Որտե՞ղ են հանգստանում ազգի նվիրյալները

21/08/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հանգստացողների մեծամասնությունը նախընտրում է իր ամառային արձակուրդն անցկացնել ծովափնյա շրջաններում: Այս առումով նախկին Խորհրդային Միության հանրապետությունների քաղաքացիների համար Սեւ ծովն անփոխարինելի է: Եթե առաջ հայերը սիրում էին Սոչիում հանգստանալ, հիմա նախընտրում են Քաբուլեթին ու ծովափնյա Վրաստանի մյուս շրջանները: Սեւ ծով գնում են Հայաստանի միջին խավի ներկայացուցիչները: Միջին խավի քաղաքացիների մի մասն էլ, հիմնականում նրանք, ովքեր պաշտոնյաներ չեն, սիրում են հանգստանալ Անթալիայում: Այնտեղ եւ՛ մատչելի է, եւ՛ սպասարկումն է բարձր որակի: Այս առումով մեր Սեւանը սկսել է դիրքերը զիջել եւ կորցնել դեպի իրեն ձգվող հանգստացողների հոսքը: Չնայած պետք է նաեւ նշել, որ նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի շատ մարդ էր հանգստանում Սեւանա լճի ափին: Իսկ Հայաստանի միջինից ցածր հնարավորություններով քաղաքացիները այսպիսի հանգստի մասին չեն էլ մտածում: Նրանք բավարարվում են գոնե շաբաթ կամ կիրակի օրերին Սեւան, Գառնի, Գեղարդ կամ մեկ այլ տեղ գնալով: Իսկ աղքատ քաղաքացիները, որոնք պաշտոնական տվյալներով կազմում են մեր ազգաբնակչության մոտ 40 տոկոսը, պարզ է, նման, թեկուզ մեկօրյա շռայլություն չեն կարող թույլ տալ: Նրանք, եթե քաղաքաբնակ են, լավագույն դեպքում կգնան իրենց գյուղաբնակ հարազատների մոտ, կամ հակառակը: Արձակուրդն իրենց ուզածով անցկացնելու հնարավորություններ հիմնականում ունեն պաշտոնյաներն ու մեծահարուստները, որոնցից էլ փորձեցինք ճշտել, թե ո՞վ՝ որտե՞ղ է անցկացրել իր ամառային հանգիստը:

Մամուլից արդեն գիտենք, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանգստացել է Սեւանում, հավանաբար` իր սիրած սերֆինգն էլ քշած կլինի: Հիմա նա Սոչիում է, աշխատանքային հանդիպումներ է անցկացնում իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն, ըստ մամուլի հրապարակումների, հանգստացել է Մոնտե Կառլոյում: Ըստ այդ նույն մամուլի, Ս. Սարգսյանին որոշ ժամանակ անց միացել է նաեւ Գագիկ Ծառուկյանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ հանրապետությունում չէ, բայց թե որտե՞ղ է անցկացնում իր հանգիստը, մամուլի ծառայությունից չկարողացան պատասխանել: Բայց մեր աղբյուրները մեզ հուշեցին, որ նա Բադեն Բադենում է: Ճիշտն ասած, շատ դժվար էր պարզել, թե գործադիր իշխանության ներկայացուցիչները որտեղ են անցկացնում իրենց արձակուրդը. նրանց հեռախոսները կամ անհասանելի էին, կամ նրանք չէին պատասխանում հեռախոսազանգերին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանգստանալու է մեկնել կնոջ, երեխաների, մոր, զոքանչի եւ աներոջ հետ: ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի պատասխանատուն փոխանցեց, որ Վարդան Խաչատրյանը սիրում է հանգստանալ իր հայրենի Ջերմուկում: Ի դեպ, այս օրերին Ջերմուկում են գտնվում նաեւ Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Չի բացառվում, որ իրենց հանգիստը հիմա Ջերմուկում են անցկացնում մեր գործադիր ու օրենսդիր իշխանությունների շատ այլ ներկայացուցիչներ եւս: Նրանք այնտեղ կարող են եւ՛ հանգստանալ, եւ՛ քննարկել քաղաքական թեժ աշունը դիմավորելու հետ կապված հարցերը:

Օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ մեր զրույցը մի փոքր ավելի ընդարձակ ստացվեց: Ի տարբերություն նախարարների, պատգամավորները չէին խուսափում իրենց արձակուրդի մասին խոսելուց: ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ հանգստանալու չի գնալու, որովհետեւ տան վերանորոգմամբ է զբաղված: Տիկին Բիշարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն վերադարձել է հանգստից, նա Բուլղարիայում էր: Խաչատուր Սուքիասյանը պետք է հանգստանար Ֆրանսիայում: Հմայակ ու Հովհաննես Հովհաննիսյաններն այս տարի չեն հանգստանալու, անընդհատ աշխատելու են: Հետո էլ մեր ժողովրդի այս խեղճուկրակ վիճակը նրանց թույլ չի տալիս հանգստանալ: Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ չի կարող հանգստի մեկնել, որովհետեւ այդ հնարավորությունը չունեն նաեւ մեր ժողովրդի շատ ներկայացուցիչներ: «Ես նույնիսկ մեր ժողովրդին առաջարկում եմ պատգամավոր ընտրել նրան, ովքեր իրենց նման են ապրում եւ ոչ թե արտասահմաններում փողեր վատնում»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

Բայց պարոն Հովհաննիսյանը շաբաթը մեկ անգամ գնում է Սեւան լողալու: Ջուրը նրա տարերքն է: Ընդհանրապես մեր պաշտոնյաներն արձակուրդի ժամանակ սիրում են միայն լողալ ու կարդալ: Նրանց հետ զրույցներից տպավորություն է ստեղծվում, թե նրանք այլ բանով չեն էլ զբաղվում, ասենք՝ ձուկ բռնեն, որսի գնան, ձի քշեն կամ թեկուզ թղթախաղով տարվեն… Մանավանդ թղթախաղի նկատմամբ նրանք խիստ անհարգալից վերաբերմունք ունեն: Թղթախաղ ասելով՝ նրանք պատկերացնում են շատ փող ունենալ եւ տարվելը: Ու քանի որ մեր պաշտոնյաներից եւ ոչ մեկը, պարզվում է, շատ փող չունի, նրանք նույնիսկ բլոտ չեն խաղում: Իսկ, օրինակ, Արշակ Սադոյանն ասում է, որ հանգստանալու գնալու ոչ միայն ժամանակ չունի՝ տան հետ կապված խնդիրներ ունի, այլ՝ հնարավորություն էլ չունի: ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը մինչեւ հիմա հանգստանալու չի գնացել ոչ թե նրա համար, որ ժողովրդի ցավով է տառապում, այլ՝ «Չգիտեմ ուր գնամ: Սպասում եմ հանգստացողները վերադառնան, հարցնեմ, իմանամ՝ որտեղ է լավ, այնտեղ էլ գնամ: Ցտեսություն»,- նման հարցումներին միշտ այսպիսի օրիգինալ պատասխաններ է տալիս պարոն Գեղամյանը:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ կարծես թե չի հանգստանալու, բայցեւ չի բացառում: «Ես սիրում եմ ծով, գիրք եւ մեքենա վարել, իսկ թղթախաղով գրեթե չեմ զբաղվում: Առաջ շատ էի խաղում»,- պատասխանեց պարոն Մանուկյանը, թեեւ նրան Մոսկվայում խաղալիս տեսնողներ են եղել: Գալուստ Սահակյանն էլ է Երեւանում մնալու: Իր ասելով՝ արձակուրդներին միշտ է Երեւանում լինում: «Անհանգիստ բնավորություն ունեմ, չեմ կարող հանգստանալ»,- ասում է պարոն Սահակյանը: Իսկ ահա հանրապետական մեկ այլ պատգամավորի՝ Արմեն Աշոտյանի համար արձակուրդն ինչ-որ տեղ անցկացնելը կորցրել է իր նշանակությունը: Նա այս տարի հայր է դարձել եւ ոչ մի հաճույք այլեւս չի կարող պարոն Աշոտյանին շեղել իր որդուց:

ԱԼՄ-ից Տիգրան Կարապետյանը որոշել է համատեղել օգտակարն ու հաճելին: Նա ամեն շաբաթ գնում է Սեւան, իր հետ տանում է նաեւ հարյուրավոր մարդկանց:

«Այս շաբաթ հերթը վանաձորցիներինն է,- ասաց Կարապետիչը: -Դուք էլ եկեք մեզ հետ, հանգստացեք եւ տեսեք, թե մենք ինչպես ենք հանգստանում: Ձեզ հրավիրում եմ»:

Ու հենց այսպես էլ հանգստանում ենք: