Տրանսֆերներ.ո՞ւմ, ումի՞ց եւ ումո՞վ

16/08/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ԿԲ տվյալներով, 2003-2005թթ. ընթացքում դրանք աճել են միջինը 37%-ով՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 15%-ը։ Ընդ որում, այս տվյալները վերաբերում են միայն բանկային համակարգին, մինչդեռ բոլորին է հայտնի, որ գումարները Հայաստան մտնում են նաեւ այլ ճանապարհներով՝ շրջանցելով բանկային համակարգը։ Սակայն դրանց ճշգրիտ ծավալները հայտնի չեն։ Պատկերը որոշ չափով հստակեցնելու նպատակով ԿԲ-ն դրամական փոխանցումների վերաբերյալ մեծածավալ հարցում է անցկացրել։ Այն իրականացվել է «Ալֆափլաս Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության կողմից, 2006թ. փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում։ Նախաձեռնությանն աջակցել է նաեւ Համաշխարհային բանկը։ ԿԲ վիճակագրության վարչության արտաքին հատվածի վիճակագրության բաժնի պետ Կարինե Կարապետյանի խոսքերով, հարցումն իր մեծությամբ եւ ընդգրկունությամբ առաջինն է Հայաստանում։ Հարցումը ներառել է 3 ոլորտներ՝ փոխանցում ստացողներ (2000 տնային տնտեսություն), փոխանցում ուղարկողներ (2000 տնային տնտեսություններ Մոսկվայից) եւ դրամական փոխանցումների ստացմամբ եւ դրանց բաշխմամբ զբաղվող կազմակերպություններ։ Կ. Կարապետյանը նշեց, որ 2006թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին նմանատիպ հարցումներ են կատարվելու նաեւ ԱՄՆ-ում, որի արդյունքում վերլուծությունը կստանա ամբողջական տեսք։ Ինչպես նշեց «Ալֆափլասի» ներկայացուցիչը՝ հարցմանը մասնակցել են հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները՝ Հայաստանի բոլոր մարզերից։ Հարցումները կատարվել են հիմնականում «Անելիք» բանկում եւ «Յունիստրիմ» համակարգի մի քանի կետերում։

Ուղարկողները

Այժմ արդյունքների մասին, որոնք բավական հետաքրքիր են։ Սկսենք տրանսֆերտներ ուղարկողներից։

Դրամական փոխանցումների գերակշիռ մասը ստացվում է Ռուսաստանից՝ 72%-ը։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 14%։ Տրանսֆերտներ ստացվում են նաեւ Գերմանիայից, Հունաստանից եւ Ուկրաինայից, սակայն դրանց ընդհանուր ծավալը կազմում է ընդհանուր փոխանցումների մոտ 5%-ը։ Փոխանցում ուղարկողների մոտ 31%-ը սեզոնային աշխատողներ են, 69%-ը՝ արտերկրներում բնակություն հաստատած անձինք։ Հետաքրքրության է արժանի հետեւյալ դիտարկումը։ 15 տարուց ավելի արտերկրում գտնվող անձինք իրենց հարազատներին օգնելու հարցում այնքան էլ ակտիվ չեն։ Հայաստան գումար է ուղարկում նրանց ընդամենը 6%-ը։ Սակայն մյուս կողմից, այն մարդիկ, որոնք դրամական օգնություն են ուղարկում Հայաստան, վստահեցնում են, որ շարունակելու են օգնության տրամադրումը։ Այսպիսի համոզմունք են հայտնել հարցմանը մասնակցած տրանսֆերտ ուղարկողների 85%-ը։

Հետաքրքիր են նաեւ այս մարդկանց զբաղմունքին եւ եկամուտներին վերաբերող տվյալները։ Ռուսաստանում բնակվող այն մարդիկ, որոնք դրամական օգնություն են ուղարկում Հայաստանում բնակվող իրենց հարազատներին, հիմնականում աշխատում են շինարարության (47%) եւ առեւտրի (21%) ոլորտներում։ ԱՄՆ-ի համար պատկերն այլ է՝ շինարարության ոլորտում աշխատում են 6%-ը, առեւտրի ոլորտում՝ 10 տոկոսը։

Գումար ուղարկելու համար հարկավոր է նախ այդ գումարն աշխատել, հոգալ սեփական կարիքները, մի քիչ պահել նեղ օրվա համար, հետո նոր մտածել Հայաստանի մասին։ Այսինքն, ուղարկվող գումարի մեծությունը անմիջականորեն կախված է եկամտի չափից։ Այսպես, ամսական մինչեւ 500 ԱՄՆ դոլար եկամուտ ունեցողները Հայաստան են ուղարկում իրենց եկամտի 12.1%-ը։ Գումարը մեծ չէ, մանավանդ դրսի համար, եւ մեծ մասը՝ 70.7%-ը, գնում է ընթացիկ ծախսերին։ 501 1000 դոլար ստացողները դրամական օգնությանը տրամադրում են իրենց եկամտի 18.8%-ը, 1001 2500 դոլար ստացողները՝ 25.3, 2500-ից մինչեւ 5000 դոլար ստացողները՝ 36.7%-ը։ Միջինում, դրսում աշխատող եւ բնակվող մեր հայրենակիցները (խոսքը վերաբերում է փոխանցումներ ուղարկողներին), Հայաստան են ուղարկում իրենց եկամտի 27.2%-ը։ Ընթացիկ ծախսերը կազմում են 55%, իսկ հանգստի եւ զվարճանքի հարցում դրսում ապրող մեր հայրենակիցներն այնքան էլ չեն ընդարձակվում՝ միջինը 7.1%։ Ինչպես ասում են, առաջին տեղում ընտանիքն է։

Եվս մի հետաքրքիր փաստ. հարցվածների 28%-ը բացառել է, որ որեւէ պայմանով կաշխատի Հայաստանում, իսկ 44%-ը սկզբունքորեն դեմ չէ այդ մտքին, եթե ամսական աշխատավարձը կազմի 300-1000 դոլար։

Կարինե Կարապետյանի խոսքերով, տրանսֆերտների առյուծի բաժինը՝ մոտ 97%-ը, ստացվում է դոլարային տեսքով։

Ստացողները

Այժմ անդրադառնանք մեզ՝ այսինքն փոխանցում ստացողներիս։ Ինչպես ասում է Էդուարդ Աղաջանովը, «տրանսֆերտային ասեղի վրա նստած» է Հայաստանի տնային տնտեսությունների 37%-ը։

Ընդհանուր տրանսֆերտների 34%-ը ստանում են երեւանաբնակները։ Իսկ Երեւանի եւ մարզերի բնակչության՝ դրամական օգնություն ստացողների տեսակարար կշռով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է։ Արտերկրից դրամական օգնություն են ստանում այս մարզի տնային տնտեսությունների 51%-ը։ Երկրորդ տեղում Տավուշն է՝ 44%։ Արտասահմանում ապրող բարեկամների մեծահոգությունից ամենից քիչ չափով օգտվում են լոռեցիները՝ 21%։ Որոշակի առումով, այս թվերը ցույց են տալիս նաեւ արտագաղթի տեմպերը վերջին տարիների ընթացքում՝ ըստ մարզերի։ Եթե Գեղարքունիքում ավելի շատ են ստանում, քան Լոռիում, ապա կարելի է ենթադրել, որ վերջին տարիներին Գեղարքունիքից ավելի մեծ թվով մարդիկ (հիմնականում աշխատունակ տարիքի երիտասարդներ) են մեկնել արտերկիր՝ բնակվելու կամ աշխատելու նպատակով։

Ամենահետաքրքիրը, սակայն, արտերկրից դրամական օգնություն ստացող մարդկանց դասակարգումն է՝ ըստ իրենց եկամուտների։

Ինչպես գիտեք, ԿԲ-ն արտարժույթի շուկայում իր վարքագիծը (ավելի ճիշտ՝ դոլարի անկման դեմ ոչինչ չձեռնարկելը) բացատրում է հետեւյալ կերպ։ Եթե ԿԲ-ն գնի Հայաստան մտնող դոլարի որոշակի մասը՝ նրա գինը պահելու համար, դա կհանգեցնի ինֆլյացիայի։ Ինֆլյացիան, ըստ ԿԲ-ի, կազդի բոլորի գնողունակության վրա, իսկ դոլարի արժեզրկումը՝ միայն մի մասի։ Հարցման արդյունքներով, այդ մասը կազմում է բնակչության 37%-ը։

ԿԲ-ի ընդդիմախոսների հիմնական փաստարկն այն է, որ դոլարային եկամուտ ստանում են հիմնականում ցածր եկամուտ ունեցող մարդիկ, որոնց ծանր վիճակը է՛լ ավելի է ծանրանում։ ԿԲ-ն ի սկզբանե դրա հետ համաձայն չէր։ Այս առումով, հարցումը պետք է պատասխան տար նաեւ հետեւյալ հարցին՝ արտերկրից ստացվող տրանսֆերտների ո՞ր մասն է գնում աղքատ բնակչությանը։ Պատասխանն, իհարկե, կա հարցման արդյունքներում, եւ իհարկե, այն սպասելի է։ «Ծայրահեղ աղքատների եւ աղքատների մասնաբաժինը փոքր է, ընդ որում, ծայրահեղ աղքատների մասնաբաժինը չնչին է»,- ասվում է ԿԲ երեկվա մամլո հաղորդագրության մեջ։ Սա նշանակում է՝ ձեզ իզուր էիք կոտորում, դոլարի արժեզրկումը աղքատներին չի վնասում կամ վնասում է շատ չնչին չափով։

Այդ դեպքում, ովքե՞ր են ստանում դրամական փոխանցումներ։ Պատասխանը կարող եք գտնել նույն հաղորդագրության մեջ՝ «…Փոխանցումներ ստանում են հիմնականում միջին խավի մարդիկ…»։ Իսկ շարունակությունը՝ այսինքն` բացատրությունը, թե ի՞նչ է նշանակում «միջին խավ», ավելի հետաքրքիր է. «…այսինքն այն խավը, որի միջին ամսական եկամուտը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակից»։ Իսկ որպես աղքատության շեմ՝ ԿԲ-ն վերցրել է 19 հազար 373 դրամը։ Այսինքն, այն մարդիկ, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 19 հազար 373 դրամը (մոտ 50 դոլար… արդեն), հարցման աղյուսակում ներկայացված են որպես «միջին/ապահովված»։ Ի դեպ, այս ցուցանիշին հավանություն է տվել Համաշխարհային բանկը։ Հետաքրքիր է, Ռոջեր Ռոբինսոնին ինչպես կվերաբերվեին իր հայրենակիցները, եթե իմանային, որ ամսական 50 դոլար ստացող մարդուն կարելի է անվանել «ապահովված»։ Երեւի կմտածեին` հայերն ապրում են դրախտային մի երկրում, որտեղ ամեն ինչ ջրի գին ունի, եւ ամսական, ասենք, 200 դոլար վաստակելու դեպքում կարելի է լիուլի օգտվել կյանքի բոլոր հաճույքներից եւ խնայել նեղ օրվա համար։ Մեր կարծիքով, ամսական 50 դոլար ստացողներն այն միջին խավը չէ, որի մասին մի ժամանակ խոսում էր Սեյրան Ավագյանը։

Նույն արդյունքների մեջ կա մի թիվ, որն ուղղակի հակասության մեջ է մտնում «հիմնականում միջին խավ» բառակապակցության հետ։ «Դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունները ստացված միջոցների 76%-ը ծախսում են ընթացիկ սպառման կարիքների համար…»։ Եթե դրամական փոխանցում ստացողները միջին խավի, ապահովված մարդիկ են, ապա ինչպե՞ս ստացվեց, որ միջոցների 76%-ը գնաց առօրյա ծախսերին (հիմնականում սննդամթերք, կոմունալ վճարներ եւ այլն)։ Կենցաղային տեխնիկա ձեռք բերելու վրա ծախսվում է փոխանցումների 3.4%-ը, խնայողությունների վրա՝ 1.1։

«Տեղ հասցնողները»

Հարցման նպատակներից մեկն էլ եղել է՝ պարզել, թե ինչ եղանակներով են ստացվում դրամական փոխանցումները, որ մասն է իրականացվում բանկային համակարգի միջոցով, որը հատուկ կազմակերպությունների, եւ որը այլ եղանակներով։ Ըստ 2005թ. ԿԲ-ի կողմից անցկացված դոլարայնացման հարցման, բանկային համակարգով կատարվող փոխանցումները կազմել են ընդհանուր փոխանցումների 56%-ը։ Տեսակարար կշռով երկրորդ տեղում եղել է կանխիկ եղանակով դրամական օգնությունը (29%), իսկ հատուկ կազմակերպությունների միջոցով՝ 15%-ը։ Այս հարցման արդյունքները զգալիորեն տարբերվում են վերը շարադրվածից։ Այսպես, բանկային համակարգով կատարված փոխանցումները գնահատվել են 78%, կանխիկը՝ 12.5%, իսկ կազմակերպությունների տեսակարար կշիռը կազմել է 8.6%։ Ինչպես նշեցին «Ալֆափլասի» ներկայացուցիչները, դրամական փոխանցումների ստացմամբ եւ բաշխմամբ զբաղվում են մոտ 10 սուբյեկտներ, որոնք հիմնականում բեռնափոխադրման մեջ մասնագիտացած մասնավոր ընկերություններ են։ Հարցումն իրականացնողների խոսքերով, վերջիններս խուսափում էին ինֆորմացիա տրամադրելուց, սակայն համադրելով եղած նյութերը, մրցակիցների տրամադրած ինֆորմացիան, իրենք կարողացել են որոշակի պատկեր ստանալ։

Նշենք նաեւ, որ Ռուսաստանից կատարվող փոխանցումները կատարվում են հիմնականում բանկային համակարգի, իսկ ԱՄՆ-ից՝ հատուկ կազմակերպությունների միջոցով։ Դա բացատրվում է ԱՄՆ բանկային փոխանցումների բարձր սակագներով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ ԱՄՆ բանկային համակարգից փոխանցումներ իրականացնողներից պահանջվում են որոշակի փաստաթղթեր։ Իսկ մեր հայրենակիցներից շատերը, գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում բնակվում են ոչ օրինական եւ չեն կարող ներկայացնել այդ փաստաթղթերը։

Համենայնդեպս, ըստ ԿԲ մասնագետների, 78%-ը (բանկային համակարգով ստացվող տրանսֆերտներ) բավական լավ ցուցանիշ է։ Օրինակ, Մոլդովայում այդ ցուցանիշը 53% է, Ղրղըզստանում` 50%, Ալբանիայում՝ 46։

Հաշվի առնելով հարցման արդյունքներով ստացված թիվը՝ 22%, ոչ պաշտոնական ուղիներով կատարված դրամական փոխանցումները, ԿԲ-ն անցյալ տարվա տրանսֆերտների չափը գնահատել է 940 մլն դոլար։