Արտոնյալ ռեժիմ են հաստատում

18/08/2006

Վրաստանի կառավարությունը մտադիր է սեպտեմբերին Թուրքիայի հետ ստորագրել երկու երկրների միջեւ արտոնյալ առեւտրային ռեժիմի շուրջ համաձայնագիր: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեն: «Այս տարվա հուլիսին Վրաստանն արդեն նախնական համաձայնություն էր ձեռք բերել Թուրքիայի հետ արտոնյալ առեւտրային ռեժիմի հաստատման շուրջ։ Առանձնապես կարեւոր է Վրաստանից Թուրքիա գինու արտահանման արտոնյալ ռեժիմը»,- ասել է նախարարը: Համաձայնություն է ձեռք բերվել, որ վրացական կողմին 750 հազար լիտր գինու արտահանման համար արտոնություններ կտրվեն, ինչը վրացի գինեգործներին հնարավորություն կընձեռի լիովին նվաճել հարեւան երկրի ներմուծվող գինու շուկան: Գինուց բացի, արտոնյալ սակագները կտարածվեն գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաեւ՝ վերամշակող արդյունաբերության արտադրանքի վրա: Արտոնյալ ռեժիմը նախատեսվում է գործարկել մինչեւ տարեվերջ` համապատասխան փաստաթղթերի համար բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո: Վրաստանի Վիճակագրական դեպարտամենտի տվյալներով՝ 2006 թվականի առաջին կիսամյակում Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրային շրջանառությունը կազմել է 243,8 մլն դոլար: