«Բարսելոնա»-ի եւ Բրազիլիայի հավաքականի ռմբարկու, վերջին երկու տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդինյոն չի տեսել, թե ինչպես է Աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղում Զիդանը գլխով հարվածում Մատերացցիին։ Բրազիլացին խոստովանել է, որ Ֆրանսիա-Բրազիլիա խաղում իրենց թիմի կրած պարտությունից հետո ինքը կտրվել է ամբողջ աշխարհից՝ չի դիտել հեռուստացույց, չի կարդացել ոչ մի թերթ։ Ինչ վերաբերում է Զիդանի այդ «հայտնի հարվածին», այս առիթով բրազիլացին ասել է՝ «ինձ ամենեւին հետաքրքիր չէ այդպիսի կադրեր դիտելը»։ Չնայած այս ամենին՝ Ռոնալդինյոն Զիդանին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ «Զիդանն արժանի է բոլոր այն կոչումներին, որոնց հասել է ամբողջ կարիերայի ընթացքում։ Այդ դեպքից հետո էլ իմ կարծիքը Զիդանի մասին չի փոխվել։ Միշտ չէ, որ հնարավոր է տիրապետել զգացմունքներին»,- ասել է Ռոնալդինյոն։