Ամառային տապը սառեցրել է հասարակական ու տնտեսական կյանքը Հայաստանում: Մեր երկրում օգոստոսն արձակուրդների տոտալ շրջան է: Տնտեսության միայն երկու ոլորտ է աշխատում ամբողջ թափով` շինարարությունն ու գյուղատնտեսությունը: Սա իհարկե սեզոնային բացատրություն ունի: Սակայն դատելով երկրի ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներից` լրիվ թափով աշխատում է նաեւ Կենտրոնական բանկը: Տարադրամն անշեղորեն արժեզրկվում է: Ամերիկյան դոլարի փոխարժեքն այս օրերին հաղթահարեց 400 դրամի հոգեբանական ցուցանիշը: Մոտ 10 օր առաջ սկսված այս պրոցեսը մի քանի օր առաջ կարելի էր բացատրել ֆինանսական միջազգային գործընթացներով: Դոլարի միջազգային ու հայկական արժեզրկումները տարօրինակորեն համընկան: Այս շաբաթվա սկզբից միջազգային շուկայում դոլարը սկսեց արժեւորվել, մինչդեռ մեր երկրում «իներցիայով» շարունակում է գլխապտույտ անկումը: Այս ընթացքում ԿԲ-ն իր ինտերնետ սայթում հրապարակեց «ՀՀ Կենտրոնական բանկի 2006թ. մայիս. տեղեկագիրը»: Այս պաշտոնական ֆինանսական հրապարակումից հավանաբար կարելի էր տարադրամի արժեզրկման որեւէ բացատրություն գտնել: Բայց բանկային հաշվետվություններն այլ բան են ի ցույց դնում: Արդեն երեք տարի է` տարադրամը Հայաստանում արժեզրկվում է: Այս փաստից դատելով կարելի էր ենթադրել, որ երկրի բանկային համակարգն էական փոփոխություններ պիտի կրեր: Մինչդեռ մեր բանկային համակարգում ազգային դրամը համարվում է առավել ռիսկային: Բանկերը ազգային դրամով վարկեր տրամադրելու համար ավելի բարձր տոկոսադրույք են պահանջում, քան տարադրամային վարկերի համար: Ըստ ԿԲ-ի` բանկերը իրավաբանական անձանց ՀՀ դրամով մայիս ամսին վարկ են տրամադրել 15,5 տոկոսով: Իսկ տարադրամային վարկերի դիմաց պահանջել են 13,9 տոկոս: Բնակչությանը` հակառակը` ավելի էժան վարկ տրամադրել են դրամով: Բնակչությունն իր սպառողական վարկերը ստիպված է վերցնել դրամով: Զուտ այն պատճառով, որ կենցաղային ապրանքների, անշարժ գույքի ձեռքբերման վարկային մեթոդը պահանջում է բանկային գրանցում: Հետեւաբար, ըստ օրենքի` այն պիտի կատարվի ՀՀ դրամով: Օրենքի այս պահանջի եւ դրամի արժեւորման պատճառով սպառողական վարկերը լրացուցիչ եկամուտ են ապահովում բանկերին: Բնականաբար` վարկ վերցրած բնակչի հաշվին:
Ավանդների ներգրավման ցուցանիշների դիտարկումն ապացուցում է, որ բանկային համակարգում դրամով կատարվող գործառույթները համարվում են առավել ռիսկային: Հետեւաբար, տարադրամով ներգրավված ավանդների դիմաց բանկերն ավելի ցածր տոկոսադրույք են սահմանել, քան ազգային դրամի համար: ՀՀ տարածքում գործում է 21 առեւտրային բանկ: Այս տարվա մայիսին նրանք իրավաբանական անձանցից ավանդներ ՀՀ դրամով ներգրավել են 6,5 տոկոսով, դոլար` 4,5-ով: Բնակչությանը եւս ՀՀ դրամով ավելի բարձր տոկոսադրույք է խոստացվել` 5,9 տոկոս` դոլարի 4,7-ի դիմաց: Պատկերը կարծես արտառոց է: Ներգրավված ավանդի դիմաց բանկերի խոստացած տոկոսադրույքը (երբեմն` նույնիսկ ավելին) մեր ներքին շուկայում խժռում է տարադրամի արժեզրկումը: Դրամի պարագայում հակառակն է` օր օրի արժեւորվող դրամն ավելի ու ավելի թանկ է նստում բանկերի վրա: Սակայն այս ավանդների դիմաց մեր բանկերն ավելի բարձր տոկոսադրույք են առաջարկում: Այս անոմալիայի հնարավոր բացատրությունը շատ փորձագետներ համարում են երկրում տարվող ֆինանսական քաղաքականությունը: Այն իր բնույթով կոշտ է: ՀՀ կառավարությունն ու կենտրոնական բանկը խիստ վերահսկում են դրամական շուկան: Կառավարությունը տարիներ շարունակ բանկային ազատ միջոցները ներգրավում էր պետական պարտատոմսերի միջոցով: Հիմա ԿԲ-ն էլ է միացել այդ գործընթացին` սեփական պարտատոմսեր թողարկելով: Այս ու իրականացվող մի քանի այլ հնարքների միջոցով երկրի ներսում շրջանառվող դրամական զանգվածը դառնում է խիստ վերահսկելի: Իսկ առեւտրային բանկերը շարքային քաղաքացիների նման հաճախ դրամական միջոցների կարիք են ունենում: Ըստ նախօրոք հայտարարված պարտատոմսերի տեղաբաշխման գրաֆիկի` ՀՀ կառավարությունն ու ԿԲ-ն օգոստոս ամսին համապատասխանաբար վաճառքի են հանելու 4 եւ 10 մլրդ դրամի պարտատոմսեր: Դրանց տեղաբաշխման արդյունքում ուղիղ այդքան գումար` բնականաբար` դրամ, դուրս կգա շրջանառությունից: Շուկայի պարզ տրամաբանությամբ` այն կնպաստի դրամի ավելի արժեւորմանը: Սա, հնարավոր է, տպավորություն կստեղծի, թե դրամն արժեւորվում է երկրի տնտեսության զարգացման արդյունքում: Բայց բանկային վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս. թե բնակչությունը, թե իրավաբանական անձինք իրենց ազատ միջոցները բանկերում գերադասում են պահել տարադրամով: Դրամի նկատմամբ այս անվստահությունը շատ փորձագետների կարծիքով կարելի է բացատրել գնաճի գործընթացով: Առերեւույթ արժեւորվող դրամն իրականում գնաճով ինֆլյացիայի է ենթարկվում: Պաշտոնական վիճակագրությունն անցած տարի հայտարարեց, որ տեղի է ունեցել գների նվազում 0,2 տոկոսի չափով: Այս տարվա պաշտոնական վիճակագրությունն էլ այլ բան է ասում: Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ մայիսին գներն աճել են 5,6 տոկոսով: Մայիսի 31-ի ԿԲ խորհրդի նիստում արձանագրվել է, որ գնաճի ցուցանիշներն ի վերջո համապատասխանում են «տարեկան առավելագույն 3 տոկոս նպատակային ցուցանիշի ապահովման սցենարին»: Նախորդ տարիների փորձից ելնելով` կարելի է կարծել, որ մեր վիճակագիրները ԿԲ խորհրդի նման երկնիշ տնտեսական աճ ու 3 տոկոսանոց գնաճ «կնկարեն»: Սակայն տնտեսական որոշ գործընթացներ այս խնդիրն էականորեն բարդացնում են: Նախ` արդեն ամռան վերջին ամիսն է, եւ ակնհայտ է, գների անկումն ակնկալված մասշտաբները չունի: Մեր երկրի տնտեսության ողնաշարը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական տարին սովորական չէր: Ամառը մեկ ամիս շուտ սկսվեց: Գյուղատնտեսական մթերքների գներն էլ շուկայում բարձր են: Լոլիկը, ծիրանը, վարունգը, միսը եւ շատ այլ գյուղմթերքներ Հայաստանում երբեք այսքան թանկ չեն եղել: Հայրենի գյուղատնտեսությունը, կարելի է ասել, չարդարացրեց ֆինանսական իշխանությունների սպասումները: Հետեւաբար դրամի արժեւորմանը նպաստող ոչ մի քայլ հնարավոր չէ բացատրել գնաճը զսպելու միտումով: Տնտեսության ու կենցաղի բազում ոլորտների վրա բացասական ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է: