Երեւո՞ւմ է արդյոք լույսը թունելի վերջում

21/08/2006 Ալեքսանդր ԱՂԱՄԱԼՅԱՆ

Նրա բնորոշումներն են դարձել իսրայելյան բնակավայրերի զանգվածային հռթիռակոծումները, Լիբանանի քաղաքների ռմբակոծումները, ցամաքային համառ մարտերը ամեն փոքր բնակավայրի համար, եւ զանգվածային զոհերը՝ ինչպես «Հըզբոլլահի» գրոհայինների եւ իսրայելական բանակի զինվորների, այնպես էլ խաղաղ բնակչության միջեւ։ Այդ պատերազմը վերջացնելու ուղիները դեռ չեն երեւում։

Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարեց, որ Իսրայելը ժամանակավոր հրաժարվում է հարավային Լիբանանում ցամաքային օպերացիայի ընդլայնումից։ Զարմանալի է, քանզի դրանից մի քանի ժամ առաջ Իսրայելի Անվտանգության խորհուրդը որոշել էր կտրուկ ընդլայնել ցամաքային գործողությունները։ Միաժամանակ հարյուրավոր տանկեր շարժվում են դեպի հարավային Լիբանան, գրոհվում են տասնյակ բնակավայրեր, որտեղ ամրացել են «Հըզբոլլահի» գրոհայինները՝ սահմանից 6-8 կմ հեռավորության վրա։ Իսրայելի խմբավորումը հարավային Լիբանանում հասել է 40 հազար զինվորի։ Ավելի ուշ այդ հակասությունը պարզաբանվեց՝ հարցը նրանում է, որ խոսելով հետաձգման մասին, Էհուդ Օլմերտը նկատի ուներ ընդամենը մեկ օր, ինչը կարելի է միայն պրոպագանդիստական ակցիա անվանել։

Լիբանանյան արշավանքը

Լիբանա-Իսրայելյան պատերազմում սկսվել է նոր փուլ։ Իսրայելյան պլանով նախատեսվում է զորամիավորումների առաջխաղացում մինչեւ Լիտանի գետը, որ հոսում է 20-30 կմ սահմանից հեռու։ Դրանից հետո զբաղված տարածքը պետք է մեթոդաբար մաքրվի հրթիռային սարքերից եւ «Հըզբոլլահի» գրոհայիններից։ Իսրայելի իշխանությունները հայտարարում են, որ չեն ուզում պահել Լիբանանի տարածքը եւ պատրաստ կլինեն այն փոխանցել միջազգային ուժերի հսկողության տակ, կամ Լիբանանի իշխանական զորքերի հսկողության ներքո, կամ երկուսի հսկողությանը միաժամանակ, եթե այդպիսի որոշում կայացվի։ Իսրայելի զինվորականները չեն բացառում նաեւ զորքերի տեղաբաշխումը Լիտանիից հետո, քանի որ գրոհայիններն ունեն հրթիռներ, որոնք կարող են կտրել 30 կմ-անոց զոնան եւ հասնել Իսրայելի տարածք։ Օպերացիայում նկատելի դեր է հատկացված ավիացիային՝ ռազմական ինքնաթիռներին եւ ուղղաթիռներին խնդիր է դրված՝ ոչնչացնել թշնամու ամրացրած դիրքերը, պահեստները եւ ապահովել ցամաքային զորքերի առաջխաղացումը։ Հատուկ նշանակության ստորաբաժանումները դեսանտավորվելու են օդից եւ ծովից եւ անց են կացնելու հատուկ օպերացիաներ թշնամու խորը թիկունքում։ Տեխնիկայի գերակայությունը եւ ուժերի մեծ գերակշռությունը թույլ կտա իսրայելցիներին Լիտանի գետին հասնել արդեն 7-10 օրից, իսկ լիովին ավարտել օպերացիան` 4-6 շաբաթից։ Հարձակման առաջին իսկ օրը իսրայելյան ստորաբաժանումներն առաջ գնացին 6-8 կմ-ով եւ զբաղեցրին Մարջայուն քաղաքը։ Զորքերը զբաղեցնում են կարեւոր բարձունքներն ու բնակավայրերը։ Այնտեղից վերահսկողություն է հաստատվում մոտակա բուրգերի ստորոտների վրա, որտեղից «Հըզբոլլահի» գրոհայիններն արձակում են իրենց հրթիռները։ Իսրայելցիները գնահատում են օպերացիայի ընթացքը` որպես բավարար, բայց նշում են, որ թշնամին կատաղի դիմադրում է ցուցաբերում եւ շատ լավ պատրաստված է։ Բացի սովորական զենքերից, նրանք օգտագործում են ռուսական արտադրության հակատանկային կոմպլեքսներ։ Իսրայելի զինվորականները նշում են, որ Հկթ-Z9 «Վամպիր» տիպի նռնականետները, որոնք Ռուսաստանը վաճառել էր Սիրիային, հայտնվել են գրոհայինների ձեռքերում եւ մեծ սպառնալիք են ներկայացնում իսրայելյան տանկերի համար։ Գրոհայինները բաժանվում են փոքր մոբիլ խմբերի եւ հարձակվում են իսրայելյան շարասյուների վրա իրենց թաքստոցներից։ Արամական ԶԼՄ-ների միջոցով «Հըզբոլլահը» հայտնում է երկու տասնյակ այրված տանկերի մասին, սակայն, իսրայելյան կողմը հերքում է այդ տեղեկությունները։

Դիվանագիտական մարտը Լիբանանի համար

Եվրախորհրդի պառլամենտական ասամբլեան քննադատել է Իսրայելի ներխուժումը Լիբանան։ Այդ կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի կողմից ուժի ոչ պրոպորցիոնալ կիրառումը եւ հատկապես՝ հարվածները քաղաքացիական օբյեկտների վրա, բոլորովին անընդունելի է եւ հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում։

Արաբական պետությունների Լիգայի ներկայացուցիչները գնում են Նյու Յորք, որպեսզի պաշտպանեն Լիբանանի շահերը ՄԱԿ-ի բանաձեւի քննարկման ժամանակ։ Ամերիկյան եւ ֆրանսիացի դիվանագետները համաձայնեցին վերամշակել փաստաթուղթը, հաշվի առնելով Լիբանանի եւ արաբական պետությունների շահերը։ «Մեզ համար ակնհայտ է, որ այն նախագիծը, որը պիտանի չէ Լիբանանի համար, չպետք է ընդունվի»,- պարզաբանել է ՌԴ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շտկումներ է մտցրել ընդունվող բանաձեւի մեջ, որի հեղինակն է Ֆրանսիան։ Սկզբից ԱՄՆ-ը դեմ էր մի շարք փաստաթղթի կետերի, սակայն հետո կողմերը հասան «դիվանագիտական պոռթկման»։ ՌԴ-ն ՄԱԿ-ում հայտարարեց, որ ամերիկա-ֆրանսիական բանաձեւը ձախողվել է։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը ներկայացրեց սեփական բանաձեւի նախագիծ, որը նախատեսում է անհապաղ եւ լիարժեք հրադադար 72 ժամով։ Իսրայելը մերժել է 72-ժամյա՝ Ռուսաստանի կողմից առաջարկված հրադադարը։ Այդ առաջարկը կոչվել է «վատ գաղափար», որովհետեւ հրադադարը հնարավորություն կտա «Հըզբոլլահի» գրոհայիններին` վերադասավորել իրենց ուժերը։