Դպրոցի կամ դպրոցական խնդիր

21/08/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Որքան էլ տարօրինակ է` օգոստոսը խիստ ուսումնական ամիս է: Տարօրինակ է, որովհետեւ սովորողներն ու ուսանողներն այս ընթացքում ըմբոշխնում են ուսումնական տարիների արանքում ընկած ամենամեծ արձակուրդը: Սակայն ճիշտ այս պահն ուսումնական հաստատությունների համար ամենակարեւորն է: Բուհերն օգոստոսին ավարտում են «ընդունելության քննություն», իսկ դպրոցները՝ «հավաքագրում» կոչվող միջոցառումները: Մեր երկրում անցկացված կրթական բարեփոխումների հետեւանքով դրանք կրթական հաստատությունների կյանքում ֆինանսական ամենակարեւոր միջոցառումներն են: Բուհերը վճարովի տեղերի համալրումով են լուծում իրենց խնդիրները: Ճիշտ նույն պատկերն է հանրակրթական դպրոցի պարագային: Այսօր գործող կարգի համաձայն` դպրոցը ֆինանսավորվում է հավաքագրած աշակերտների քանակով: Որքան շատ աշակերտ ունես՝ այնքան շատ փող ես ստանում պետբյուջեից. սա է հանրակրթական դպրոցը ֆինանսավորելու պայմանը: Այս պատճառով էլ դպրոցների ղեկավարությունը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է «մեծ» առաջին դասարան ձեւավորել: Հակառակի պես էլ, 1992-ից ծնելիությունը Հայաստանում կտրուկ նվազել է: Հիմա, երբ մեր երկիրը Բուլոնյան շարժմանը միանալու անթաքույց հավակնություններ ունի, բարեփոխումների նոր քաղաքականությամբ անցնում է 12-ամյա հանրակրթության: Արդյունքում` թույլատրվում է դպրոց ընդունել հինգ, հինգուկես տարեկան երեխաների: Այս հնարքով, սակայն, ժողովրդագրական բացասական երեւույթների դեմը չես առնի: Եթե ծնելիությունը նվազել է՝ ինչ էլ անես, նվազելու է նաեւ աշակերտների քանակը: Տրամաբանական այս պարզ եզրակացությունն ապացուցվում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ: Վերջին տարիներին անընդհատ պակասում է հանրակրթական դպրոցի առաջին դասարանցիների թվաքանակը: 2002/03 ուստարում դպրոց է գնացել մոտ 44 հազ. երեխա, 03/04 եւ 04/05 ուստարիներին՝ մոտ 40 հազար: 2005/06-ին՝ հանձնվեց 40 հազարի «բնագիծը»՝ դպրոց գնաց մոտ 39 հազար երեխա: Կրկնում եմ՝ սրանք պաշտոնական թվեր են եւ, հնարավոր է, հենց այդ պատճառով` պակաս արժանահավատ: Հիմա, երբ հստակ պարզ չէ` ո՞ր թվականին ծնված երեխաները ե՞րբ են դպրոց ընդունվում, դժվար է միանշանակ պնդել, որ առաջին դասարանցիների թիվն ուռճացված է: Ժողովրդագրության մասնագետները եւս կհամաձայնեն, որ սա դժվար է: Սակայն դժվար է մեկ տարվա կտրվածքով: Փոխարենը` երեք-չորս տարիների ընթացքում ծնվածների թիվը գումարելով` կարելի է թույլատրելի ճշտությամբ պարզել, թե վեց տարի հետո՝ չորս տարի շարունակ որքան երեխա կգնա առաջին դասարան: Թվաբանական այս պարզ գործողությունը կատարելուց հետո կհամոզվեք, որ ամեն տարի երկրում ապրող երեխաների թվից մոտ հինգ հազարից ավելի առաջին դասարանցի է դպրոց «գնում»: Այսինքն, նորածինների մահացության ցուցանիշից, արտագաղթի փաստից անկախ` Հայաստանում աշակերտների թիվը գերազանցում է ապրող երեխաների քանակը: Վերջին շրջանում իշխանությունները գերադասում են այլեւս չխոսել տարիներ շարունակ կիրառվող օպտիմալացման քաղաքականության մասին: Այն, որ այդ քաղաքականությունն այլեւս օրակարգում չէ, պարզ դարձավ նախկին նախարար Սերգո Երիցյանի հրաժարականից շատ առաջ՝ ճիշտ այն պահին, երբ պաշտոնապես հրապարակվեցին 2005/06 ուստարվա վիճակագրական տվյալները: Պարզվեց, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում «աճել» էր դպրոցականների թիվը: Եթե 04/05 ուստարում երկրորդ դասարանում սովորում էր 39,5 հազար աշակերտ, ապա նրանցից երրորդ դասարան փոխադրվեց մոտ 40 հազարը: Այսինքն, մոտ 500 աշակերտով ավելի: Ճիշտ նույն անհասկանալի մեթոդով ավելացել էր չորրորդ-ութերորդ դասարաններում սովորողների քանակը: Տրամաբանական միակ եզրակացությունն այն է, որ արդ, այսինքն՝ անցած տարի լուրջ ներգաղթ է տեղի ունեցել: Բայց այդ ներգաղթը, չգիտես ինչու, պաշտոնական վիճակագրությունը չի արձանագրել: Այս հեքիաթին դժվար թե որեւէ մեկը հավատա, եթե, իհարկե, բարձրաստիճան պաշտոնատար չէ:

Ժողովրդագրական ցուցանիշներին սովորաբար ընդունված է հավատալ: Ընդունված բառապաշարով ասած, ողջ քաղաքակիրթ մարդկությունը հավատաց մեր «Մարդահամար 2001-ի» տվյալներին: Մարդահամարի թվերի հրապարակումից հետո ժողովրդագրական շատ տվյալներ իսկապես ավելի արժանահավատ տեսք ստացան: Հրապարակվող երբեմնի 550 հազարանոց դպրոցի փոխարեն` պաշտոնական վիճակագրությանը սկսեց ներկայացնել մոտ 50-60 հազարով պակաս աշակերտ ունեցող դպրոց: Վիճակագրական այս ճշգրտումը, սակայն, չփոխեց ընդհանուր պատկերը: Ընդամենը երկու-երեք տարի անց սկսվեցին աշակերտների «հավելագրումները»:

Ընդունեք, որ պաշտոնական, թող ներվի ասել՝ ուռճացված, վիճակագրությունը ձեռնտու է բոլոր կողմերին: Այդպես դպրոցների համար Կրթության նախարարությունը բյուջեից հասանելիքից ավելի շատ փող է ստանում: Արդյունքում` դպրոցների ղեկավարությունը կարողանում է մեղմել հանրահայտ օպտիմալացման հետեւանքները: Ուսուցիչների տոտալ կրճատմանը միտված պետական քաղաքականությունը եւս, որպես հասարակական կյանքում լարում ծնող գործոն, մեղմվում է: Կարճ ասած, գոհ են բոլորը: Հայ հասարակությանը, ինչպես հարազատ իշխանություններին, թվում է, թե երկրում ժողովրդագրական նորմալ պատկեր կա: Տաշտներս լի հաց ունենք, դպրոցները` լի երեխա: Մինչդեռ ժողովրդագրական ցուցանիշները պարզ տնտեսական ցուցանիշներ չեն: Այստեղ, ի տարբերություն երկնիշ տնտեսական աճի ցուցանիշների, հասարակության գլխի տակ դրված փափուկ բարձի համար հետագայում նույն հասարակությունը թանկ կվճարի: