1. Հայաստանը ԽՍՀՄ-ում ոչ միայն ամենազարգացած հանրապետություններից մեկն էր, Խորհրդային Հայաստանը բավականին բարձր դիրքեր էր գրավում սոցիալիստական աշխարհում: Հայաստանը զարգանում էր այնպիսի տեմպերով, այնպիսի գիտատեխնիկական բազայով (հիշենք Եվրոպայում ամենամեծ արագացուցիչը կամ Հաշվիչ մեքենաների ինստիտուտը եւն), այնպիսի հիմնարար գիտությամբ, որ այլմոլորակային քաղաքակրթությունների մասին առաջին սիմպոզիումները 60-70-ականներին տեղի ունեցան հենց Հայաստանում: Այստեղ էին եկել այն ժամանակվա ամենահայտնի գիտնականները: Տարօրինակ է, որ հիմա շատերը չգիտեն, որ Հայաստանն այն քիչ երկրներից մեկն էր, որի քաղաքային բնակչությունն արագ տեմպերով աճում էր` միաժամանակ հավասարեցնելով քաղաքի եւ գյուղի կենսամակարդակը: Այն ժամանակվա խորհրդային հանրապետության երիտասարդ քաղաքները հնամենի երկիրը կապում էին աշխարհի շատ երկրների հետ` չհաշված խորհրդային հանրապետությունները: Այդ փոքրիկ քաղաք-արբանյակներում (Չարենցավան, Աբովյան, Հրազդան… այս ցուցակը կարելի է շարունակել) կառուցվեցին գործարաններ, որոնք եզակի էին ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլեւ, ասենք, Եվրոպայի կամ Ճապոնիայի համար…
2. Հայաստանը կարող է եւ պետք է ձգտի զարգանալ զարգացած, ասել է թե` արդարացի երկրների հետ համագործակցելով: Խոսելով արդարության մասին` ես նկատի ունեմ այդ երկրների քաղաքական, սոցիալական, ֆինանսատնտեսական համակարգը, որտեղ պետությունը հասկանում է սեփական քաղաքացու արժեքը եւ գնահատում նրան: Սա վերաբերում է ոչ միայն արեւմտյան քաղաքակրթության ներկայացուցիչներին` եվրոպական երկրներին, ԱՄՆ-ին կամ Կանադային, այլ նաեւ այնպիսի պետություններին, ինչպես, օրինակ, Միացյալ Արաբական Էմիրությունները, Թայվանը կամ Ճապոնիան:
3. Հայաստանը չի կարող երկար գոյատեւել իբրեւ պետություն` գտնվելով անարդար իշխանությունների ձեռքում: Ունենալով բավականին լուրջ խնդիրներ անվտանգության հարցում, այդ թվում` եւ ժողովրդագրության տեսանկյունից, Հայաստանը չի կարող ունենալ փակ եւ թույլ տնտեսություն կամ իշխանության կոռումպացված համակարգ: Այս ամենն այսօր ակնհայտ է:
4. Իշխանության ցանկացած համակարգ վաղ թե ուշ ինքնամաքրվում է` սրբագրվելով հենց կյանքի կողմից: Ճիշտ է, իբրեւ կանոն այդ ինքնամաքրման գինը չափազանց բարձր է լինում, քանզի առաջին հերթին կորչում է կյանքի ամենակարեւոր գործոնը` ժամանակը, ապա եւ մարդիկ… Այսօրվա Հայաստանը (կամ նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունը) դեպի շուկայական հարաբերությունների արդարացի համակարգ է շարժվում բավական մեծ դժվարությամբ, թեեւ մերձբալթյան պետությունները մեզանից բավականին առաջ են անցել, իսկ միջինասիականները բավականին հետ են մնում: ԱՊՀ-ն երկրների այն համագործակցությունը չէ, որտեղ Հայաստանի ժողովուրդը կարող է արդարություն գտնել` իբրեւ ընտրության չափանիշ: ԱՊՀ-ն քողարկում է ընտրությունների անարդարացի լինելը` ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական, եւ, հետեւաբար, զարգացումը տանում է այն տարօրինակ ուղիով, որը մի անգամ արդեն մերժվել է ժողովրդի կողմից` իբրեւ կեղծ ուղի: Մյուս կողմից` այդ երկրները եւ, առաջին հերթին, Ռուսաստանը, մոտ են մտածելակերպով, տնտեսակարգով, խնդիրների ընկալմամբ եւ լուծմամբ, որ նրանց առջեւ դրել էր կյանքը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Եվ այստեղ մտածելու բան ունեն ինչպես Ռուսաստանը, որը ցանկանում է շարունակել առաջնորդի դեր խաղալ, այնպես էլ մյուս երկրները: Հսկայական երկրի եւ փոքր պետության տնտեսական անվտանգությունը տարբեր բաներ են: Սա վերաբերում է եւ մյուս պարամետրերին:
5. Հայաստանի անվտանգությունը, բնականաբար, նրա ներքին եւ արտաքին շահերի հաշվեկշռվածության կարեւոր բաղադրիչն է, իսկ արեւելյան բռնակալությանը նմանվող իշխանությունը ոչ թե օգնում, այլ խանգարում է դրան: Ոչ մի անգամ ոչ առաջին, ոչ երկրորդ նախագահները չեն խորհրդակցել ժողովրդի հետ եւ հաշիվ չեն տվել նրան` իբրեւ կարեւորագույն խորհրդատուի եւ միաժամանակ ընդդիմախոսի: Սակայն պատմության մեջ նման պահեր եղել են եւ այլ ազգերի ու պետությունների կյանքում… Բայց դրանից վաղուց են ազատվել նրանք, ովքեր այժմ ապրում են բարեկեցիկ կյանքով, եւ որոնք կայուն խաղաղություն են ցանկանում ամբողջ աշխարհում: Ես առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում հյուսիսային ժողովուրդներին (նորվեգացիներ, ֆիններ, իսլանդացիներ եւն). նրանք կարող են հայ ժողովրդի համար օրինակ ծառայել արդարության որոնման գործում: Նրանք հայ ժողովրդի նման դժվարությամբ են ստեղծել սեփական ազգային պետությունը, սակայն կարողացել են հարաբերությունների այնպիսի համակարգ կառուցել` իշխանության իր ենթահամակարգով, որը հարմար է, արդարացի եւ ռացիոնալ: Նրանք այսօր բարգավաճում են ոչ միայն այն պատճառով, որ մեկը լավ նավահանգիստներ ունի, մյուսը` նավթ, այլ որովհետեւ նրանք ապրում են խղճի մտոք, պատվով, գթասրտությամբ, ապրում են մարդկանց նման: Այդ երկրներում իշխանությունը միշտ թափանցիկ է եւ հասկանում է իր ոչ ձեւական պատասխանատվությունը իր սեփական ժողովրդի, հասարակության առջեւ:
6. Հայաստանի Հանրապետության համար պետական անվտանգությունը յուրատեսակ անվտանգություն է, որը չպետք է հիմնված լինի միմիայն ուժի վրա: Օրինակ` պետական անվտանգությունը Հայաստանում շատ է տարբերվում ազգային անվտանգությունից, որը տարածվում է ողջ հայ ժողովրդի վրա: Այն երկրները, որոնց ժողովրդի մեծ մասն ապրում է երկրից դուրս, ունեն պետական անվտանգություն: Այն դեպքում, երբ ժողովրդի մեծ մասն ապրում է իր ազգային պետության ներսում, անվտանգությունը պետք է լինի ազգային: Հայերի համար, որոնց 70%-ից ավելին ապրում է սփյուռքում, ազգային անվտանգությունն իմունիտետի այլ կառույց է, քան այն, որ պետք է ունենա Հայաստանը (իրական երկիր` իրական քաղաքացիներով եւ հարեւաններով) իբրեւ պետական անվտանգություն, այլ ոչ թե ազգային, ինչպիսին հիմա գոյություն ունի: Եվ Լիբանանի այսօրվա պատերազմը դրա վառ օրինակն է: Ինչո՞վ կարող է իր հայրենակիցներին օգնել Հայաստանը:
7. Հայաստանի համար պետական անվտանգությունը պետք է բաղկացած լինի երկու բաղադրիչներից` 1պետության ուժային կառույցներ, հատուկ ծառայություններ, 2. երկրի ֆունկցիոնալ տեղը միջազգային եւ, առաջին հերթին, տարածաշրջանային համագործակցության մեջ: Հենց այս մասին էլ մի քանի խոսք: Հայաստանը, ունենալով քիչ բնական ռեսուրսներ, պետք է իր տնտեսական հարաբերություններն այնպես կառուցի, որ դրանք տնտեսության եւ ֆինանսական ոլորտներում համակարգ ձեւավորող ուղղություն լինեն: Հայաստանում տնտեսության ազատականացումը բոլորովին այլ մեխանիզմներ ունի: Իշխանություններին մոտ կանգնած յուրաքանչյուր բիզնես-խմբի տրամադրվում է առեւտրի այս կամ այն ճյուղի որոշակի հատված: Նրանց այդպիսի բիզնես-բաժին տալով` իշխանությունը կառուցում է ֆինանսական հարաբերությունների համակարգ, որը որոշում է ապրանքի գինը: Այսպիսով, գինը համահարթեցվում է: Եվ մի կողմից` տնտեսությունը դառնում է ստվերային, մյուս կողմից` գները մոնոպոլիզացվում են: Ըստ էության` սա տոտալիտար համակարգի լիակատար կարգավորվող տնտեսական մեխանիզմ է:
8. Հայաստանը ձգտում է դառնալ զբոսաշրջության երկիր: Ուշադրություն դարձրեք, Երեւանի օդանավակայանում կերոսինն աշխարհում ամենաթանկերից մեկն է: Այստեղից էլ ինքնաթիռի տոմսերի բարձր գինը: Օրինակ` դեպի Սանկտ Պետերբուրգ տոմսն արժե $600: Այդ գումարով երկու մարդ Պետերբուրգից կարող են թռչել Եգիպտոս, մի շաբաթ հանգստանալ Լառնակայում եւ հետ վերադառնալ: Այսինքն` ուղեգիրն արժե $300:
9. Հայաստանը կարող է եւ պետք է բաց լինի աշխարհի առջեւ հենց ֆինանսատնտեսական ոլորտում` իր սեփական համակարգի ներսում գտնելով միջազգային համագործակցության ամենաճշգրիտ ուղղությունները: Սփյուռքի հայության (որը շատ է հիասթափված Հայաստանի շատ օրենքներից ու գործողություններից, հատկապես ներքեւից մինչեւ վերին օղակները տարբեր պաշտոնյաների ոչ թափանցիկ եւ կոռումպացված լինելուց) կապիտալը կարող էր բավականին արդյունավետ աշխատել Հայաստանում շատ ապրանքների մեծածախ առեւտրի շուկա ստեղծելու վրա: Հաշվի առնելով Հայաստանի կապիտալի, ինչպես նաեւ` տեղեկատվական դաշտի հսկայական ներուժը` կարելի կլիներ գերակա դիրք գրավել մի տարածաշրջանում, որտեղ ռազմական եւ այլ հակամարտություններ են տեղի ունենում, օգտագործելով Ինտերնետը եւ հաղորդակցության այլ միջոցներ: Դա շատ կօգներ երկրին հաստատվել տարածաշրջանում իբրեւ կարեւոր գործոն, առանց որի տարածաշրջանի երկրները չեն պատկերացնում ժամանակակից աշխարհը: Սակայն դրա համար հարկավոր է ունենալ այդպիսի իշխանություն եւ այդպիսի ցանկություն, ինչն էլ, ցավոք, չի նկատվում անկախության այս բոլոր տարիներին:
10. Հայտնի է, որ ծառայությունները պետության գործունեության կարեւորագույն եւ տնտեսապես շահավետ գործոն են: Մերձավոր Արեւելքի կամ այլ տարածաշրջանի մեծածախ շուկաների միջնորդական ծառայությունները դինամիկ զարգացող շատ տնտեսությունների (այդ թվում եւ մեզ քաջ ծանոթ Ռուսաստանի) կարեւոր բաղադրիչն են: Ունի՞ արդյոք աշխարհաքաղաքական բավականին հետաքրքիր դիրք ունեցող Հայաստանը հնարավորություն տարածաշրջանում այսօրվա քաղաքական իրավիճակի պայմաններում հասկանալու եւ գիտակցելու, ապա եւ իրագործելու ծառայությունների շուկա ստեղծելու մտադրությունը, ցույց կտա ժամանակը, հատկապես առաջիկա ընտրությունները: Չէ՞ որ Հայաստանի ներգրավումը կասկածելի շուկաներ, որոնք մտահայեցողականորեն ստեղծվել են Արեւմուտքի միջազգային կազմակերպությունների կողմից, կազմակերպություններ, որոնց առաքելությունն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական, ոչ մի կերպ չեն արտացոլում երկրի իրական շահերը, նրա ֆինանսատնտեսական եւ ինտելեկտուալ հնարավորությունները: Իսկ որպեսզի այս ամենը տեսնենք եւ զգանք, հարկավոր է ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ իրագործման նպատակների եւ ձեւերի արդարացի գնահատական: Իսկ դա պահանջում է երկրի ներսում բազմաթիվ հիմնարար հարցերի խորը վերանայում: