Ռուսները հայերի ցեղասպանության մեղսակի՞ց

18/08/2006

Apsny.ge ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ հայ պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը Ռուսաստանին մեղադրում է հայերի ցեղասպանության մեջ: «Ռուսաստանը եւ Թուրքիան հայերի ցեղասպանության հարցում հավասար մեղավոր են»,- ասել է պատմաբանը: Ըստ Ռ. Համբարձումյանի, խոսելով հայերի ցեղասպանության մասին, անպայման պետք է ասել մինչ օրս արգելված եւ նշանակալի փաստ: Մասնավորապես, ինչպես նշել է պատմաբանը, ցեղասպանությունից 30 տարի առաջ Ռուսաստանում պետական մակարդակով Գոլիցինի կողմից հնչել է «Հայաստանն առանց հայերի» լոզունգը: «Ես կհանգստանամ միայն այն ժամանակ, երբ Թբիլիսիի թանգարանում հայի խրտվիլակ դնեն, որպես ապացույց այն բանի, որ Կովկասում ինչ-որ ժամանակ հայեր են ապրել»,- ըստ Ռ. Համբարձումյանի, ասել է Գոլիցինը: Բացի այդ, պատմաբանի խոսքերով՝ 1895 թվականին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լոբանով-Ռոստոցկին քաջալերել է հայերի վերացմամբ զբաղվող թուրք սուլթանին՝ ասելով. «Վերացրեք նրանց, Ձերդ գերազանցություն, վերացրեք»: Ռ. Համբարձումյանի պնդմամբ՝ Ռուսաստանն իր ռազմավարական հետաքրքրությունների բավարարման համար միշտ օգտագործել է հայերի արյունը: Ըստ նրա, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, կարծես հայերի ցեղասպանության հարցում թուրքերին օգնելու համար, Ռուսաստանը 200 հազար հայերի ուղարկեց ռուս-գերմանական ճակատ: Պատմաբանի խոսքերով՝ 1921 թվականի մարտի 21-ի ռուս-թուրքական համաձայնագրի հիմնական նպատակը հայկական հանրապետության լիակատար վերացումն էր: «Եվ վերջապես, դուք չեք գտնի արեւելյան Հայաստանի ոչ մի գրող կամ գործիչ, որին ռուսական կառավարությունը չի հալածել կամ չի ոչնչացրել»,- հայտարարել է Ռ. Համբարձումյանը:

Ռ.Թ.