Իսրայելն ընդլայնում է ցամաքային օպերացիան

16/08/2006 Ալեքսանդր ԱՂԱՄԱԼՅԱՆ

Օգոստոսի 4-ին Իսրայելը սկսել է ցամաքային գործողությունների նոր, «ընդլայնված» փուլ Լիբանանում։ Բանակին հրահանգված է ոչնչացնել «Հըզբոլլահի» ինֆրակառուցվածքը 20 կմ-անոց տարածքում` սահմանի եւ Լիտանի գետի միջեւ։ Իսրայելյան գեներալների գնահատականներով` դրա համար կպահանջվի երկու շաբաթ։

Լիբանան են մտել նոր բանակային ստորաբաժանումներ` դեսանտնիկներ, հետեւակայիններ, ինժեներներ։ Չնայած հայտարարված հրադադարին` Իսրայելի օդուժը ռմբակոծել է Լիբանանի տարածքը։ Մասնավորապես, Վադի Յանտա կիրճը, Սիրիայի հետ սահմանին, որտեղ տեղակայվում է «Հըզբոլլահի» դաշնակից` Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի բազան։ Սիրիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ եթե ռմբակոծությունները մոտենան անմիջապես Սիրիայի սահմանին` ապա Սիրիան զորք կմտցնի Լիբանանի տարածք։ «Հըզբոլլահի» ղեկավարները պնդում են, որ հարավում կազմակերպության ջոկատները հետ են մղել իսրայելցիների էլիտար ստորաբաժանումները Աիտ-Շահաբ եւ Ռամիա բնակավայրերից։ Ըստ ՄԱԿ-ի դիտորդների, իսրայելցիներն օգտագործում են Լիբանանում «այրված հողի» եւ «գորգային ռմբակոծությունների» մարտավարությունը։ Այդպես, օրինակ, Սրեյֆի գյուղում, որտեղ հայտնաբերվել էր 26 մարդու դիակ, փաստացիորեն չի մնացել ոչ մի չքանդված տուն։ Միաժամանակ իսրայելյան ինքնաթիռները նորից ռմբակոծել են հարավային Բեյրութը եւ մայրաքաղաքի 4 կամուրջ, ինչպես նաեւ` Բեյրութից հյուսիս տանող միակ ճանապարհը, որով հումանիտար բեռներ են տեղափոխվում։ Կոնֆլիկտի երեք շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 1000 Լիբանանի քաղաքացի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Իսրայելի կարուստները կազմել են 40 խաղաղ բնակիչ եւ 56 զինծառայող։ Ամեն օր «Հըզբոլլահն» արձակում է միջինում 130 հրթիռ Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Իսրայելցիները երկու անգամ դեսանտ են իջեցրել` Բահալբեկ եւ Տիր բնակավայրերի վրա` Ինքնաթիռների եւ ուղղաթիռների ծածկի տակ։ «Հըզբոլլահի» տվյալներով` երկրորդ օպերացիան լիովին ձախողվել է։

Կոնֆլիկտի կողմերի դիրքորոշումները

«Ռազմական գործողությունները շարունակվում են։ Չկա ոչ մի հրադադար»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը։ «Հըզբոլլահի» առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան, ելույթ ունենալով Լիբանանի հեռուստատեսությամբ, ասաց, որ Բեյրութի կենտրոնի ռմբակոծման դեպքում հրթիռակոծման կենթարկվի Թել Ավիվը։ «Եթե դուք ռումբեր գցեք մեր մայրաքաղաք Բեյրութի վրա, մենք կենթարկենք հարվածի ձեր ուզուրպատորական պետության մայրաքաղաքը… Մենք հարված կհասցնենք Թել Ավիվին»,- հայտարարեց Նասրալլան։ Նրա խոսքերով, իր զինվորները պատրաստ են կռվել «մինչեւ վերջին շունչը եւ վերջին փամփուշտը»։ Սակայն, դրա հետ մեկտեղ, Նասրալլան հայտարարեց հրթիռային գնդակոծությունների դադարեցման պատրաստակամության մասին այն դեպքում, եթե Իսրայելը դադարեցնի հարձակումը Լիբանանի քաղաքների վրա։ Իսրայելը Լիբանանի խաղաղ բնակչությանը հայտարարել է «ուժերի սպառման պատերազմ»։ Այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը։ Լահուդը համարում է, որ իսրայելցիներն ընտրել են այդպիսի մարտավարություն, քանզի չեն կարողանում հաղթել «Հըզբոլլահի» ուժերին երկրի հարավում, այն հույսով, որ վրդովված բնակչությունը կառավարությանը կստիպի ընդունել Իսրայելի բոլոր պայմանները։ «Թշնամին ռմբակոծում է կամուրջները եւ ճանապարհները, հույս ունենալով ուժեղացնել Լիբանանի շրջափակումը, կտրել բոլոր կոմունիկացիաները եւ ստիպել սովի մատնվել մեր բնակչությանը»,- ասաց նախագահը։ Իսրայելն աշխատում է «ոչնչացնել միակ ճանապարհը, որով գալիս էր հումանիտար օգնություն փախստականներին եւ տեղի բնակչությանը եւ նույնպես մատակարարվում էր վառելիքը եւ առաջին անհրաժեշտության իրերը»։ Էմիլ Լահուդը նույնպես ասաց. «Այս ագրեսիան արդեն գերազանցեց Իսրայելի կողմից հռչակվող նպատակները։ Իսրայելը որոշել է ոչնչացնել Լիբանանը»։ Շատ հարցերում կարելի է համաձայնել Լիբանանի առաջնորդի հետ` Իսրայելի բանակն իրոք չի կարող արագ արդյունքի հասնել երկրի հարավում եւ օգտագործում է տոտալ շրջափակման մարտավարությունը, որպեսզի «Հըզբոլլահին» զրկի վառելիքից, սննդից, ռեզերվներից եւ այլն։ ՄԱԿ-ի նոր բանաձեւի նախագծում նորից չկա անհապաղ հրադադարի պահանջը (ինչպես պնդում էր Ֆրանսիան)։ Խոսքը «լիարժեք հրադադարի» կոչի մասին է, ինչն Իսրայելին հնարավորություն է տալիս մանեւրելու եւ շարունակելու ռազմական գործողությունները։ Լիբանանը չի ընդունում ՄԱԿ-ի բանաձեւի այս նախագիծը, համարելով, որ փաստաթուղթը պետք է պարունակի Իսրայելի զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից։ Լիբանանը հայտարարել է ռեզերվիստների հավաք` երկրի հարավում «Հըզբոլլահին» օգնելու համար։ Դա անտարակույս կոնֆլիկտի էքսկալացիայի նոր փուլ է եւ նշանավորում է Լիբանանի ներքաշումը պատերազմի մեջ։

Լիբանանին սպառնում է էկոլոգիական աղետ

Լիբանանի էկոլոգները եւ մի շարք միջազգային բնապահպանական կազմակերպություններ կոչ են անում անմիջապես հրադադար հաստատել եւ շուտափույթ օգնել Լիբանանին` հսկայական մազութի կեղտաբիծը վերացնելու հարցում։ Կեղտաբիծն ի հայտ է եկել Լիբանանի մերձափնյա ջրային տարածություններում` Իսրայելի օդուժի, մասնավորապես` էլեկտրակայանի եւ նրան պատկանող մազութի ռեզերվուարների ռմբակոծումից հետո։ Կեղտաբիծն արդեն տարածվել է ավելի քան հարյուր կմ տարածքի վրա, հասել է Սիրիային եւ մոտակա ժամանակներս կարող է ձգվել մինչեւ Թուրքիա եւ Կիպրոս։ Աղետի նշանակությունը դեռ չի գիտակցվում` շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Անգամ, եթե կեղտաբծի վերացումը սկսվեր անմիջապես մազութը ծովում հայտնվելուց հետո, ապա կեղտաբիծը մաքրելու համար կպահանջվեր առնվազն կես տարի` կարծում են էկոլոգները։ Հիմա, երբ ժամանակը բաց է թողնվել, մաքրման ժամանակահատվածը եւ ծախսերը դժվար է որոշել։ Պարզ է միայն, որ Լիբանանը մենակ չի կարող լուծել այդ խնդիրը։ Ապագայում այդ աղետը չափազանց բացասաբար կանդրադառնա Լիբանանի էկոնոմիկայի, մասնավորապես` տուրիստական սեկտորի վրա, երբ երկրին ֆինանսական միջոցներ կպահանջվեն պատերազմից հետո տնտեսության վերականգնման համար։ Պարզ է, որ ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր չէ սկսել մաքրման աշխատանքները։ Ուստի պահանջվում է անմիջապես ավարտել պատերազմը եւ սկսել բնապահպանական աշխատանքները Միջերկրական ծովում։