Հունվարի 25-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում պետք է քննարկվի Հայաստանի մասին Ատկինսոնի զեկուցը, որը բազմաթիվ քննադատությունների արժանացավ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության որոշ քաղաքական ուժերի կողմից: Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորում է Տիգրան Թորոսյանը, խոստացել էր մինչեւ զեկույցի քննարկումը լուրջ աշխատանքներ իրականացնել ու փոփոխություններ մտցնել Ատկինսոնի զեկույցի որոշ դրույթներում, որտեղ Հայաստանին ուղղված լուրջ մեղադրանքներ կային: «Աշխատանքներ միշտ արվում են, եւ եթե շարունակական աշխատանքներ չարվեն, ապա երբեք որեւէ նախաձեռնություն չի կարող արդյունավետ լինել: Մինչ այժմ էլ բոլոր արդյունքները, որոնք ստացվել են, հետեւանք են նման աշխատանքի,- ասաց Տ. Թորոսյանը՝ հավելելով,- դրանք, բնականաբար, շարունակվելու են մինչեւ բանաձեւի ընդունումը, որից հետո պիտի աշխատանքները դարձյալ շարունակվեն հաջորդ 2006թ. զեկույցի հետ կապված: Այս զեկույցը, ցավոք, մենք ժառանգություն ստացանք Թերի Դեւիսից, որն արդեն երեք տարի է, ինչ մշակվում էր, եւ պատվիրակությունը հնարավորություն չուներ հենց սկզբից՝ զեկույցի առանցքի ձեւավորման հետ կապված որոշակի աշխատանքներ տանել, քանի որ դրանք արդեն ձեւավորված էին»: Ըստ Տ. Թորոսյանի, իրենք հիմա պետք է ամեն ինչ անեն, որպեսզի զեկույցը լինի լիարժեք հավասարակշռված, չլինեն մեղադրանքներ Հայաստանի հասցեին եւ, որ այն հետագայում որեւէ բացասական հետեւանք չունենա ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վրա: Հարցին, թե պատվիրակությունը զեկույցի հատկապես ո՞ր դրույթներում է փորձելու հասնել որոշակի խմբագրումների, Տ. Թորոսյանը պատասխանեց. «Ճիշտ չեմ համարում այստեղ խոսել փոփոխությունների մասին: Ճիշտ է դրանք ներկայացնել հենց Ստրասբուրգում եւ աշխատանքների ավարտից հետո խոսել դրանց մասին: Բայց արդեն իսկ այս տեսքով բանաձեւի նախագիծը Հայաստանին որեւէ մեղադրանք չի ներկայացնում, ի տարբերություն նախնական նախագծի, որտեղ իսկապես մի շարք կետեր կային, որտեղ Հայաստանը մեղադրվում էր եւ կոչ էր արվում զորքերը հետ քաշել գրավյալ տարածքներից: Հիմա նման ձեւակերպումներ չկան»: Ավելին, Տ. Թորոսյանի հավաստմամբ, կան մի շարք դրույթներ, որոնք եւ՛ «աննախադեպ» են հակամարտության կարգավորման այս ամբողջ ժամանակահատվածի համար, քանի որ, ըստ նրա, երբեք նախորդ որեւէ փաստաթղթում նման բան չի եղել, եւ՛ հետագա անելիքների հետ կապված: «Բայց կան մի շարք ձեւակերպումներ, որոնք ավելի ճշգրիտ, կոռեկտ լինելու անհրաժեշտություն ունեն, եւ պետք է փորձենք այդ ուղղությամբ աշխատել»,- խոստովանեց նա: