Արմավիրի մարզի Նորակերտ գյուղը հիմնադրվել է 1959 թվականին: Նորակերտի տները ժամանակին կառուցել են գերմանացի կալանավորները, իսկ հետագայում այստեղ վերաբնակեցվել են Հայաստանի տարբեր շրջաններից եկած մարդիկ: Մոտ 1100 տնտեսություն ունեցող գյուղի բնակիչները դժգոհում են իրենց ապրելակերպից` ասելով, որ մայրաքաղաքի լրատվամիջոցները չեն այցելում գյուղ, չեն հետաքրքրվում իրենցով: «Էջմիածնի հեռուստաալիքն անգամ ոտք չի դնում էստեղ, չեն մտածում էս ժողովրդի հոգսերի մասին: Ոնց որ անապատում ապրենք, չնայած նրան, որ քաղաքին կպած ա մեր գյուղը»,- դժգոհում են նրանք: Անտարբերության մատնված իրենց վիճակն ավելի պատկերավոր ներկայացնելու համար նորակերտցիները վրդովված ասում են` «Դաժե ԱԼՄ-ն ստեղ ոտք չի դրել: Դե՛, էդքանից հետո պատկերացրա՝ ինչ մեկուսացած վիճակ ա»: Գյուղում շրջելիս արտաքուստ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Նորակերտը մյուս շրջանների գյուղերի համեմատ ավելի բարվոք վիճակում է: Իրականում, ինչպես Հայաստանի բոլոր շրջաններում, այնպես էլ այստեղ` առկա են գործազրկության, արտագաղթի, աղքատության նույն խնդիրները: Նորակերտը Երեւան քաղաքին մոտ է: Երեւանից Նորակերտ տանող միակ 205 համարի երթուղային տաքսու մեջ երբեք նստելու տեղ չի լինում, եւ այս գյուղի բնակիչները ստիպված են մինչեւ գյուղ հասնելը 40-50 րոպե «կռացած», իրար սեղմված երթեւեկել: Մեր այցելության ժամանակ մեծ քանակությամբ ուղեւորներ տեղափոխելու պատճառով երթուղային տաքսու դուռը կոտրվեց: Ստիպված եղանք հակառակ մայթից երթուղային մի տաքսիով ետ վերադառնալ եւ կրկին սպասել Նորակերտ ուղեւորվող երթուղայինին: Նորակերտ հասնելուն պես երթուղին ավարտվում է, իսկ գյուղի ծայրամասերում ապրող բնակիչները պետք է քայլելով կիլոմետրեր կտրեն, քանի որ գյուղամիջում առհասարակ տրանսպորտային որեւէ փոխադրամիջոց գոյություն չունի: «Տեսնում եք, էլի, ասֆալտն ի՞նչ ա, որ էդ էլ չեն անում: Գյուղապետն ընտրությունների ժամանակ խոստանում ա գլխավոր ճանապարհն ասֆալտապատել, ընտրվում ա, մի 5-10 մետր տեղ-տեղ ասֆալտապատում ա, իսկ մնացածն էլ թողում ա մյուս ընտրություններին, որ խոստանալու նոր բան ունենա: Մինչեւ հասնում ենք Երեւան, փոշու մեջ կորում ենք: Մեր կյանքը շատ անհետաքրքիր ա,- ասում են գյուղի երիտասարդները,- գրադարան ունեինք` վերացրին, ակումբ ունեինք` վերացրին, մենակ ընտրությունների ժամանակ ա ակումբը գործում, էն էլ` որպես ընտրատեղամաս: Ոչ մի միջոցառում, ոչ մի հետաքրքիր բան չկա: Մեզ գցում ենք Երեւան, որ մի քիչ մարդամեջ դուրս գանք: Ստեղ գործ չկա»: Գյուղի երիտասարդների մեծ մասը քոչել է Ռուսաստան, իսկ մի մասն էլ Երեւանում շինարարության վրա է աշխատում: Ասում են, որ շինարարության սեզոնն ավարտվելուն պես` «Մատներս ծծելով ձմեռը ձգում ենք մինչեւ մյուս ամառ»: Անգործությունից տղամարդիկ առավոտից իրիկուն նարդի են խաղում: Մարդկանց սրտնեղած վիճակից ու անհեռանկար վաղվա օրից հաճախ այդ խաղն ավարտվում է վիճաբանություններով ու ծեծկռտուքով: Ի տարբերություն Հայաստանի մյուս շրջանների, որտեղ գյուղացիները հիմնականում վար ու ցանքով են եկամուտ ստանում, նորակերտցիները հողի բարիքներից քիչ են օգտվում: «Մեր հողը շատ վատն ա, կավահող ա, ոչ մի բան չի կպնում: Ամեն տարի ցանում ենք հույսով, որ կկպնի, բայց անիմաստ, հողի տակի շերտը կավ ա, բան չի աճում»,- վստահեցնում է տիկին Անուշը, ով ամեն տարի այդ կավահողը մշակում է, ցանք է անում միայն նրա համար, որ չասեն` «Էս ի՞նչ անգյալ կնիկ ա: Բայց դե գիտեմ, որ չի աճելու»:
Նորակերտի մանկապարտեզն աղետի գոտու շենք է հիշեցնում, որտեղ երեխաներին ընդունում են պայմանով, որ ծնողները 3-անգամյա ուտելիքի հարցը պետք է իրենք հոգան: Երկու երեխաների մայր Սոֆյան ասում է, որ երբեք երեխաներին չի ուղարկի մանկապարտեզ, որովհետեւ շենքի պայմանները խիստ վտանգավոր են. «Որ մտնեք ներս՝ կզարմանաք, նենց վախենալու ա: Համարյա քանդված շենք ա: Զարմանում եմ, թե մարդիկ ո՞նց են ռիսկ անում երեխա ուղարկել էդ շենք: Համ էլ, եթե երեխու հետ պետք ա էդքան ուտելու բան ուղարկես` հեն ա տանը կպահես»,- ասում է նա: Նորակերտի միակ դպրոցը վերանորոգվել է ամերիկացի բարերարների շնորհիվ: Ի դեպ, գյուղում Չերեմուշկա կոչվող թաղամաս կա, որտեղ 5-6 բնակելի շենքեր կան: Այն, իբրեւ թե, «էլիտար» թաղամաս է: Չերեմուշկայի 3-4 հարկանի շենքերի արտաքին տեսքից կարելի է ենթադրել, թե այն որքանով է «էլիտար»: Շենքում կոյուղի չկա ու բնակարանների նախագծում լոգարան-զուգարան ընդհանրապես չի եղել: Նախկինում շենքերից 20-30 մետր հեռավորության վրա փայտե զուգարաններ են տեղադրված եղել, որոնք, սակայն, այժմ քանդվել են: Հարցիս, թե այդ շենքերում զուգարանների բացակայության պայմաններում բնակիչները որտե՞ղ են հոգում իրենց կարիքները, նրանք պատասխանեցին` «Որտեղ պատահի»:
Սիրիահայ երեք քույրերի պատմությունը
Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչներն ասում են, որ գյուղի ամենաթշվառ ընտանիքը Սեյրան, Սրբուհի եւ Վարդանուշ 3 քույրերի ընտանիքն է: Նրանք գրեթե չեն շփվում գյուղացիների հետ: Ինձ ուղեկցում են 3 քույրերի տուն, ովքեր թեեւ աղքատության մեջ են ապրում, այնուամենայնիվ, շատ հյուրընկալ ու բարեհամբույր են: Ասում են, որ իրենք անտեր-անտիրական են, հարազատներ չունեն, իսկ Հայաստանն ու հայերին չեն սիրում: «Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ինչի՞ կեղծավորություն անեմ, չեմ սիրում, որովհետեւ՝ ինչ եկանք Հայաստան, մեր գլխավերեւում պետություն չզգացինք, մեր դժբախտությունները սկիզբ առան»,- ասում է Սեյրան տատը, ում անունը Սիրիայում են կնքել եւ այնտեղ Սեյրանը կնոջ անուն է համարվում: Նրանց հայրն Արեւմտյան Հայաստանում է ծնվել եւ 1943թ. գաղթել է Սիրիա: Երեք այս քույրերը Սիրիայի Ղամշլիի շրջանի Հիմո գյուղում են ծնվել, որտեղ հիմնականում բնակվել են հայերը, թուրքերն ու քրդերը: Ասում են, որ քրդերի ու թուրքերի հետ հարազատների պես են ապրել եւ մշտապես բոլոր հարցերում իրար օգնել են: 1965թ. Երեւանի Ներգաղթի կոմիտեի ներկայացուցիչներն այցելելով նրանց բնակավայր` առաջարկել են գալ Հայաստան` վստահեցնելով, որ իրենց կապահովեն բնակարանով, աշխատանքով, կեցության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: «Մեզ ասեցին` տունն ամեն ինչով պատրաստ ա: Մայրս մահացել էր քաղցկեղից, իսկ հայրս շատ հայրենասեր էր, մեզ ասում էր, որ պիտի Հայաստանում ապրենք, հայկական կրթություն ստանանք: Երեք քույրերով հորս հետ համաձայնեցինք, իսկ մեր միակ եղբայրը հորս դեմ ելավ ու ասեց, որ ինքը չի գա: Կռիվ-դավի սկսվեց»,- պատմում է քույրերից միջնեկը` Սրբուհին: 1965թ. Լատակի նավահանգստով սիրիահայերի 15-20 հոգանոց խմբին տեղափոխել են Բաթումի, այնուհետեւ բնակեցրել են Նորակերտ գյուղում: Սակայն այդ խմբից այսօր Նորակերտում մնացել են միայն այս երեք քույրերը, իսկ մյուս սիրիահայերը կարողացել են իրենց կեցությունն ապահովել առավել բարվոք պայմաններում: Բնակվում են քոթեջի նման տան մեջ, որտեղ, սակայն, նույն շենքում 4 ընտանիք է ապրում: «Բերեցին անտեր-անտիրական բրախեցին: Ախպերս ստեղ շատ էր տանջվում, ուզում էր հետ գնար Սիրիա, բայց չէին թողում: Հորս մահից հետո դժբախտություններից շունչ չենք քաշել: Կոմունիստների ժամանակ մենք սովխոզում էինք աշխատում, իսկ ախպերս չէր աշխատում: Անընդհատ նեղում էին, էն վախտ խիստ էր, հետեւում էին իրան ու ստիպում էին, որ աշխատեր: Շատ էր նեղվում, որ չի կարողանում հետ գնալ Սիրիա: Մի օր ներվայնությունից էն Լենինի գլխով, կարմիր գույնի 10 ռուբլիանոցը ճղեց` «սիսնոյ» հարեւանները փոստում խաբար տվին: Ղեկավարությունը բռնեց-տարավ հոգեբուժարան: Ո՞նց կըլներ՝ Լենինին անարգել էր, իբր հակա էր սովետին: Ասում էին` արտասահմանից եկած են, կարողության տեր են, շպիոն են: Էնքան դեղեր սրսկեցին ու տաք, վառող երկաթը դրին մարմնին, որ ինվալիդ դառավ, շարքից հանեցին, ուղարկեցին տուն: Շիկացած երկաթը կպցնում էին ջանին, որ վախենար, դեղերը խմեր: Դարձրին անկողնային հիվանդ` ուղարկեցին, 20 տարի անկողնային հիվանդ եղբորս խնամեցինք, ու էդպես էլ Սիրիա գնալու երազանքով մեռավ»,- պատմում է Սրբուհին: Երեք քույրերն այդպես էլ չեն հարմարվել Հայաստանի պայմաններին. նրանք ասում են, որ այստեղ ամենուր խաբում, գողանում, սուտ են խոսում: «Ինչ ասում են՝ հավատում ենք, մենք, որ չենք խաբում` մտածում ենք` մեզ էլ չեն խաբի: Մի քանի հավ էինք պահում, հայաթից գիշերը մտան գողացան, բերքը գողանում են: Վախենում ենք մարդկանցից: Սիրիայում տենց չէր, մարդիկ իրար վնաս չէին տալիս, եթե կարողանում էին` օգնում էին: Էս սենյակի մեջ խեղդվում ենք: Մեզ ուրիշ ձեւ են դաստիարակել: Ախր, ինչ ասում են՝ հավատում ենք: Գիտեն, որ տանը տղամարդ չկա, մտնում են գիշերը, ինչ կա-չկա տանում են»,- ասում է Սեյրան տատն, ով ամեն բառից հետո երկար հոգոց է հանում: Թեեւ նորակերտցիները լավ ճանաչելով 3 քույրերին` վստահեցնում են, որ նրանք շփվել չեն սիրում, մշտապես փակված են իրենց տան մեջ, սակայն մեր այցելության ժամանակ քույրերն այնքան էին շոյվել, որ ասում էին՝ «Մնացե՛ք մեր տանը: Էսօր մի՛ գնացեք Երեւան, համարե՛ք, թե ձեր տունն ա»: Երեք քույրերից միայն Վարդանուշն է եղել ամուսնացած, ում ամուսինը մահացել է` երկու երեխաների խնամքը թողնելով միայնակ կնոջ վրա: Նրա տղան զինվորական ծառայության է, իսկ աղջիկը՝ Անուշիկն ուզում է բարձրագույն կրթություն ստանալ: Գերազանց գնահատականներով ավարտելով դպրոցն` ինքնուրույն եկել է Երեւան եւ ընդունվել է Հումանիտար քոլեջ: «Մենք խաբար չենք եղել, որ գործերը տարել-տվել ա: Գնահատականները նայել են, ասել են` կընդունենք, բայց դու կարա՞ս վճարումներն անես: Մենք չենք կարա, էդքան փող չունենք, բայց շատ եմ ուզում երեխես կրթություն ստանա, ինքը շատ ընդունակ, սովորող երեխա ա»,- ասում է Վարդանուշը: