Անասնագոմում մարդիկ են ապրում

16/08/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մրոտ ոտքերով, կեղտ ու փոշու մեջ կորած փոքրիկ Սարգիսի մերկ մարմինն արեւից խաշվում է: Անծանոթ մարդ տեսնելուն պես 3-ամյա այս երեխան թաքնվում է կիսաքանդ շինության ետեւում: Մեղմ ու թախծոտ հայացքով Սարգիսի պահվածքը փոքր-ինչ վայրի է: Նրան հաճախ ծնողները ծեծում են, բայց ոչ այն պատճառով, որ տղան չարաճճի է:

Պարզապես ծնողներն իրենց սոցիալական վատ վիճակից ու ծանր կյանքից, նյարդային գերլարվածությունից չարանում են ու այդ ամենը «ջարդում» են փոքրիկ երեխայի վրա: «Ներվային վիճակիցս երեխուն ծեծում եմ, բայց հասկանում եմ, որ երեխեն մեղավոր չի: Անճարությունից ներվայնությունս երեխու վրա եմ թափում: Հետո շատ եմ խղճում, մեղքս նենց ա գալիս: Փոշմանում եմ, նստում, գրկում ու լացում եմ»,- ասում է Սարգիսի մայրը՝ Անահիտը, ով 33 տարեկանում ինսուլտ է տարել ու մարմնի ձախակողմյան հատվածն ամբողջությամբ թուլացել է: Անահիտի աչքերը կարմրում են հուզմունքից, ու նա չի էլ փորձում իր արարքն ինչ-որ կերպ արդարացնել: Նրանց «տան» մթնոլորտը, շրջապատող պայմանները շատ ծանր են: Երեւանի Ավան համայնքում գտնվող «Play city» զվարճանքների կենտրոնից մոտ 300-400 մետր այն կողմ, ուր տեղ-տեղ շինաղբով լցված ամայի տարածք է` երկաթե կտորներով ծածկված հողե անասնագոմ կա: Այդ անասնագոմը Անահիտ ու Վարդան ամուսինների «տունն» է, որտեղ նախկինում անասուն են պահել ու որը նույնիսկ հասցե չունի: Դրսի լույսից հետո նրանց տան մթությունը կուրացնում է, որովհետեւ ամեն ինչ գորշ ու կեղտոտ է: Անասնագոմում, ուր ոչխարների փոխարեն հիմա մարդիկ են ապրում, էլեկտրականություն չկա: 10 տարի է, ինչ այդտեղ են ապրում եւ առայսօր հոսանքի երես չեն տեսել: Սարգիսը մթության մեջ է ծնվել: Գիշերները նրանք մոմ են վառում: Ծնողները հաճախ ստիպված են լինում երեխային այդ մոմի լույսից էլ զրկել՝ խաբելով, թե մոմը վերջացել է: Այդպես անում են մոմը խնայելու համար, որպեսզի հաջորդ օրվա իրիկունը Սարգիսի համար կարողանան տունը գոնե 30 րոպեով լուսավորել:

Փորձում եմ Սարգիսի հետ զրուցել, ժպտում, կատակում, հարցեր եմ տալիս: Նա չի պատասխանում, միայն շվարած նայում է դեմքիս: Լուսանկարում եմ Սարգիսին, ապա նրան փոքր-ինչ ուրախացնելու համար լուսանկարչական սարքի էկրանի վրա իր նկարներն եմ ցույց տալիս: Ապշած նայում է, կարծես ինքն իրեն առաջին անգամ է տեսնում, շփոթվում է: Ասում եմ՝ «Տեսնո՞ւմ ես` ինչ գեղեցիկ տղա ես»: Նայում է ինձ ու աչքերով կշտամբում: Բոբիկ ոտքերով տրորելով արեւից շիկացած մրոտ հողը` լուռ հեռանում է: Գոմում ապրող 3 տարեկան Սարգիսի միջի երեխան կարծես չկա:

Սարգիսի մայրը՝ Անահիտը, քաղաքավարության համար անկողնուց վեր է կենում ու ձեռնափայտով կանգնում է, բայց քանի որ ձախակողմյան հատվածը չի կարողանում կառավարել՝ ընկնում է: Ասում է՝ որպես մայր չի գտնում այն ձեւը, որով կարելի է երեխային բացատրել, որ տանն ուտելու բան չկա, որ պիտի օրերով քաղցած մնա: Ամուսինը՝ Վարդանը, օրն անցկացնում է փողոցներից, աղբարկղերից գունավոր մետաղ, հագուստ ու սննդի մնացորդներ հայթայթելով: Երեխային հաճախ կերակրում են աղբանոցներից գտած թթված, փչացած կաթով: Ամայի տարածքում մեքենաներով շինաղբ են թափում, իսկ Վարդանն այդ աղբի միջի փայտերն ու ռետինե իրերն է հավաքում՝ ձմռանը երեխային ու հիվանդ կնոջը ցրտից պաշտպանելու համար: Հարցնում եմ՝ «Էս արեւից նեխած աղբի միջի կաթը ո՞նց եք երեխային տալիս, կթունավորվի»: «Օրգանիզմը սովորել ա, ի՞նչ անենք, ասա, մի բանով պիտի փորը լցվի՞, թե՞ չէ»,- լացը կոկորդում խեղդած՝ ասում է Անահիտը: Ավան համայնքի Դուրյան թաղամասում բնակարան են ունեցել, որը 10 տարի առաջ վաճառել են՝ մտածելով հավելյալ գումարով սոցիալական ինչ-ինչ հարցեր լուծել: Անահիտի պատմելով՝ գնորդը խաբելով փաստաթղթերը ձեւակերպելուց հետո առանց գումարը տալու փախել է Ռուսաստան: Դիմել են ոստիկանություն, որ Կարեն Խաչատրյան անուն-ազգանունով մարդուն բերման ենթարկեն եւ ստիպեն վճարել: Ավելի ուշ ոստիկանությունում տեղեկացրել են, որ գործը փակելու են, քանի որ այդ անձին չեն կարողանում գտնել: «Էն դժվար տարիներն էին: Ընկանք քուչեքը, մի որոշ ժամանակ վարձով ապրեցինք, բայց անհնար էր, կանաչի վաճառելով չես կարա վարձ տաս: Եկանք, մտանք էս գոմը»,- պատմում է Անահիտը, ով գոյատեւում է ցավազրկող դեղահաբերով: Եթե օրվա մեջ 4-5 ցավազրկող դեղահաբ չօգտագործի՝ մարմնի ցավերից կխելագարվի: «Պահ ա լինում, որ ամուսինս զիբիլանոցից հաց ա գտնում: Հնարավորություն չունենք, հասկանո՞ւմ եք»,- ասում է նա: Հաշմանդամության համար 10.000 դրամ թոշակ է ստանում: Դիմել է Ավանի թաղապետարան, «Կարմիր խաչ» կազմակերպություն՝ խնդրելով չնչին օգնություն, իսկ արձագանքը եղել է այն, որ «Կարմիր խաչից» Սարգիսի համար աղջկա շորեր են տվել: «Ասեցին՝ մեզ տղայի շորեր որտեղի՞ց»,- պատմում է Անահիտը, ում ամուսինը հոգեկան հիվանդությամբ է տառապում, ու նրան աշխատանքի չեն ընդունում միայն նրա համար, որ վերջինս հիվանդության մասին փաստաթուղթը չի թաքցնում, ցույց է տալիս: Այս ամբողջ ընթացքում խոսակցությանը միայն մեկ նախադասությամբ է միջամտում Վարդանը. «Կորած մարդիկ ենք»: Ամեն օր նա 300-400 մետր տարածություն է կտրում սայլակով ջուր բերելու համար:

Վերջին անգամ մտնում եմ նրանց տուն՝ հույս ունենալով, որ 3 տարեկան Սարգիսը ներսում կլինի ու մի բան կասի, կամ մի բան կանի: Նա տանը չէր: Իսկ նրա օրորոցի սեւացած անկողնու մեջ խնամքով փաթաթված էր մի մեծ տիկնիկ: «Ինքը որ հայաթներում ա լինում, էս կուկլեն իրա տեղաշորի մեջ ա դնում»,- ասում է երեքամյա Սարգիսի մայրը՝ Անահիտը: