«Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եվրոպական կառույցներին ու հաստատություններին լիարժեք ինտեգրումն է»,- նշված է Հայաստանի ՊՆ ինտերնետային կայքում տեղակայված ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների մասին փաստաթղթում: Հայաստանը մտադիր է աշխուժացնել գործնական եւ քաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` Դաշինքին ավելի մերձենալու նպատակով: Այս առնչությամբ կարեւոր գործիքներ կհանդիսանան Պաշտպանական հաստատությունների կառուցման գործընկերության գործողության ծրագիրը (ՊՀԿ ԳԳԾ), Պլանավորման եւ վերանայման գործընթացը, ինչպես նաեւ՝ Դաշնակիցների հետ խորհրդակցությունները: Հայաստանը ցանկանում է նպաստել Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը եւ հաստատակամ է բոլոր հարեւանների հետ հարաբերությունների կառուցողական զարգացման եւ բարելավման գործում: Հայաստանը կաշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ լիովին կաջակցի այդ խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների մասին փաստաթղթում նշված է նաեւ, որ Հայաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ հաստատակամ է հետամուտ լինել Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության, ներառյալ՝ այդ նպատակով ուղղակի շփումները Թուրքիայի հետ: Ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, թափանցիկության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում հետագա առաջընթաց ապահովելու ուղեգիծ: «Հայաստանը նպատակ ունի մասնավորապես սահմանադրական, ընտրական եւ իրավական բարեփոխումների միջոցով ամրապնդել միջազգային չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատություններն ու գործընթացները` հետամուտ լինելով լիովին համապատասխանել միջազգայնորեն ճանաչված չափանիշներին: Հայաստանը հաստատակամ է կոռուպցիայի դեմ պայքարում եւ նպատակ ունի իրականացնել գործնական քաղաքականություն` թափանցիկ ու լայնորեն հիմնավորված պատասխանատվության մեխանիզմներ մշակելու համար, ինչպես նաեւ կատարելագործել հասարակական պաշտոնյաների ուսուցումն ու իրազեկումը: Հայաստանը մտադիր է ընդլայնել իր կարողություններն ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության գործողությունների հետեւանքների կառավարման ոլորտներում: Հիմնվելով այս բնագավառում ՆԱՏՕ-ի հետ առկա համագործակցության վրա՝ Հայաստանը պատրաստ է ավելի ակտիվորեն ընդգրկվել համապատասխան ծրագրերում եւ միջոցառումներում, ինչպիսին է «Ահաբեկչության դեմ գործընկերության գործողություն» ծրագիրը, ներառյալ համապատասխան հետախուզական տեղեկատվության փոխանակումը: Հայաստանը նպատակ ունի նաեւ շարունակել օրենսդրական բարեփոխումներն ու գործնական միջոցներ ձեռնարկել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- գրված է փաստաթղթում։