1995թ. Վիկտոր Դալլաքյանն ընտրվեց ԱԺ պատգամավոր Վազգեն Սարգսյանի օգնությամբ: Այնուհետեւ, ՀՀՇ-ի շնորհիվ, դարձավ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահանջը որպեսզի չորակվեր զինվորական հեղաշրջում, անհրաժեշտ էր, որ եւ՛ մտավորականները, եւ՛ քաղաքական գործիչներն ակտիվ մասնակիցը լինեին այդ գործի: Դրա համար օրենք ընդունվեց, որով պատգամավորը կարող էր դուրս գալ խմբակցությունից եւ մտնել պատգամավորական խումբ: Օրենքի ստեղծմանը Վ. Դալլաքյանն ունեցավ ակտիվ մասնակցություն եւ կողմ քվեարկեց ընդունման ժամանակ: Որից հետո ԱԺ-ում շատերը, այդ թվում նաեւ` Վ. Դալլաքյանը, դարձան «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: Դրան հաջորդեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԱԺ ղեկավարության հրաժարականները: Հետագայում Վ. Դալլաքյանը կատարվածը որակեց հեղաշրջում եւ ջերմորեն արտահայտվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին:
Այնուհետեւ պետք էր առաջադրել Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ սպասում էին, թե ով է առաջինը ժողովրդին ապացուցելու, որ Քոչարյանի առաջադրումն օրինական է: Եվ ահա Վիկտոր Դալլաքյանն ԱԺ ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարեց, որ պաշտպանում է Ռ. Քոչարյանի թեկնածությունը: Հետագայում Դալլաքյանն ասաց, որ 1998թ. Ռ. Քոչարյանի առաջադրումն ու գրանցումը հակասահմանադրական էր:
1999թ. Վ. Դալլաքյանն ընտրվեց Աժ պատգամավոր դարձյալ Վազգեն Սարգսյանի օգնությամբ: Վերջինիս մահվանից հետո, Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ, Հանրապետական կուսակցության քվոտայով, դարձավ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ: Հրապարակայնորեն քննադատելով իշխանություններին եւ իր կուսակից ընկերներին` մինչեւ վերջին պահը մնաց այդ պաշտոնին եւ Հանրապետական կուսակցության անդամ, եւ միայն ընտրություններից առաջ տեղափոխվեց այլ ճամբար:
2002թ., այն ժամանակվա Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վ. Դալլաքյանը պաշտպանեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով ընտրական հանձնաժողովներում ՀՀ նախագահին տրվեց երեք տեղ, հանձնաժողովի դրական կարծիքը ներկայացրեց խորհրդարանին եւ կողմ քվեարկեց: Նախագահական ընտրություններից հետո, երբ ներկայացնում էր Ստեփան Դեմիրճյանի հայցը Սահմանադրական դատարանում, Վ. Դալլաքյանն ասաց, որ նախագահին տալով երեք տեղ` անհավասար պայմաններ են ստեղծվել թեկնածուների միջեւ, եւ առաջարկեց փոխել օրենքը:
2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, լինելով անկուսակցական, «Հանրապետություն» կուսակցության քվոտայով Վ. Դալլաքյանն ընդգրկվեց «Արդարություն» դաշինքի ընտրացուցակում: Դրանից բացի, «Հանրապետություն» կուսակցությունն աջակցեց նրան նաեւ մեծամասնականով ընտրվելու ժամանակ: Սակայն Դալլաքյանը սկսեց մեկը մյուսի հետեւից հարցազրույցներ տալ, որ մեն-մենակ դուրս է եկել իշխանությունների դեմ` Քոչարյանից մինչեւ Լոռու մարզի վերջին պաշտոնյան: Մեկ ամիս բոլորի ուշադրությունը սեւեռեց իր ընտրատարածքի վրա, որից հետո այնտեղ հաղթեց իր մորաքրոջ տղային՝ դրանով ապացուցելով, որ եթե անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խախտումներ եղել են, ապա չեն ազդել արդյունքների վրա` արժանին հաղթում է: Նախագահական ընտրություններից հետո նա ասում էր, որ լցոնվել է առնվազն 500 հազար քվեաթերթիկ: Եվ որպեսզի այդ կեղծիքը չբացահայտվի` նույն չափով էլ լցոնեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դժվար չէ 500 հազար քվեաթերթիկը բաժանել 56 մեծամասնական ընտրատարածքի վրա եւ ստանալ 8928: Այսինքն, եթե Վիկտոր Դալլաքյանի մրցակիցն անգամ զրո ձայն ստանար, նրա համար լցոնած քվեաթերթիկների օգնությամբ նա կհաղթեր Դալլաքյանին, քանի որ Դալլաքյանն այդ ընտրությունների ժամանակ այդ թվից նկատելիորեն պակաս ձայներ ստանալով է հաղթել:
Վիկտոր Դալլաքյանն այնուհետեւ Արամ Զ. Սարգսյանի շնորհիվ` «Հանրապետություն» կուսակցության քվոտայով, դարձավ «Արդարություն» խմբակցության քարտուղար: Իր խնդիրը լուծելուց հետո արդեն կարող էր մտածել նաեւ նախագահական ընտրությունների օրինականացման մասին: Ընտրությունների ավարտից քիչ անց տված հարցազրույցում նշեց, որ եթե ինքը լիներ Ստեփան Դեմիրճյանի փոխարեն ընդդիմության լիդերը, ապա իշխանափոխությունը տեղի կունենար: Ժողովրդի ոգեւորության այդ բարձր ալիքի պահին Ստեփան Դեմիրճյանի թշնամիներն անգամ իրենց թույլ չտվեցին այդպիսի ծանր մեղադրանք ներկայացնել նրան: Դեմիրճյանն այդ հայտարարությունը չհերքեց, դրանով ապացուցելով, որ նախագահական ընտրություններում նույնպես խախտումները չեն ազդել արդյունքի վրա` պարզապես ընդդիմության թեկնածուն էր ապաշնորհ:
Երբ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է ընդդիմադիր դաշտում ստեղծել նոր ֆորմատ եւ գնալ իշխանափոխության, Վիկտոր Դալլաքյանը փոխանակ սատար կանգներ այդ նախաձեռնությանը կամ գոնե ծայրահեղ դեպքում չեզոք մնար, շարունակաբար կրկնում էր, որ նոր ֆորմատը սխալ է` «Արդարություն» դաշինքը չպետք է պառակտել, այն դեռ անելիք ունի: Անելիք կոշիկի վերանորոգման արհեստանոցի փինաչին էլ ունի` ձեռքին կիսատ գործ կա: Խոսքն իշխանափոխություն անելու մասին է, ոչ թե անելիք ունենալու: Երեւի այդ պահին Դալլաքյանը մոռացել էր, որ իր քաղաքական կարիերայի ձեռքբերումներով մեծապես պարտական է Սարգսյանների ընտանիքին: Կամ գուցե չէր մոռացել` պարզապես, ինչպես համոզվեցիք, վարձահատույց լինելու իր պատկերացումներն են այսպիսին: Գոնե հիշեր, որ դեռ ժամանակին ինքն էր գտնում, որ Ստեփան Դեմիրճյան լիդերով ընդդիմությունը հաղթել չի կարող: Դե հիմա Դալլաքյանի վիճակը լավացել է, էլ ի՞նչ կարիք կա փոփոխության: Դալլաքյանը դաժանորեն քննադատում է օլիգարխներին, բայց մասնակցում Գագիկ Ծառուկյանի օբյեկտների բացմանը, նրա բարի գործերի մասին հարցազրույցներ է տալիս, նրան գովերգում: Նույն հաջողությամբ չզարմանաք, եթե մի օր Դալլաքյանը մասնակցի Նաիրի Հունանյանի գրքի շնորհանդեսին: Իսկ ինչո՞ւ պետք է Դալլաքյանը չսիրի Գագիկ Ծառուկյանին: Հայտնի մուլտֆիլմի հերոս «պոչտալյոն Պեչկինն» ասում էր. «Ես չար էի, որովհետեւ հեծանիվ չունեի, իսկ հիմա միանգամից բարի դարձա»: Դալլաքյանի չարությունն էլ անցավ, երբ կարողացավ քաղաքի կենտրոնում բնակարան ձեռք բերել, եվրովերանորոգում կատարել, կահավորել եւ, որ ամենակարեւորն է, օլիգարխների համազգեստից հագնել` զոլավոր կոստյում: Դե դրանից հետո իհարկե կարելի է մոռանալ նաեւ իր այն հայտարարությունները, որ այս իշխանավորների զոլավոր կոստյումները պետք է փոխարինել զոլավոր համազգեստներով եւ ուղարկել նրանց Կոշի գաղութ:
Իրեն քաղաքական գործիչ համարող Վիկտոր Դալլաքյանը հայտարարում է, որ ժամանակին դարձել է Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Սարգսյանի խնդրանքով. ոչ թե ընդունելով կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ոչ թե իր համար հոգեհարազատ էին կուսակցության գաղափարները, այլ իրեն Սպարապետը խնդրել է, ինքն էլ «խաթրը չի կոտրել»: Վազգեն Սարգսյանի մահից հետո շարունակեց օգտվել Հանրապետական կուսակցության հնարավորություններից եւ հարմար պահի անցավ այլ ճամբար: Այն ժամանակ լրագրողի հարցին, թե չի՞ պատրաստվում Հանրապետական կուսակցությունից դուրս գալուց հետո անդամակցել մեկ այլ կուսակցության, Դալլաքյանը պատասխանեց. «Ո՛չ, իմ երամն ուրիշ է»: Ո՞րն է իր երամը, ո՞ւր է թռչում եւ ե՞րբ. գիտի միայն ինքը: Իհարկե, եթե անդամագրվի որեւէ կուսակցության, ապա պետք է մասնակիցը լինի բոլոր ֆինանսական ու կազմակերպչական հոգսերի, նաեւ գործի կուսակցական կարգապահության շրջանակներում: Իսկ եթե ինքը նախաձեռնի կուսակցության հիմնադրում, ապա բարդություններն ավելի մեծ կլինեն, էլ չեմ խոսում, որ հանրությանը ծրագիր ներկայացնելուց հետո կտրուկ շրջադարձեր կատարելը դառնում է շատ դժվար: Իսկ այսպես հոգսերն ուրիշներինն են, իսկ ինքը միայն օգտվում է բոլոր կողմերից, երամն էլ պատրաստ պահում ու սպասում թռիչքի հարմար պահի: Եվ միամտաբար չկարծեք, թե Դալլաքյանն արդեն գտել է իր երամը եւ պատրաստվում է Վանուշ Խանամիրյանի ձեռքը բռնած պարելով գնալ Գագիկ Ծառուկյանի հետեւից: Կգա ժամանակը, եւ նա այդտեղից էլ կթռչի:
Հ.Գ. Խմբագրությունը պատրաստ է լսել նաեւ Վ. Դալլաքյանի տեսակետը: