Վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե առանց ընդմիջումների առիթ ունեցա լինելու Հայաստանի եւ Ղարաբաղի հեռավոր շրջաններում։ Երկու դեպքում էլ տպավորությունն ավելի քան ճնշող էր՝ հետամնաց գյուղեր, անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայություն, գործազրկություն, պետական բյուջեից վճարվող ինչ-որ նպաստներ կամ թոշակներ, որոնք ոչ մի հարց չեն լուծում։
Յա էշը, յա իշատերը
Ինձ ապշեցրեց այդ բնակավայրերում ապրող մարդկանց անկախությունը։ Նրանք ազատ ու անկախ ապրում են իրենց հոգսերի ու թշվառության մեջ՝ ոչինչ չսպասելով ոչ տեղական եւ ոչ էլ կենտրոնական իշխանություններից։ Նրանք չեն բողոքում, չեն պահանջում իրենց բարեկեցությունը, որովհետեւ չեն տեսել այդ բանը ու չգիտեն ինչ պահանջել։ Երեւանը կամ Ստեփանակերտը նրանց համար հեռավոր արտասահմանի պես մի բան է՝ կապիտալիստական երկիր, ուր սովետի ժամանակ արգելում էին գնալ, իսկ մեր օրերում մարդիկ գնալու հնարավորություն չունեն։
Կապիտալիզմը նրանց անծանոթ է ոչ թե հեռավորության պատճառով, այլ, որովհետեւ գյուղ կա՝ խանութ չունի, գյուղ կա, որտեղ փող չի պտտվում, որ դառնա ապրանք ու հետո կրկին փող։ Եթե բախտը բերում է ու երաշտ չի լինում, կամ դաշտամկներն ու մորեխները ժամանակից շուտ չեն հնձում ու մի քիչ ցորեն է հավաքվում ու, եթե էլի բախտը բերում է, մեկը գալիս է գյուղ` ցորենը կամ մի այլ մթերք շորի ու կոշիկի դիմաց վերցնելու, ուրեմն առեւտրի նման մի բան է կատարվում այդ տարածքում։ Իսկ եթե չի գալիս… Հո չե՞ս կարող քո ցորենը հարեւանիդ ցորենի հետ փոխել կամ ցորենդ լցնել համագյուղացի մեկի ավտոմեքենայի բաքն ու գնալ շրջկենտրոն՝ առաջարկ-պահանջարկի հույժ կարեւոր գործով։
Բայց պատահում է նաեւ, որ երաշտ է լինում, կամ դաշտամուկն ու մորեխն են գալիս, եւ ամեն ինչ փչանում է աչքիդ առաջ։ Ըստ կապիտալիզմի օրենքների՝ գյուղացուն հրամայված է արտադրել եւ արտադրածն իրացնել շուկայում։ Գյուղացին չի կատարում այս հրամանը, եւ սա միակ դեպքն է, երբ նրան չեն պատժում հրամանը չկատարելու համար։ Օրինակ՝ երբ գյուղացու տղան դառնում է տասնութ տարեկան, նրան հրամայում են բանակ գնալ։ Գյուղացու տղայի մտքով էլ չի անցնում խուսափել բանակից, որովհետեւ ծառայությունը երկու տարի համեմատաբար կուշտ սնվելու եւ համեմատաբար կարգին հագնվելու հիանալի առիթ է։
Գյուղացուն հրամայում են նաեւ գույքահարկ վճարել, բայց այս դեպքում, եթե չեն էլ պատժում, ապա անպայման նեղում են, հիշեցնում, երեսով տալիս։ Մի ավանակ ունենալու համար տարեկան չորս հազար դրամ են գանձում։ Չորս հազարի տեղը չի լինի ցորեն կամ այլ մթերք տալ, չի լինի նաեւ արտասահմանում աշխատող հարազատին նամակ գրել, թե գումար ուղարկելիս՝ էշի չորս հազարն էլ նկատի ունեցիր։ Ու մինչ գյուղացին մտածում է` ո՞նց դուրս գալ էշի հարկի տակից, հեզաբարո այդ կենդանին շարունակում է քայլել պետության սեփականությունը համարվող արահետներով, ուտել պետության սեփականությունը համարվող խոտն ու կենդանական աղբով աղտոտել պետության սեփականությունը համարվող բնությունը։
Ու մինչ խեղճ այդ կենդանին անում է վերոնշյալը, մոտենում են տեղական կամ հանրապետական նշանակության ընտրությունները, եւ մի քանի ջիփերով ու մերսեդեսներով գյուղ եկած մարդիկ խոստանում են մարել էշի հարկը, եթե իշատերը ձայնը տա անհրաժեշտ թեկնածուին։ Թեկնածուն եւ նրա շրջապատի մարդիկ, իհարկե, այլ խոստումներ էլ են տալիս՝ նկատի ունենալով ընտրությունից հետո ընկած բավական երկար ժամանակահատվածը՝ այսինքն ձգձգում են խնդիրներն ընկալելն ու լուծելու փորձեր անելը՝ «յա էշը, յա իշատերը» կուռ տրամաբանությամբ։
Հանդիսությունների տուն
Հեռավոր գյուղերը բազմաթիվ խնդիրներ ունեն։ Ամենակարեւորը ոռոգման եւ խմելու ջրի խնդիրն է։ Մարդիկ դույլերը եւ այլ տարողությունները ձեռքներին քայլում են հարյուրավոր մետրեր՝ խմելու ջուր բերելու։ Ավանակ կամ ձի ունեցողները ջուրը կրում են այդ կենդանիների վրա բարձելով ավելի մեծ ծավալ ունեցող տարաներ՝ բիդոններ ու բաքեր։ Խմելու ջուրը, որ հարուստ է կենդանական ու բուսական աշխարհի անտեսանելի մասնիկներով, այսպես մի կերպ տեղ է հասնում։ Ոռոգման ջրի ծանրությանը ոչ մի ավանակ կամ ձի չի դիմանա։
Բնակավայրերն իրար կապող ճանապարհները կամ գյուղական փողոցներն այնպիսի տեսք ունեն, կարծես մարդկությունը դեռ չի հորինել ոչ կենդանական որեւէ փոխադրամիջոց։ Հետիոտն երթեւեկությունը թեեւ օգտակար է առողջության համար, բայց վնասակար է կյանքին։ Քաղցած գիշատիչների հետ հանդիպումն անխուսափելի է՝ ով ուզում ես եղիր։ Վարդենիսում մի բժշկուհի այնպես էր նկարագրում իր եւ գայլերի հանդիպումը, ասես Թումանյանի հայտնի պատմվածքն էր վերաշարադրում։
Հեռավոր գյուղերում հեռախոսը ոչ թե կապի միջոց է, այլ՝ շքեղություն։ Շատ գյուղեր չունեն հեռախոսային ցանց։ Այսինքն՝ «ԱրմենՏելի» «Եկեք խոսենք» կարգախոսը գործում է բառացիորեն։ Եթե մեկին պետք է կապվել հարեւան գյուղում ապրող բժշկուհու հետ (գայլերին հանդիպած նույն բժշկուհին է), պետք է գնա հարեւան գյուղ եւ խոսի։ Այդ ընթացքում ի՞նչ կլինի հիվանդի հետ, դա արդեն կապի ոլորտի խնդիր չէ։
Այսուհանդերձ համայնքների ղեկավարների մեծ մասը, ում հետ առիթ եմ ունեցել խոսելու, «Առաջին հերթին ի՞նչ է հարկավոր ձեր գյուղին» հարցին, առանց երկար մտածելու պատասխանում են՝ հանդիսությունների տուն։ Դա մի հաստատություն է, որտեղ կատարվում են հարսանյաց, սգո, բանակ ճանապարհելու, վերջին զանգի (եթե երկուսից ավելի շրջանավարտ կա) արարողություններ։
Տրամաբանությունն ամենուր նույնն է՝ եթե հաց չկա` պետք է գաթա ուտել։ Իսկ եթե ոչ հաց կա, ոչ էլ գաթա, պետք է առիթներ փնտրել մարդկանց հիշեցնելու, որ մենք հաղթած ժողովուրդ ենք։ Եվ եթե հաղթած ենք, ուրեմն պարտված չենք, իսկ եթե պարտված չենք, ուրեմն պետք չէ մեղավորներ փնտրել այնտեղ, որտեղ բոլորն են անմեղսունակ։