Դասընթացներ՝ ընտրակեղծիքի շուրջ

16/08/2006

ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը խիստ կասկածում է, թե իշխանությունները 2007թ. ընտրությունների ժամանակ քաղաքական կամք կցուցաբերեն եւ զերծ կմնան ընտրակեղծիքներից: Ֆ. Խաչատրյանն այս եզրահանգմանն է եկել վերջերս՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար անցկացվող դասընթացներին մասնակցելուց հետո: Երեկ այդ դասընթացներն ավարտվեցին: Ֆ. Խաչատրյանի հավաստմամբ, իշխանություններն այս դասընթացների միջոցով «հատուկ խմբեր» են ձեւավորում, որպեսզի ընտրությունների ժամանակ նրանց օգտագործեն: «Նրանք արդեն դառնում են պատանդ իշխանության ձեռքին, եւ իշխանության հանձնարարությունը կատարելու համար պետք է իրենց մարդիկ ունենան ընտրական հանձնաժողովում»,- հայտարարել է Ֆելիքս Խաչատրյանը՝ ավելացնելով, թե՝ համաձայն ԸՕ-ի, առանց այդ դասընթացների տեղամասային եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներն ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն: Ի դեպ, ՀՀ ԸՕ 100 փոփոխություններից մեկով առաջարկվում է ընտրական մեկ տեղամասում ընդգրկել առավելագույնը 1600 ընտրող, ինչը նշանակում է, որ միայն ընտրատեղամասերի քանակը կավելանա 50-60-ով: Ըստ Ֆ. Խաչատրյանի, այս առաջարկն ընդունվելու դեպքում շենքային պայմանների որոշակի դժվարություններ կստեղծվեն, քանի որ՝ համաձայն նույն օրենսգրքի, ընտրատեղամաս կարող է լինել միայն կրթական, մշակութային եւ մարզական պետական օջախում: «Արդարության» ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ մեկ այլ խնդրի. ընդդիմությունը պնդում է, որպեսզի ընտրական հանձնաժողովները ձեւավորվեն քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Բանն այն է, որ գործող ԸՕ-ով Վճռաբեկ դատարանը նույնպես նշանակում է ընտրական հանձնաժողովների անդամ, իսկ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը նման լիազորություն է ստանալու 2007-ի ընտրություններին: Չնայած ժամանակային հստակությանը, 2006-ի հուլիսին ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն արդեն 41 անդամ է նշանակել: Իսկ դրանցից մեկը, պարզվում է, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, դաշնակցական Կիմ Բալայանի որդին է՝ Դավիթ Բալայանը, որն առաջին ատյանի դատարանի դատավոր է: «Նույնկերպ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը կարող էր որոշել Դավիթ Կիմի Բալայանին նշանակել ԱՄՆ նախագահ»,- դժգոհեց Ֆ. Խաչատրյանը: