«Տեսեք,- ասում է գյումրեցի տիկին Ալվարդը` ձեռքն ուղղելով ննջասենյակի պատին, – այստեղից փողոցն է երեւում: Փակել եմ կարտոնով, բայց ձմռանն այնքան ցուրտ է, որ բաճկոններով ենք քնում»: Երկու սենյականոց բնակարանը գրեթե արեւի լույս չի տեսնում, իսկ խոնավության հոտը սովորական է դարձել բնակիչների համար:
Մահճակալը պատրաստված է ինչ-որ փայտերով, դոշակի փոխարեն մի քանի շերտ կտորներ են գցված, պատերը մետաղյա թիթեղներից են պատրաստված: Դրանք ժամանակին երկրաշարժից փլված շենքերի տանիքներն էին: Պատերին մաս-մաս պահպանված պաստառը հուշում է, որ նրանք փորձել են իրենց միջավայրը փոքր- ինչ գեղեցկացնել: «Ամենից շատ մտահոգված եմ տղայիս համար,- ասում է տիկին Ալվարդը: -Տղաս ասթմայով է հիվանդ: Բուժման միջոցներ էլ չունեմ, ամուսինս մահացել է: Չգիտեմ, ո՞նց է լինելու»: Տիկին Ալվարդը մեր զրույցի ողջ ընթացքում շոյում էր գրկում բռնած իր կատվին: «Այսպես, կենդանիներ եմ պահում, մեր նման` անօթեւան: Միգուցե Աստված տեսնի, ողորմա, մեզ էլ պահի»:
Սա եզակի դեպք չէ: Գյումրիում այսօր, այսպես կոչված, «դոմիկներում» ապրում են մոտ երեք հազար ընտանիքներ, որոնք գոյատեւում են նման պայմաններում` հուսալով, որ կառավարությունն իրենց մի օր կհատկացնի խոստացված բնակարանները: Նրանցից շատերը բնակարանի են սպասում արդեն շուրջ քսան տարի: Գյումրիում կան նաեւ մարդիկ, ովքեր պետության հաշվին ձեռք են գցել մեկ, երկու կամ նույնիսկ երեք բնակարան: Կան նաեւ մարդիկ, ովքեր` լինելով մեկ անձ, զբաղեցնում են երեք սենյականոց բնակարաններ: Մինչդեռ մյուսները ստիպված են կիսել մեկ սենյակը 6-7 հոգով: Ռիմա Ղազարյանը, օրինակ, ապրում է մենակ եւ հավակնում է երեք սենյակի: Բացի այդ, նա կորցրել է իր անօթեւանի կարգավիճակը, քանի որ մեկ այլ շենքում բնակարան է գնել: Այդ մասին են վկայում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունները: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սայաթ-Նովա 9/9 ա շենքում բնակվող 15 ընտանիքներ, ինչպես տիկին Ռիման, որոշակի բնակարանային խնդիրներ ունեն: Նրանց գործերն այսօր գտնվում են առաջին ատյանի դատարանում, սակայն մինչ օրս լուծում չեն ստացել: Գյումրիի Սայաթ-Նովա 9/9ա շենքը Հայաստանում առաջին հիփոթեքային շենքն է, որը կառուցվել է 1998-ին մի շարք ներդրողների աջակցությամբ: Շենքը բնակեցված է մասնակի, սեփականաշնորհման հարցն առկախ է: Ֆինանսների նախարարության տրամադրած վարկերը վավերացված չեն:
«Ես ցավում էի, որ շենքն անտերության է մատնված,- պատմում է կոոպերատիվի ներկա նախագահ պրն Փորսուղյանը: -Դիմումներ էի գրում, որ գան, մի բան անեն: Ամբողջ նկուղային հարկը, մոտ 40 սմ, ջրի մեջ էր: Քայքայվում էին շենքի հիմքերը: Ստիպված ինքս սառույցների ու ջրերի մեջ մտա, շենքը խոնավությունից եւ քայքայումից փրկեցի, չնայած տարիքիս` 70 տարեկանը քիչ չէ»: Պրն Փորսուղյանն իր նախաձեռնությամբ, չնչին միջոցներով շենքը դարձրել է բնակելի: Այսօր այնտեղ բնակվողների թվում է նաեւ կոոպերատիվի նախկին նախագահ Մկրտիչ Գրիգորյանը: Ինչո՞ւ նախկին նախագահ: «Քանի որ Մկրտիչ Գրիգորյանին հեռացրել են պաշտոնից` ապօրինի գործարքների համար: Պրն Գրիգորյանը օգտվելով կլոր կնիքից եւ կոոպերատիվի հաշվարկային համարից` հարյուր հազարավոր դրամների օգուտ է քաղել եւ հոգացել իր անձնական պահանջմունքները»,- պատմում է պրն Փորսուղյանը: Վերջերս ժողով է հրավիրվել, որտեղ որոշվել է պրն Գրիգորյանին կրկին նշանակել կոոպերատիվի նախագահ: «Չգիտեմ` ժողովի կազմակերպիչի նպատակն ի՞նչ էր,- վրդովված ասում է պրն Փորսուղյանը: -Ժողովն ակնհայտորեն անօրինական է: Դրան մասնակցել են 54 բնակչից 24-ը, որոնց մեծամասնությունը փայատերեր չեն: Դա գիտեն բոլորը»: Որոշումը չեղյալ համարելու նպատակով պրն Փորսուղյանը դիմել է առաջին ատյանի դատարան եւ մերժում ստացել: «Ճիշտն ասած, հավատս կորցրել եմ արդարադատության նկատմամբ, քանի որ մենք դատը շահելու բոլոր հիմքերն ունեինք: Եթե հակառակորդ կողմը մինչեւ դատավարության վերջին օրը մթագնած էր, դեմքներին ժպիտ չկար, ապա այդ օրը կարծես թե բոլորը պայծառացել էին: Այդ օրն իմացա, որ դատարանի նախագահը որոշել է, որ նրանք են իրավասու»: Կարծիք կա, որ դատավոր Հայկ Հովհաննիսյանը կամ լավ չէր պատկերացնում իր գործը, կամ էլ … ենթարկվել է որոշակի ճնշումների: Ի դեպ, դատավարությունից առաջ ահազանգեր են եղել նաեւ իրավապահ մարմինների կողմից, որպեսզի պրն Փորսուղյանը հանձնի կնիքը եւ հրաժարվի իր նախագահությունից: «Այդ բոլոր ստրեսները հասցրեցին այն բանին, որ այսօր ես, շատ հնարավոր է, դարձել եմ հաշմանդամ: Ինձ երեք ամիս ժամանակ են տվել ապաքինվելու, որից հետո ժողովը կտա ինձ` որպես նախագահի, հաշմանդամի կարգավիճակ»,- ասում է պրն Փորսուղյանը: Իսկ այն օրը, երբ կնիքը կրկին ընկնի պրն Գրիգորյանի ձեռքը, նա կհերքի ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության կողմից հայտնաբերված անձանց օրինախախտումները, եւ գործը կհամարվի փակված: Սեպտեմբերի սկզբին տեղի է ունենալու վերաքննիչ դատարանի նիստը, որտեղ քննարկվելու է ժողովի օրինականության հարցը: