«Մեդլեննո տառապիս»

21/08/2006

Աջափնյակում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա թաղապետի ընտրություններ: Այդ պաշտոնում 3-րդ անգամ իր թեկնածությունն է դնելու գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը: Առայժմ նրա մրցակիցներն են իր նախկին տեղակալ Նորայր Գալստյանը եւ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանը: Մեր տեղեկություններով` հնարավոր է, որ Աջափնյակի թաղապետի պաշտոնում թեկնածուներ առաջադրեն նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Դաշինք» կուսակցությունները: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում մոտ 600 ձայնի տարբերությամբ Ա. Սահակյանին հաղթեց գործող թաղապետ Ա. Խաչատրյանը, որին սատարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն` իր գլխավորած «Նիգ-Ապարան» հայրենակցական միությամբ: Կարծիք կա, որ այն ժամանակ Ա. Խաչատրյանի օգտին էին աշխատում նաեւ ուժային կառույցների լծակները: «168 Ժամ»-ին Արման Սահակյանը գործող թաղապետին իր նախկին պարտությունը բացատրեց այն հանգամանքով, որ մոտ 7-8000 կրկնվող անուններ են եղել ընտրացուցակներում եւ ժամանակավոր գրանցումներ են արվել համայնքում: Այդ մարդիկ, չլինելով համայնքի բնակիչներ, ընտրել են Ա. Խաչատրյանին: Վերջինս արդեն սկսել է իր քարոզարշավը: Օրերս Ա. Խաչատրյանն իր հարցազրույցում ասել էր, թե Աջափնյակի ժողովուրդն իր կողքին է եւ, թե ժողովուրդը Սահակյաններին եւ Աղաբաբյաններին իր խոսքն է ասել՝ չընտրելով Ա. Սահակյանին: Այդ կապակցությամբ Ա. Սահակյանն ասաց. «Առայժմ թաղապետի թեկնածուների առաջադրումները դեռ չեն էլ սկսվել, վաղ է դրա մասին խոսելը, բայցեւ հասկանում եմ, թե ինչո՞ւ է գործող թաղապետը միակ մրցակից ինձ տեսնում: Ինքը բոլորից էլ լավ գիտի, թե ինչպես են ընթացել նախկին ընտրությունները, եւ այն ջղագրգիռ կեցվածքը, որ ընդունել է գործող թաղապետը, եւ այն ելույթները, որ ունենում է նա, պարտվողի կեցվածք է: Ցավում եմ, որ արդեն երրորդ անգամ այդ պաշտոնում առաջադրվող թաղապետը համայնքում իր կատարած գործերի մասին այսօր ընդամենը երեք-չորս տողով կարող է խոսել, որովհետեւ ավելին չի էլ կարող ասել: Ես այն ժամանակ` ընդունելով «պարտությունս», շարունակել եմ իմ գործունեությունն այդ համայնքում եւ, լինելով քաղաքապետի տեղակալ, հնարավորինս աջակցել եմ իմ համայնքի ժողովրդին եւ օժանդակել եմ Աջափնյակ համայնքին՝ հաշվի չառնելով, թե ով է թաղապետը: Իսկ ուրիշի ընտանիքի հարցերը քննարկելու փոխարեն` նրան առաջարկում եմ զբաղվել իր ընտանիքի պրոբլեմներով եւ համայնքի հարցերով, քանի որ նա դեռեւս երկու ամիս էլ գործող թաղապետ է: Այնպես որ, անկեղծ ասած, չէի ցանկանա նրան պատասխանել, որովհետեւ մենք բազմիցս կրկնել ենք, որ պատասխանել` նշանակում է համեմատվել»: