Երբ պալատականները Եկատերինա թագուհուն վախվորած ասում են, թե ժողովուրդը դժգոհ է, ուտելու հաց չունի, թագուհին անկեղծորեն զարմանում է՝ «Թող գաթա ուտեն»: Երբ ՀՀ նախագահը Ծաղկաձորում ընդունում էր ճոպանուղու հերթական գիծը, հավաքված լրագրողներին վստահեցնում էր, որ Հայաստանը տուրիզմի գոտի դարձնելու հերթական խոչընդոտներից մեկը եւս արդեն հաղթահարված է: Քանի որ Սեւանում կամ Ծաղկաձորում նախագահն իր ընտանիքի հետ հանգստանում է անվճար, այսինքն՝ հարկատուներիս հաշվին, նա թերեւս ծանոթ չէ ոչ Ծաղկաձորի, ոչ էլ Սեւանի հանգստյան տան գներին եւ, հասկանալի է, խնդիրներ չի ունենում սպասարկող անձնակազմի հետ: Հետեւաբար, կարող է իրեն թույլ տալ եւ կարծել, որ ճոպանուղու հերթական գիծը բացելուց հետո Ծաղկաձորում զբոսաշրջիկների մեծ հոսք է լինելու: Սակայն Հայաստանում տուրիզմի խթանման համար անհրաժեշտ թվացող ատրիբուտները՝ շքեղ հյուրանոցներ, զանազան լեզուների տիրապետող երկարաոտք եւ բարակիրան աղջիկներ, բնավ էլ բավական չեն՝ գայթակղելու ԱՄՆ-ից եւ Եվրոպայից Հայաստան ժամանող սփյուռքահայերին կամ այլազգիներին: Այդ մասին կարող է վկայել երբեմնի Ազգային ռադիոյի «Երեւան» ծրագրի լրագրող Աննա Հակոբյանը, որը Հայաստանից ինը տարի բացակայելուց հետո ամերիկաբնակ, սակայն ազգությամբ հայ ամուսնու՝ Սեւակ Յարալյանի եւ իր մանկահասակ աղջիկների հետ եկել էր Հայաստան՝ ամուսնուն իր պատմական հայրենիքը ցույց տալու նպատակով: Աննայի խոսքը կներկայացնենք առանց ընդհատելու եւ խմբագրման. «Հայաստանից մեկնեցի ղարաբաղյան պատերազմից հետո, սակայն այն ժամանակ քաղաքն ավելի մաքուր էր, քան հիմա: Երեւանը շատ կեղտոտ է: Ես ինձ ինը տարի մեղադրել եմ Հայաստանից հեռանալու համար, բայց հիմա, անկեղծ ասած, չեմ մեղադրում, որովհետեւ այն համատարած թշվառությունը, որ տեսա, ինձ ստիպեց մտածել, թե մնալուս դեպքում այն իմ ընտանիքին էլ կսպառնար: Ամուսնուս հետ Երեւանի փողոցներից մեկում հանդիպեցինք անդամալույծ մի կնոջ, որը մուրացկան չէր: Մենք սկսեցինք մտածել, թե այդ անդամալույծ կինն ինչ պայմաններում կապրեր ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում: Այն դեպքում, երբ Հայաստանում նրանով հետաքրքրվող ոչ մի պետական կառույց չկա: Ես Հայաստանից հեռանում եմ ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես հոգնած, հուսալքված ու տխուր: Եվ կարծում եմ՝ ովքեր թողել են Հայաստանը, դավաճաններ չեն: Նրանց մեծ մասը գնացել է՝ Հայաստանում թողած իր հարազատ-բարեկամներին ֆինանսապես օգնելու նպատակով, հավատացե՛ք: Իմ հարազատներից շատերը, կիրթ, ինտելիգենտ մարդիկ, այսօր աղքատության եզրին են: Անկեղծ ասած, իմ այցի նպատակը ամուսնուս Հայաստանը ցույց տալն էր: Եղանք նաեւ Ղարաբաղում: Եվ նկատեցի ղարաբաղցիների եւ հայաստանցիների միջեւ ընդգծված անհամաձայնություն: Պատմեմ մի դեպք. երբ Լաչինից դուրս էինք եկել եւ հասել էինք Շուշիի մոտ, մեր մեքենան փչացավ: Կանգնեցինք մի պանդոկի մոտ, որի տերը, բնականաբար, ղարաբաղցի էր: Պանդոկի աշխատակցուհուց հեռախոս խնդրեցինք. ուզում էինք մեր բարեկամներին տեղեկացնել, որ գան եւ մեզ դիմավորեն: Մեքենայի մեջ էին իմ երկու անչափահաս երեխաները: Աղջիկն ասաց, որ հեռախոս չունի՝ թեեւ խոստացել էինք վճարել: Դեռ չէինք հասցրել հեռանալ, երբ նրանց հեռախոսը զնգաց: Զգացի, որ նրա վերաբերմունքի հիմնական պատճառն այն էր, որ ես ղարաբաղցի չէի: Իսկ ղարաբաղցիների հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունքը զգացվում էր Հայաստանում: Խնդիրներ ունեցանք Վանաձոր քաղաքում: Ստացվեց այնպես, որ պետք է գիշերեինք «Գուգարք» հյուրանոցում: Ադմինիստրացիան ասաց, որ 24 ժամ լույս ու ջուր ունեն: Սակայն դրամը վերցնելուն պես՝ սենյակի ջուրն անհայտացավ. պետք է իրենց հատուկ խնդրեինք, որ նասոս կոչվածը միացնեն, որ լողանանք: Խաբվածի կարգավիճակում էինք: Ամենավատ տպավորությունը ստացանք Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցից, որի աշխատակցուհին մեզ հետ շփվում էր ռուսերենով: Մենք նրա հետ հայերեն էինք խոսում, նա մեզ ռուսերենով էր պատասխանում: 55 հազար դրամ վճարել էինք չորս տեղանոց համարում մնալու համար, իսկ սենյակում սրբիչ չկար: Երբ փորձեցինք պահանջել, հյուրանոցի մենեջերի նյարդերը չդիմացան, եւ նա սպառնաց՝ «Հեսա սրան կսպանեմ»: Սակայն իմանալով, որ մենք ոչ թե ՀՀ, այլ ԱՄՆ քաղաքացիներ ենք, զգաստացավ, ինչի համար եւս ցավ ապրեցի: Եկեք մտածենք այսպես՝ ես մի աղքատ հայաստանցի եմ, մի քանի ամիս աշխատել եմ, որ կարողանամ երեխաներիս բերել Սեւան՝ հանգստանալու: Ու հանկարծ մի տնօրեն կամ այդ հյուրանոցի մի շփացած աշխատակից այդպես է վարվում մի սովորական հայաստանցու, ՀՀ քաղաքացու հետ: Երբ նա լսեց, որ մենք ԱՄՆ քաղաքացիներ ենք, վախեցավ: Ո՛չ, ինքը պետք է վախենա ՀՀ քաղաքացիներից: Մեր ժողովուրդն օրենքով պաշտպանված չէ, եւ ես դրա համար ինձ վատ եմ զգում: Չհասկացա՝ տեսնելով մեր փողոցներում այսքան մարմնավաճառների: Ես երեւանցի աղջիկ եմ եւ ամեն ինչ հասկանում եմ, սակայն զվարճանքի օբյեկտներում, սրճարաններում տեսա 40-ն անց պուզատիներ՝ մատաղահասակ աղջիկների հետ: Նրանք ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ: Ցավում եմ, որ չտեսա իմ Երեւանը, եւ մի բանի համար եմ թերեւս ուրախ, որ ընկերներիս գտա չփոխված: Ասում են՝ տեսեք, կաֆեներ են բացվել էստե՜ղ, էնտեղ: Լավ, ա՛յ մարդ, կաֆեն ի՞նչ է: Ճարտարապետական կոթողներ են քանդվում, մտավորականների տներ են քանդվում, որ մի քանի հաստա… էլիտար շենքեր սարքեն ու հարստանան: Ինչի՞ վրա են ուրախանում: Ովքե՞ր պիտի վայելեն էդ շենքերը: Ես եկած օրից իմ ամուսնուն մի բան եմ ասում՝ էս երկրին պիտի նայես քո հոր ու մոր աչքերով: Արտասահմանում, կոնկրետ իր հայրը, շատ հայանպաստ գործունեություն է ծավալել: Այդ մարդը Հայաստանի անունը շուրթերին է մահացել: Եվ ես խնդրել եմ, որ իր մորը չներկայացնի Հայաստանի իրական վիճակը: Ուրախ եմ, որ Ամերիկայում ծնված աղջիկներս այսօր լաց են լինում եւ չեն ուզում Հայաստանից գնալ: Իմ երեխաները գեներով զգում են, որ իրենց հողի վրա են: Հա, մի դեպք էլ, որի մասին կուզեի պատմել. Խանջյան-Թումանյան խաչմերուկում մեր մեքենան կանգնեցրեց ավտոտեսուչ Հակոբյանը: Ասաց՝ հոծ գիծն ենք շրջանցել, թե՞ ինչ… Սպառնաց, թե հիմա մեքենան կտանի հրապարակ, սկսեց հոխորտալ, ասացինք՝ ախպեր ջան, ի՞նչ ա ուզածդ՝ 1000 դրա՞մ, ասաց՝ չէ՛, 5000 դրամ», քանի որ տեսավ, որ ամուսինս տեղացի չէ»: Աննա Հակոբյանն Ամերիկայում աշխատում է «Մհեր Մանուկյան» հայկական դպրոցում: «Արտասահմանում հայ երեխաները շատ հայրենասեր են: Դրսում ծնված հայ երեխաներին ծնողները նախ սովորեցնում են մի բան, նույնն էլ ես եմ իմ աղջիկներին սովորեցնում՝ իրենք հայ են, քրիստոնյա են եւ պետք է ամուսնանան հայի հետ: Պոլսահայ մի աշակերտ ունեի, որը հայերեն մի բառ չգիտեր: 17 տարեկան դժվար մի աշակերտ էր: Այդ երեխան հայատյաց էր: Իմ դասերի ընթացքում ամեն կերպ փորձում էի նրան հակել դեպի հայերենը, Հայաստանը, երբ մի օր նա ասաց՝ ես հայ եմ, եւ պիտի գնամ Հայաստան՝ այնտեղից աղջիկ ուզելու: Իմ ընկերուհներից մեկը՝ լրագրող Վարդուհի Սիմոնյանը, մի անգամ ինձ Ամերիկա զանգահարեց եւ ասաց՝ ի՜նչ է, ամուսնանալու համար Ամերիկա հասա՞ր, թող ամուսնուդ ու երեխաներիդ ու վերադարձիր Հայաստան: Ո՛չ, ես ուզում եմ բարձրաձայն ասել, որ ես Ամերիկա եմ գնացել ու փրկել եմ մի հայ երիտասարդի՝ ձուլվելուց: Ու հիմա էլ աշխատում եմ փրկել երեխաներիս: Վատ մի՛ վերաբերվեք սփյուռքահայերին: Էդ մարդիկ, հավատացեք, Հայաստանով են ապրում: Այս երկիրը նաեւ իրենցն է»: