Վերաբնակները հեռանում են, եւ ոչ ոք չի փորձում նրանց կանգնեցնել

16/08/2006 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Այգում` թթենու տակ նստած ծերունին մեզ տեսնելով` ձեռնափայտի օգնությամբ տեղից վեր կացավ եւ հրավիրեց իր մոտ: Մեր մոտենալուն պես սկսեց հայհոյել բժիշկներին, որ իր ոտքը չեն կարողանում բուժել, ինքն էլ չի կարողանում աշխատել այգում: Հինգ ամիս առաջ ոտքը ջարդվել է, եւ ոչ մի բան չեն կարողանում անել: «Ինձ ասում են` Լաչինում ռենտգեն ապարատ չկա»,- բողոքեց նա: Ծերունու բաց ոտքը կարմրած եւ ուռած է: «Այս ձորում բոլորն ինձ գիտեն, ինձ «պապի» են ասում»,- միանգամից զրույցի թեման փոխեց ծերունին եւ առաջարկեց միասին խմել իր քաշած թթի օղին:

«Որտեղի՞ց ես, պապի»,- հարցնում ենք մենք: «Աշխարհի ամենալավ գյուղից` Արենիից»,- անմիջապես լսվեց պատասխանը: 73 տարեկան Ռուբիկ Ղարախանյանն այստեղ ապրում է կնոջ եւ որդիներից մեկի հետ: Գյուղացի այս մարդը ձորում հիմնել է դեղձի այգի: Արենիից բերած տնկիներն արդեն բերք են տալիս: Նա անընդհատ խնդրում է նկարել իր ծառերը. «Թող մարդիկ տեսնեն` ինչ այգի ունեմ»,- շոյելով ծառերից մեկի բունը՝ ասում է Ռուբիկ պապը: Մենք լուսանկարում ենք նրա ծառերը եւ շարունակում ճանապարհը դեպի հարավ: Հակարի գյուղն ունի 131 բնակիչ, նրանցից 26-ը դպրոցական են: Գյուղում խմելու ջուր չկա, բայց գրեթե բոլոր տներում կան ջրհորներ: Գյուղից 600 մետր հեռավորության վրա բնական աղբյուր կա: Գյուղապետ Գառնիկ Չոբանյանն ասում է, որ համայնքային բյուջե չունենալու պատճառով գյուղապետարանը չի կարողանում որեւէ հարց լուծել: Իսկ բնակիչները ո՛չ միջոցներ ունեն, ո՛չ էլ նախաձեռնություն՝ ջուրը գյուղ հասցնելու համար: Մեկ տարի առաջ շաբաթը երկու անգամ Բերձոր-Հակարի ավտոբուսային երթուղի կար: Գյուղացիները նաեւ այս ավտոբուսով էին իրենց ապրանքը հասցնում Բերձոր` իրացնելու համար: Վարչակազմի որոշմամբ` այս երթուղին այլեւս չի գործում, այս գյուղերի հետ որեւէ կապ չկա: «Եթե էս տեմպով շարունակվի, այստեղ մարդ չի մնա»,- ասում է Գառնիկը: Վերջին երկու տարում 3 ընտանիք հեռացել է գյուղից, եւս երկուսը պատրաստվում են գնալ: Հեռացողներից մեկը գյումրեցի Արտաշն է: «Ընտանիքս Լենինական էր, գնում էի, սեզոնով Ռուսաստանում աշխատում, գալիս: Մանկության ընկերս Հակարիում էր: Լենինականում նրա մերը եկավ ասաց` Արտաշ ջան, երեխուն կտանես էս գյուղ: Եկա, տեղը տեսա, գյուղը դուրս եկավ: Կինս էլ անընդհատ ասում էր` դու գնում ես խոպան, երեխեքը մեծանում են, մնա էստեղ: Եկա, տեսա` հողը լավն էր, տեղը լավն էր: Մտածեցի` Ռուսաստան գնալու տեղը մեր հողի վրա կաշխատեմ»,- պատմում է Արտաշը: Արտաշը Գյումրիից Հակարի է տեղափոխվել 2001թ.-ին: Կինն այստեղ է մահացել. գնացել է հարեւան գյուղից սածիլներ բերելու, ճանապարհին ընկել է գետը, ու ջուրը նրան քշել-տարել է: «Ընտանիքս վերցրեցի եկա էստեղ: Եկա ու երկու ոտքով ընկա կրակը: Տեղը շատ լավն է, շրջապատումս` բոլորը համերաշխ, ուղղակի, որ հնարավորություններ չունենք, դա է վատ: Էն ժամանակ սարեր խոստացան, բայց ամեն ինչ մնաց օդում: Հացի փող հազիվ եմ հասցնում` ամիսը երկու պարկ ալյուր ենք օգտագործում: Դե պատկերացրու, տասնյոթ հազար մենակ ալյուրի եմ տալիս: Տակն ի՞նչ է մնում»,- շարունակում է Արտաշը: Արտաշը երեխաների հետ ապրում է 10 քմ-անոց մի խրճիթում: Գյուղի տները բոլորը կիսաքանդ են, առանց տանիքի, դրա համար ինքը տեղավորվել էր այդ խրճիթում` հույս ունենալով, որ պետությունը կօգնի տներից մեկը վերանորոգել, բայց ոչ մի օժանդակություն չի ստացել: «Ես արդեն հինգ տարի է այստեղ եմ` ոչ մի օգնություն չեմ ստացել: Էրեխեքիս ինչի՞ համար էստեղ թողնեմ, որ ոչ մի արդյունքի չեմ հասնում: Երեսուն հազար դրամ ենք ստանում` երեխաների նպաստն ու թոշակը: Լույսը թանկացրել են, տուն չունեմ, ինչի՞ համար մնամ այստեղ` ոչ մի ապագա չկա: Հնարավորություն չունեմ հողս մշակեմ, ինչի՞ համար մնամ: Էս տան մեջը երեք երեխա պահել հնարավո՞ր է: Լենինականում տուն չէ, Աստծուն փառք, դոմիկ ունեմ: Տուն ստանալու համար ցուցակագրված ենք, մի օր տուն կստանանք, բայց էստեղ ոչ մի բանի վրա հույս չենք կարող դնել»,- մտահոգվում է Արտաշը: 41 տարեկան Արտաշ Գասպարյանը 1988թ. երկրաշարժի ժամանակ է կորցրել Գյումրիի իր տունը, եւ առայսօր իր անունը բնակարան ստացողների ցուցակում է: Արտաշը Հակարիում նորից ամուսնացել է, եւ շուտով կծնվի նրա չորրորդ երեխան: «Եկած օրս 35 հազար դրամ տվեցին, ու վերջ: Որպես ի՞նչ եմ մնալու այստեղ, ասեք` մնամ: Գնամ Լենինական, գոնե բանվորություն կանեմ այնտեղ: Երկու հատ անասուն ունեմ, մի կթու կով: Հիմա անասնավարկ չեն տալիս: Ասում են` պիտի գրանցվես այստեղ, բա որ գրանցումից դուրս գամ Գյումրիում, ինձ ո՞վ է տուն տալու: Էս հողերի համար հիմա վիճաբանություններ է գնում: Աստված չանի, որ վերադարձնեն, ես ո՞ւր պիտի գնամ, եթե էնտեղ գրանցումից դուրս գամ: Էսօր շատերն են ուզում գնալ, ուղղակի գնալու հնարավորություն չունեն: Բողոքելու տեղ էլ չունես: էլեկտրիկները գալիս՝ լույսը անջատում գնում են: Ասում են` հնուց պարտք ունես: Բողոքելու համար պիտի հասնեմ Բերձոր` հազար դրամ գնալն է, հազար` ետ գալը, ո՞ւր երթամ: Շինարարական ցանկացած գործ կարողանում եմ անել: Ութ տարի Ռուսաստանում շինարարական բրիգադ եմ տարել, էսօր եկել-ընկել եմ էստեղ` երեխեքիս համար հացի փող չեմ կարողանում աշխատել: Հողամասն էլ ո՞ւմ է պետք, եթե հնարավորություն չունեմ մշակելու: Մի տարի ցորեն վերցրեցինք պարտքով, բայց էդ տարի ցորեն չեղավ, էդ վերցրած պարտքն էլ մնաց մեր վրա: Որտեղի՞ց պիտի տամ, հիմա դրա տոկոսով փողն են ուզում, որտեղի՞ց պիտի տամ: Եթե ապրանք էլ ունենամ, տեղ էլ չկա ծախելու: Պոմիդորս որտե՞ղ ծախեմ, բոլոր գյուղացիներն ունեն` ո՞ւմ վրա ծախեմ: Ինչի՞ համար ժողովրդին բերեցին էստեղ, եթե էսպես պետք է լիներ վերջներս»,- անընդհատ հարցեր էր տալիս Արտաշը:

www.hetq.am