Պարզվում է` աշխատանքի ընդունվելն ավելի հեշտ է, քան աշխատանքից ազատվելը: Ամբողջ մեկ օր վատնում ես գույքային, նյութական եւ այլ տեսակի պատասխանատվություններից ազատ լինելու մասին ստորագրություն հավաքելով: Ասում են` հենց դա է բյուրոկրատական քաշքշուկը:
Ասում են` ԱՄՆ-ում վիճակն ավելի վատ է: Կիմանամ, որովհետեւ մի քանի օրից մեկ տարով մեկնում եմ Նահանգներ սովորելու: Ուսումնասիրելու եմ ժուռնալիստիկան: Դրան զուգահեռ, անշուշտ, նաեւ ամերիկյան կյանքը: Ամեն շաբաթ կուղարկեմ իմ ճանապարհորդական նոթերը, սեփական դիտարկումները, լրագրողական հետազոտություններն ամերիկացիների ու ամերիկահայերի մասին: Մեկնում եմ Պետքարտուղարության հրավերով ու ֆինանսավորմամբ: IREX կազմակերպությունը, որ ղեկավարում է ծրագիրը, հատուկ մեզ համար մի հաստափոր գրքույկ է տվել` «Ուղեցույց օտարերկրացի ուսանողների համար»: Այն, ինչ գրված է, հետաքրքիր է ոչ այնքան երկիրն ու նրա կանոնները ներկայացնելու մասով, այլ, թե ինչ են մտածել հեղինակները մեր մասին, երբ գրել են գիրքը: Ուղղակի ներկայացնում եմ հատվածներ.
«….«ԸՁԾ»-ը հատուկ սարք է, որը տեղադրված են բանկերի, խանութների մոտ, մայթերին, որտեղից կարելի է փող հանել: Դրա համար դուք պետք է ունենաք հատուկ քարտ…»: «Մի բողոքեք ճակատագրից: Ամերիկացիների մեծ մասը ճակատագիրը չեն ընկալում որպես դեպքերի զարգացման բացատրություն: Նրանք մատերիալիստ են եւ հավատում են, որ այն, ինչ տեղի է ունեցել, ունի իր օբյեկտիվ պատճառն ու հետեւանքը…»:
«Ձեր դասախոսը դասի ժամանակ կարող է նստել անգամ սեղանին, կարող է, եւ հիմնականում այդպես է, դիմել ուղղակի անունով: Ուսանողները հաճախ ուտում եւ խմում են դասի ժամանակ»: «Ուսանողները լսարանում մրցում են: Այդ պատճառով չզարմանաք, եթե փորձեք քննության ժամանակ արտագրել, եւ որեւէ մեկը ձեզ մատնի: Դա լավ վարքի նշան է»: «Զրուցելիս շատ մոտ մարդկանց մի կանգնեք: Ամերիկացիները անձնական շփման ժամանակ սիրում են հաղորդակցվել որոշակի հեռավորության վրա»:
«Տղամարդկանց հետ ուղղակի ձեռքով բարեւեք: Գրկախառնվում են հիմնականում սպորտսմեններն ու շատ մոտ ընկերները»:
«Եթե անծանոթ հասցե հարցնեք, ձեզ կբացատրեն, բայց շատ քչերը ձեզ կուղեկցեն դեպի այդ հասցե: Այս կեցվածքը բազմաթիվ օտարերկրացիներ անվանում են «անբարեհամբույր», բայց իրականում սա ցույց է տալիս ամերիկյան գաղափարախոսությունը` օգնիր ինքդ քեզ»:
Գրեցի այն, ինչի վրա շատ էի զվարճացել: Իսկ ամենաամերիկյանը վերջում էր.
«Ընդհանրապես, կան ամերիկյան կյանքի բազմաթիվ ասպեկտներ, որ կարող են զարմանալի թվալ կամ անակնկալի բերել: Շատ կարեւոր է այդ ամենն ընկալել որպես ուսումնառության մի մաս եւ կենսափորձ»:
Ու սրանք դեռ մեջբերումներ են ուղեցույցի ընդամենը մեկ գլխից: Բա որ ամբողջությա՞մբ կարդաք: Ինչպես ասում են` «ԾՌւՈՌս իՈՊՏՐվՏՉ տցրՑՖ ՏՑՊօւՈպՑ».
Իհարկե, կարելի է զայրանալ, դժգոհել, գիրքն այրել, բղավել` երբ դուք Ամերիկայի տեղը չգիտեիք, մենք արդեն վեց անգամ պետություն էինք կառուցել ու կորցրել, բայց հետո մտածում ես` արդյոք նրանք հեռու չե՞ն իրականությունից, գուցե մենք ենք իրականում ոչ միայն շատ տարբեր, այլեւ տարօրինակ: Չէ՞ որ ամերիկացի տնտեսագետը կարող է հստակ պատասխանել ոչ միայն հարցին, թե ինչ է բանկոմատը, այլեւ թե ինչու է դոլարը եվրոյի նկատմամբ արժեզրկվում, իսկ մեզ մոտ ոչ ոք գլուխ չի հանում` ինչո՞ւ է դոլարն իջնում, գները` բարձրանում, բենզինը` թանկանում: Ինչո՞ւ է շաքարավազ ներմուծում ընդամենը մեկ մարդ, որն էլ բացահայտ դա խոստովանում է, հետն էլ պատգամավոր է: Եվ պետությունն էլ հանդուրժում է եւ առաջինը, եւ վերջինը:
Ամերիկացիները խոստովանում են, որ կօգնեն քեզ, բայց իրենց ծրագրերը հանուն քեզ չեն փոխի, իսկ մեզ մոտ անտարբերությունը դարձել է հանրային նորմ: Վերջերս մի խմած մարդ երթուղայինում անհանգստացնում էր մի աղջկա: Ուղեւորներից եւ ոչ մեկի անգամ հոնքը չշարժվեց:
Մեզ մոտ քննության ընթացքում արտագրելը, «շպարգալկայով» օգնելը, գրագողությամբ դիպլոմայինները գրելը, կաշառքով քննությունը ստանալը նորմա՞ է: Իհարկե, աննորմալ է, բայցեւ նորմա է:
Տղերքն իրար ամեն անգամ հանդիպելուց համբուրվո՞ւմ են: Իհարկե, համբուրվում են, թեեւ մեկ րոպե անց մի բառի համար կարող են իրար սպանել:
Եվ վերջապես, մեր բոլոր անհաջողությունների համար մենք առաջինը մեղադրում ենք. 1. թշնամիներին, 2. ճակատագրին, 3. անիծողներին կամ թուղթ ու գիր անողներին: Իսկ գուցե ամեն ինչ այդպես է ստացվել ոչ գերբնական ուժերի միջամտության կամ էլ հարեւանի անեծքի պատճառով: Գուցե ամեն ինչի մեղավորը մեր անգործությո՞ւնն է, մեր անտարբերությո՞ւնը:
Մի խոսքով, դեռ Նահանգներ չմեկնած, Ամերիկան արդեն բազմաթիվ հարցեր է առաջացնում: Ու զուգահեռներ: Ու կարծես, հենց այդ պատճառով, առաջիկա 52 «168 ժամ»-երը կամ ուղղակի առաջիկա մեկ տարին խոստանում է հետաքրքիր լինել: Մնում է` ճամպրուկներս հավաքեմ եւ մասնակցեմ «գնալ բարի»-ի հավաքին: Բայց ինչո՞ւ ենք մենք քեֆ անում մեկնելու համար: Վերադառնալուց դեռ հասկացանք: Զորակոչվելուց առաջ բանակի քեֆն ինչի՞ համար է: OK, դա ուրիշ պատմություն է:
Եվ այսպես: Հաջորդ միացումը` Վաշինգտոն: Այնտեղ եմ լինելու առաջին շաբաթը: