Պիտի տեսնեն, որ ազդեն

06/05/2005

Հոկտեմբերի վերջին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիսավոր այցը
ԼՂՀ զորամասեր ընդդիմությունը որակեց որպես Ադրբեջանի հաղթանակ՝
վստահեցնելով, թե դա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Հայաստանի
իշխանությունները միջամտում են մեկ այլ պետության ներքին, այն էլ՝ բանակի
խնդիրներին: ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան
Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս հանգամանքը չի՞ բարդացնի
հունվարին ԵԽ ԽՎ-ում քննարկվելիք Հայաստանի մասին զեկույցում
փոփոխությունների անցկացնում, ինչին ի պատասխան, նա ասաց. «Չեմ կարծում,
որ սա վտանգում է այդ աշխատանքները: ԵԽ ԽՎ-ում որեւէ մեկի համար գաղտնիք
չէ, որ ԼՂՀ-ն ու Հայաստանը շատ սերտ կապեր ունեն: Հիշեցնեմ, որ դեռեւս
2001թ., երբ Հայաստանն անդամակցում էր ԵԽ-ին, պարտավորությունների մեջ կետ
կար, որ Հայաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը ԼՂՀ վրա՝ խնդրի արագ
եւ խաղաղ միջոցներով կարգավորելու տեսակետից: Եվ ակնհայտ է, որ եթե
Հայաստանը պետք է օգտագործի իր հնարավորությունները, ազդեցությունը, ապա
պետք է Հայաստանի իշխանությունները շատ լավ տեղյակ լինեն նաեւ այդ
իրավիճակին: Սա առաջին անգամն է, որ նրանց այցելել են այնտեղ»: