրապնդված հարուստ բնական ռեսուրսներով:

2.Սակայն ազգի ֆիզիկական բաղադրիչը թույլ է: Ավելին, միտում կա, որ ռուս ազգը հասել է ժողովրդագրական իր ծայրակետին դեռ 1950-ականների վերջին, եւ այժմ անկում է ապրում: ԽՍՀՄ-ը թույլ էր տալիս ռուս ազգին մտածելու, որ ռուսականացման բավական հզոր գործընթաց է տեղի ունենում, քանի որ, ինչպես ցույց է տալիս այն տարիների վիճակագրությունը, աճում էին ազգամիջյան խառնամուսնությունները, որոնք իբրեւ փոխադարձ շփման միջոց ընտրում էին ռուսերենը (իբրեւ օրինակ վերցնենք, ասենք, մոլդովացիներին. այն ընտանիքներում, որտեղ ամուսինները տարբեր ազգության էին, տղամարդկանց 90 եւ կանանց 80%-ը տանը ռուսերեն էին խոսում)*, եւ ռուսական մշակույթը վեր էին դասում մնացած բոլոր ազգային մշակույթներից կամ համարում էին առավել հարմար միջավայր: Այս ամենը փլուզվեց անցյալ դարի 90-ականներին: Ռուսները ժողովրդագրական առումով սուր ճգնաժամ են ապրում, եւ չկան ոչ գաղափարներ, ոչ ֆինանսական օգնություն` ազգը գոյության ստաբիլ մակարդակի, կամ, որ ավելի լավ է, դինամիկ աճի հասցնելու համար:

3.ԽՍՀՄ-ը փլուզվեց առաջին հերթին իբրեւ արժեքային համակարգ: Նոր ՌԴ-ի ներսում ռուսական մշակույթի գերակայությունը պահպանվում է: Ռուսաստանը սկսեց նոր մոդուլներ եւ կողմնորոշիչներ գտնել` նախկին ԽՍՀՄ երկրների վրա ազդեցության կարեւոր լծակներ ունենալու համար: Բայց այստեղ ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Ինքը՝ ռուսական մշակույթը սկսեց կախման մեջ գտնվել արեւմուտքի գնահատականից: Միաժամանակ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները, նրանց ազգային շահերն այս կամ այն չափով վերափոխվել էին հօգուտ մի կողմի` ի վնաս մյուսների: Եվ եթե ԽՍՀՄ-ի ստեղծման սկզբում` 1922թ., ոմանք նույնիսկ չէին ենթադրում, որ այդպիսի տարածքներ կստանան, ապա Հայաստանը ոչ միայն բաժանվեց Խորհրդային Միության եւ Թուրքիայի միջեւ, այլեւ Միության ներսում մասնատվեց Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ: 1922թ. բռնաբարված եւ աղքատ Հայաստանը համաձայն չէր իր սահմանների հետ, սակայն Ստալինի կամ քեմալական Թուրքիայի նման գործիչների շահերը հնարավոր չէր հաշվի չառնել: Միայն Հայրենական մեծ պատերազմի ավարտին հայերը համարձակվեցին խոսել տարածքների մասին: Իսկ վերակառուցման վերջին տարիներին այս ամենը վերաճեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իսկական հակամարտության: ԽՍՀՄ-ը կրկին, ինչպես իր ստեղծման սկզբում, Ադրբեջանի կողմն անցավ, եւ միայն նրա փլուզումն անկախ Ռուսաստանին թույլ տվեց հասկանալ իր ազգային շահերը եւ անցնել նրա կողմը, ով բազմաթիվ անգամներ եղել էր ողջ Մեծ Կովկասում իր հենադաշտը: Ռուսաստանը, Ադրբեջանին հանձնելով Ղարաբաղը, կորցնում էր Կովկասի հետ հարաբերությունների ողջ համակարգը, հատկապես չեչենական պատերազմից եւ Թաթարստանի ու Բաշկիրիայի անկախությունից հետո: Բացի այդ, ԽՍՀՄ-ի փլուզումը ցույց տվեց, որ Ռուսաստանը եւս տուժող կողմ է:

4.Ռուս ժողովրդի ժողովրդագրական վիճակը 1990-ականներին սկսեց վատթարանալ նաեւ այն պատճառով, որ թմրադեղերն ու պոռնոգրաֆիան, նաեւ «հոտային» կառույցներով տարբեր կազմակերպություններ, այդ թվում եւ` կրոնական-տոտալիտար եւ ազգայնամոլական բնույթի, երիտասարդ ռուսների մի ողջ սերունդ առան իրենց ձեռքը: Թմրադեղերն ու բարոյական անկումը երիտասարդ ռուսների կյանք մտցրին այդ ժամանակվա գաղափարախոսությունը` «կյանքը շոու է», որը ենթադրում էր անմիտ, ագրեսիվ եւ թեթեւ կյանք: Իրականում դա նշանակում է ողբերգական կյանք: Այդպես է եղել եւ Արեւմուտքում, իբրեւ օրինակ բերենք շոու-բիզնեսի աստղերին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, որոնք կյանքից հեռանում էին ինքնասպանության կամ թմրադեղերը չարաշահելու հետեւանքով, կամ ՁԻԱՀ-ից, կամ իրենց երկրպագուի կողմից սպանվելով (Էլվիս Փրեսլի, Ջիմմի Հենդրիքս, Մերլին Մոնրո, Ֆրեդի Մերքյուրի եւն): Ռուսաստանցի երիտասարդը, որ ոչ մի դաստիարակություն չէր ստացել, ընկավ այսպես կոչված «ազատ ընտրության» մսաղացի մեջ:

5.Ամուսնացած եւ չամուսնացած երիտասարդ կանանց մի մասը (մոտ 200.000) աշխատելու մեկնեցին երրորդ երկրներ` ասիական, լատինաամերիկյան, աֆրիկյան` Թուրքիա, Եգիպտոս, Արգենտինա եւ այլն, մի մասն էլ մեկնեց եվրոպական երկրներ, ԱՄՆ (ամենաքիչը՝ 1 մլն-ը): 1989-ին ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի տվյալներով երկրում բնակվում էին 145.155489 ռուսներ, իսկ Ռուսաստանում նույն այդ թվականին բնակվում էին 119865946 ռուսներ:** Այսինքն` ավելի քան 25 մլն ռուսներ ապրում էին Ռուսաստանի տարածքից դուրս, այդ թվում եւ` այնպիսի երկրներում, ինչպես Ուկրաինան, որի հետ Ռուսաստանն ընդհանուր արմատներ ունի, ինչն էլ նրանց քաղաքական պատմությունն իրական կյանքում ավելի դրամատիկ է դարձնում, քանզի Ուկրաինան, ինչպես ցանկացած երիտասարդ անկախ երկիր, ամեն կերպ առիթ է փնտրում ռուսներին ցույց տալու, որ ուկրաինացիները հավասարազոր գործընկերներ են` իրենց ճակատագրով եւ իրենց շահերով: Այդ հարաբերությունների մեջ Ղրիմը սեպ դարձավ: Ռուսների վիրավորված ինքնասիրությունը Ղրիմում կամ Մերձբալթիկայում, անգամ Ռուսաստանում, որտեղ նրանք սկսեցին հասկանալ, որ երկիրն արդեն հզոր տերություն չէ, թեեւ այդպես են ասում, ինչպես նաեւ նախկին խորհրդային հանրապետություններից միգրանտների հսկայական ներհոսքը, որոնք ի դեմս Ռուսաստանի տեսնում են հարազատ երկիր, կերակրող, որտեղ կարելի է ոչ միայն փող աշխատել, այլեւ հարստանալ, շարժման մեջ դրեցին ռուսական հասարակության որոշակի դժգոհ խմբերի, որոնք նույնպես կարիք ունեին աշխատանքի եւ մի կտոր հացի, հատկապես «ֆինանսական բուրգերից» եւ դեֆոլտից հետո: Քաղաքացիների ողջ գաղափարախոսությունը սկսեց վերեւից ներքեւ փոխվել` սկսած Ելցինից, որ տառացիորեն 2-3 տարում քաղաքական դաշտում խաղաց մեծն ցինիկի եւ ավերողի դեր, մինչեւ կուսակցական նոմենկլատուրայի փակ խանութների քննադատը, «500 օրվա պլանը», «ընտանիքի գլխավորի» սեփականաշնորհումը եւ մինչեւ նրա կառավարության վերջին չինովնիկը: Նրանք բոլորը շտապում էին, գոռում, փսփսում, որ պետք է հարստանալ: Եվ իրենք էլ հարստանում էին: Իսկ Չեչնիայում հրահրված պատերազմը խորացրեց շատ ռուսների առանց այդ էլ ճնշված ազգային ինքնագիտակցությունը, քանզի հարստացածների մեծամասնությունը ռուսներ չէին, եւ հարստության մեծ մասը հայտնվել էր արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Մերձավոր Արեւելքում: Պարզվեց, որ քրեական են բոլորը, եւ «օրենքով գողերը» գլուխ բարձրացրին` նույնպես ցանկանալով հաստատվել ֆինանսաարդյունաբերական երկնակամարում` Ելցինի մերձավոր չինովնիկների հետ միասին: Իրականում, սակայն, այդպես չեղավ: Միամիտ խորհրդային մարդկանց բորբոքված երեւակայությունը բոլորին նետեց «իրական բիզնեսի» գիրկը. դա շոկային թերապիա էր: Ժողովրդավարական բարեփոխումների ղեկավարները պնդում էին, որ եթե Արեւմուտքը «ժողովրդավարության ուղին անցել է մի քանի հարյուրամյակում, ապա Ռուսաստանն այն կանցնի մի քանի տարում: Չէ՞ որ մենք` ռուսներս, յուրահատուկ ենք»: Դա, բնականաբար, մեծ մոլորություն էր, գուցե եւ գիտակցված խաբեություն: Ահա եւ հասարակությունը սկսում է փնտրել այդպիսի շան կյանքի, այդպիսի չլսված խաբեության ամենապարզ պատճառները, եւ, որպես կանոն, «քավության նոխազ» որոնում: Ու գտնում է: Ցանկացած ռուսաստանյան քաղաքի ցանկացած շուկայում ռուսաստանցիները բախվում են ադրբեջանցիների ու տաջիկների, կովկասցիների, կորեացիների, չինացիների կամ վիետնամցիների հետ… Կամ պարզապես «սեւամազների», «կովկասյան ազգության դեմքերի», «շեղաչքավորների», «չուչմեկների», իսկ վերջում հայտնվում են նաեւ «խաչիկները»: Հայտնվեցին այսպես կոչված օլիգարխները` բանկիրներ, խոշոր գործարանների ու կոնցեռնների, նավթահանքերի տերեր… Անմիջապես սկսվեց հակասեմիտիզմի ալիքը: Այս ամենը լավ աշխատող մեխանիզմի նման ձեւավորեց ռուս հասարակությունը` դրանից բխող իր բոլոր հետեւանքներով: Այդ «թշնամի հայտարարվածների» ներսում սկսվեց աշխատանք տարվել` որեւէ ձեւով իրենց արդարացնելու կամ իրենց անվտանգությունն ապահովելու համար: Հրեական համայնքը ամենահզորը դուրս եկավ, ամենալավ պատրաստվածը թե՛ իրավական ու քաղաքական, թե՛ գործնական տեսակետից: Ռուսաստանի հայերը, ինչպես միշտ, համախմբվեցին բիզնեսմենների մի փոքր խմբի շուրջ, որոնք կֆինանսավորեին այդ նախաձեռնությունը: Իսկ իբրեւ ինտելեկտուալ միջուկ վերցրին ամենամիջակ եւ հենց այդպիսի Ռուսաստանում համայնքի խնդիրներից չհասկացող մարդկանց: Մի կիսագրագետ բիզնեսմենին փոխարինելու եկավ մյուսը, ավելի սրտացավ, սակայն ոչ պակաս ամբիցիոզ, որը նույն սխալներն է թույլ տալիս: Իսկ կազմակերպության ինտելեկտուալ միջուկը մնաց նախկինը` ազգամիջյան քաղաքականության մասին պրիմիտիվ պատկերացումներով: Եվ իրական փոփոխություններ տեղի չունեցան: Հայերի համաշխարհային կոնգրեսի (ՀՀԿ) ղեկավարության եւ խոշոր կապիտալի, նրա ինտելեկտուալ վերնախավի կողմից բացարձակապես անտաղանդ կերպով ընկալվեց ՌԴ նախագահ Վլ.Պուտինի ներկայությունն ու ելույթը: Այո, հայերը չհասկացան ՌԴ նախագահի սպասողական ռազմավարությունը, քանի որ, ինչպես ցույց տվեց կյանքը, Կոնգրեսի ղեկավարության համար ավելի կարեւոր էին մանր հաջողությունները, քան աշխարհում հայերի տեղի եւ դերի ըմբռնման իրական հեռանկարները: Դա կարող էր շրջադարձային լինել համայն հայության համար: Սակայն դա տեղի չունեցավ:

Այդ ժամանակ արդեն հայտնվեց «կովկասյան ազգության դեմք» արտահայտությունը, որը մտավ կյանք եւ հաստատվեց` իր մեջ ներառելով նաեւ հայերին: Իբրեւ ի՞նչ կամ ի հակակշիռ ինչի՞ է դա կյանքի կոչվել: Եվ ինչո՞ւ եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում կամ որեւէ այլ երկրում ապրող հայերին ոչ միայն հարգում են, այլեւ բարձր գնահատում, իսկ ՌԴ-ում, որին նրանք տվել են իրենց ողջ տաղանդը, աշխատասիրությունը, մասնակցել շատ պատերազմների` հավատարմորեն ծառայելով եւ բարձր պահելով ռուսական զենքի փառքը, այդքան սեր ու էներգիա են ներդրել Ռուսաստանի բարգավաճման գործում, հանկարծ դարձան մերժյալներ: Ո՞ւմ է պետք նման «շնորհակալությունը»:

Օրինակ. բոլորին հայտնի է, որ քրիստոնյա Ռուսաստանի ակունքներում ռուսների հետ միասին կանգնած են եղել նաեւ հայերը, որոնց ջանքերը քրիստոնեացման գործում արդյունավետ են եղել: Զուր չէին հայերի ջանքերը` Կովկասի լեռնեցիներին քաղաքակրթությանը մոտեցնելու գործում, որ, ինչքան էլ տարօրինակ է, իրականացնում էր ռուսական պետությունը:*** Այո, հենց հայերն էին ընդունելի փոխզիջում այն ժողովուրդների համար, որոնց շահերը հայերը պաշտպանում էին, ինչպես եւ ռուսական պետության շահերն այդ բարդագույն տարածաշրջանում, որ կոչվում էր Կովկաս: Հայերն ամբողջությամբ վարձահատույց են եղել Ռուսաստանին սեփական անկախ պետությունը ստեղծելու համար: Իսկ ի՞նչ են արել մյուս ազգերը, հատկապես նրանք, որոնք Ռուսաստանի շնորհիվ առաջին անգամ պետականություն են ձեռք բերել կամ հայտնվել են այն սահմաններում ու հողերում, որոնք իրականում երբեք իրենց չեն պատկանել: Կոմունիստական կարգախոսների եւ արյունոտ մանիպուլյացիաների խելահեղ փոթորիկը ստեղծեց մի այնպիսի իրավիճակ, որը հիմա ալեկոծում է ողջ նախկին խորհրդային Անդրկովկասը: Եվ վերջում, մի հարց՝ ինչո՞ւ հայերը դարձան կովկասցի, այն դեպքում, որ երբեք չեն եղել:

6. Ինչպիսի՞ երկիր կարող է դառնալ Ռուսաստանը, ասենք, մի քսան տարի անց: Քրիստոնյա-աշխարհի՞կ կմնա, թե՞ կվերածվի ազատական-մուսուլմանականի: Խորհրդային ժամանակաշրջանում գաղափարախոսություն կար, որը վերացնում էր բոլոր կրոնների ամբիցիաները եւ ըստ իր կոմունիստական պատկերացումների` համամարդկային արժեքներ էր բերում: Բացասականն այն է, որ աթեիզմն ավելի մոտ էր քրիստոնյաներին (նրա գրկում էլ հենց ծագել էր), իսկ մուսուլմաններին կամ բուդդիստներին այն խորթ էր: Այժմ, երբ արեւմտյան քրիստոնեական քաղաքակրթությունը, որի մեջ ամբողջությամբ ցանկանում է ընդգրկվել նաեւ Ռուսաստանը, որոշակի հակասության մեջ է մտել մուսուլմանական աշխարհի հետ: Մուսուլմանական կրոնն ակտիվացել է` արեւմտյան քրիստոնեական քաղաքակրթության մեջ թերություններ եւ արատներ գտնելով: Մարդու ազատությունները, նրա իրավունքներն ու պարտականությունները` արեւմուտքի ընկալմամբ, մինչեւ վերջ մտածված չեն եւ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի կամ Կանադայի տարբեր երկրներում իրավական նորմ դառնալով` ընդունելի չեն մուսուլմանական Արեւելքի կամ Աֆրիկայի շատ երկրների համար: Ռուսաստանն իրոք մայրցամաք է` Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ ընկած, նա բարդ, բազմազան եւ բավականաչափ տոլերանտ երկիր է: Մուսուլմանական բազմազավակ հանրապետությունները կամ դրանց համայնքները խոշոր մեգապոլիսների` Մոսկվայի եւ Պետերբուրգի ներսում, ՌԴ մյուս քաղաքներում, հատկապես Ուրալից այն կողմ, որտեղ բնակվում է երկրի բնակչության ամենաքիչը 20%-ը, որոշակի սպառնալիք է քրիստոնյա ռուս ազգի համար: Իսկ եթե նրանց ավելացնենք նաեւ Կենտրոնական կամ Հարավարեւելյան Ասիայի նախկին հանրապետությունների մեծ համայնքները, ապա հասկանալի է վտանգը, որ այդ քաղաքները կամ նույնիսկ շրջանները կարող են վերածվել կամ մուսուլմանականի կամ էլ այնպիսի միջավայրի, որտեղ ռուսական տարրը հավասարապես կկիսի այդ բուն ռուսական տարածքները չինացիների, վիետնամցիների եւ մուսուլմանական ազգաբնակչության հետ: Ի դեպ, նախնական հաշվարկներով Պետերբուրգում մուսուլմանական համայնքը կազմում է մոտ 600.000 մարդ:

7.Կարելի է ենթադրել, որ ռուս ազգի ներսում, այդ թվում եւ իշխանության մեջ, կարող են հայտնվել մարդիկ, որոնք կարող են եւ պետք է մտածեն սեփական ազգային անվտանգության մասին: Սակայն հասարակության ժողովրդավարացման, բաց շուկայական հարաբերությունների այս պայմաններում, երբ ազատ մրցակցությունը որոշում է մարդու տեղը սոցիալական այս կամ այն շերտում, ռուս ազգի համար դժվար կլինի պետության ներսում պաշտպանել սեփական դիրքերը: Երիտասարդությունը հաճախ է տեսնում, որ երեկվա փախստականները` «օտարները», որոշ ժամանակ անց (նրանք չեն տեսնում ոչ նրանց զրկանքները, ոչ այն աշխատանքը, որ այդ մարդիկ ներդրել են սեփական բարեկեցության համար) դառնում են հարուստներ: Եվ եթե ուկրաինացիները կամ բելառուսներն էթնիկ առումով արագ դառնում են սոցիումի մաս, ապա, ասենք, տաջիկները, ուզբեկները, ադրբեջանցիները կամ աբխազները հայերի հետ միասին երկար ժամանակ նյարդայնացնում են հարեւաններին, ծանոթներին, անծանոթներին… Կարծում եմ` հենց այդ հանգամանքով է բացատրվում այն ձեւը (սքինհեդները), որ այս կամ այն կերպ օժանդակություն է ստանում կամ իշխանությունների, կամ հասարակության կողմից: Նկատենք, որ դա փակուղի տանող ճանապարհ է, քանզի եթե վերցնենք Արեւմտյան Եվրոպայի նույն այդ ազգայնամոլներին, ապա նրանք ապրում են միանգամայն վերահսկվող հասարակության մեջ, որը կարող է ինչ-որ բան կատարելագործել սեփական կառավարման մեխանիզմում, ինչպես դա եղավ Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած դեպքերի ժամանակ: Սակայն Ռուսաստանում ազգայնամոլության այդպիսի բռնկման բոլորովին այլ պատճառներ կան. երիտասարդությունը չի տեսնում սեփական ապագան սեփական երկրում, շատերը պարզապես անգրագետ են, ոմանք էլ միայն այդպիսի գրականություն են կարդացել: Բայց դա հիվանդագին արձագանք է, որ արտահայտվում է ծեծկռտուքով եւ սպանություններով, այդ թվում նաեւ լատինաամերիկացի ու աֆրիկացի ուսանողների դեմ ուղղված: Այսօրվա կյանքը հենց իր` Ռուսաստանի համար կարող է տխուր հետեւանքներ ունենալ:

8.Ռուսաստանը չի հասկանում, որ հայեր անկեղծորեն սիրում են եւ նրան միայն բարգավաճում են ցանկանում ոչ թե խոսքով, այլ գործով, չի հասկանում այն դրության ողջ բարդությունը, որի մեջ կարող է հայտնվել ինքը, եթե ազգամիջյան հարաբերությունները վատանան եւ անցնեն փխրուն հավասարակշռության սահմանները: Եվ այստեղ հայերի վաստակը հսկայական է: Այո, ռուսական պետության կայացման (17-20-րդ դարերում), նրա սահմանների ընդլայնման, պետական կարգի ամրապնդման, միջազգային կյանքի մեջ ներգրավվելու գործում հայերի դերն անվիճելի է: Եվ ոչ միայն Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում, էլ չենք խոսում Անդրկովկասի մասին, այլեւ Պարսկաստանի, Հնդկաստանի, արաբական աշխարհի, Եվրոպայի հետ: Անվիճելի է հայերի դերը այն ռազմական հզորության, գիտական մտքի ստեղծման գործում, որ այսօր Ռուսաստանի հպարտության եւ անվտանգության երաշխիքն են: Այնպես որ, հայերը ռուսական պետության մեջ եկվորներ չեն, այլ Ռուսաստանի հարավային տարածքներում պետություն ձեւավորող ազգ են: Ռուսաստանում ապրող ազգերից ամենամեծաքանակն են: Եվ այդ մասին պետք է հիշեն եւ Մոսկվայում, եւ Երեւանում: Սա շատ կարեւոր է ինչպես Ռուսաստանի, նրա բարգավաճման եւ ամբողջականության, այնպես էլ Հայաստանի համար: Կարդացեք Ռուսաստանի` 19-րդ դարի պատմությունը, ուշադրություն դարձրեք անգամ խորհրդային ժամանակներում շրջադարձային պահերին, եւ կտեսնեք, որ իրենց ազգային հույսերը հենց հայերին են վստահում ամենատարբեր ժողովուրդներ: Եվ սա լավ էին գիտակցում Ռուսաստանի բոլոր մեծ տիրակալները` Մեծն իշխան Վլադիմիրը, Յարոսլավ Իմաստունը, որի մայրը հայուհի էր, Իվան Ահեղը, Պետրոս Առաջինը, Մեծն Եկատերինա կայսրուհին, Ալեքսանդր Առաջինը, Նիկոլայ Առաջինը, Ալեքսանդր Երկրորդը…