Չնայած «Ազգային Միաբանության» եւ ՕԵԿ-ի միջեւ տեղի ունեցած բանավեճից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել իրար վրա այլեւս ցեխ չշպրտել, սակայն երեկ ՕԵԿ քարտուղար Հեղինե Բիշարյանը Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ խախտել է այն։ Նա Արտաշես Գեղամյանի մասին Գյումրիում մասնավորապես հայտարարել է, որ վերջինս ծախված ընդդիմություն է։ Ըստ Բիշարյանի` այս փաստը մեկ անգամ եւս ապացուցվեց Արթուր Բաղդասարյանի հետ բանավեճի ժամանակ։ Ի դեպ, ՕԵԿ քարտուղարն ակնարկել է նաեւ, որ իրենց կուսակցության ղեկավարն առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրելու է իր թեկնածությունը։