Մեկ ամսում` 1000 տուն

21/08/2006

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կառավարությանը հանձնարարություն է տվել՝ մինչեւ աշուն ավարտել Կոդորի շրջանի կառուցողական աշխատանքները։ Փաստորեն 1 ամսվա շրջանակում Սահակաշվիլին ուզում է մինի-քաղաք սարքել՝ 1000 տներով, ուղղաթիռների համար վայրէջքային գոտիներով եւ ընդլայնված օդանավակայանով։ Վրաստանի նախագահի խոսքերով՝ Կոդորի առաջընթացը պետք է ոչ միայն տեղացիները տեսնեն, այլ նաեւ հարեւան Աբխազիայի բնակիչները։ «Աբխազիան պետք է համոզվի, որ այն, ինչ չկարողացավ անել տարիներ շարունակ, Վրաստանի կառավարությունը արեց մեկ ամսում»,- «Նովոստի-Գրուզիա»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Մ. Սահակաշվիլին։ Նա նաեւ ավելացրել է, որ այս գործը ղեկավարող նախարարները «գլխով են պատասխանատու»։ Հիշեցնենք, որ Կոդորի արեւելյան հատվածում, որը Վրաստանի հսկողության տակ է (արեւմտյան մասն Աբխազիայի հսկողության տակ է), հուլիսի 25-27-ը Վրաստանի ռազմական ուժերը հատուկ օպերացիա ծավալեցին։ Պատճառն այն էր, որ այս շրջանում վրացական նախկին նախագահ Էմզար Կվիցիանին հայտնել էր, որ շրջանն այլեւս չի ենթարկվի վրացական իշխանություններին։