«Ֆիզիկապես այստեղ ենք, բայց մտովի՝ դեռ տանը»

04/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կրտսեր սերժանտ Առաքելյան Արտակը 7 ամիս է, ինչ զինվորական ծառայության մեջ է, ասում է, որ առաջին անգամ Նոր տարին ընտանիքի հետ չի դիմավորում: «Չգիտեմ, շատ տարօրինակ զգացում ունեմ, ինչքան օրերը մոտենում են, այնքան՝ ինչ-որ սպասում է առաջանում ու սպասումը գնալով մեծանում է: Կարծում եմ, բոլորն էլ արտառոց տրամադրություն ունեն, որովհետեւ առաջին անգամ զինվորի կարգավիճակով ես անցկացնում տոնը: Շատ անսովոր բան կա այս ամենի մեջ, կարծես ինչ-որ բան չես հասկանում, որովհետեւ չգիտես՝     դա ինչպես է լինելու, բայց դե, այստեղ էլ յուրովի կանցնի, եւ վստահ եմ, որ որպես լավ հիշողություն կմնա մեր մեջ: Ֆիզիկապես այստեղ ենք, բայց մտովի՝ դեռ տանը, ընտանիքի հետ: Այս 7 ամսվա մեջ զորամասը դարձել է մեր տունը, անգամ, երբ դրսում կանգնած ենք լինում, մեկ-մեկ ասում ենք՝ չգնա՞նք տուն, սկսել ենք ընդունել, որ սա մեր ժամանակավոր տունն է: Մենք պատրաստվում ենք Ամանորին, եւ կարծում եմ, որ այն մեր կյանքի ինքնատիպ օրերից մեկը կլինի»:

Տոլմայով ու խաշլամայով

Նուբարաշենի N զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Աբրահամյանն ասում է, որ ՊՆ վերադասի հրամանների համաձայն՝ իրենք, տոնական օրերին մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով, զորքերի զգոնության հրամաններ են արձակում: Պլանավորված են մի շարք միջոցառումներ, ըստ որոնց՝ համապատասխան հրահանգներ եւ հրամաններ են իջեցվում ներքին օղակներին՝ ստորաբաժանման հրամանատարներին, որպեսզի տոնական օրերին առավել կարգապահ լինեն՝ կապված զենք-զինամթերքի, մարտական մեքենաների պահպանության, սպառազինության, պահեստների, թունաքիմիկատների, հրշեջ պահպանման հետ եւ այլն: «Նույն հրամանով նաեւ խնդիրներ ենք դնում թիկունքի պետի եւ ստորաբաժանման հրամանատարների առաջ,- ասում է գնդապետ Աբրահամյանը,- որպեսզի պատրաստեն տոնական ճաշ, բարելավեն սնունդը: Աշխատանքներ է կատարում նաեւ դաստիարակչական գծով տեղակալը՝ պլանավորվում եւ ներկայացվում է ծրագրեր տոնական օրերին միջոցառումներ իրականացնելու առումով, որտեղ ընդգրկված է սպորտ-մասսայական զորքերի մասնակցությունը: Բանակում Նոր տարին միայն քեֆ ու տոնի չի վերածվում, քանի որ տոնական օրերին բանակն ավելի զգոն պետք է լինի, որպեսզի մարտական ցանկացած առաջադրանք կարողանանք կատարել»: Գնդապետ Աբրահամյանի հավաստմամբ՝ զորամասն ունի իր նվագախումբը, ուրախների եւ հնարամիտների խումբը, որոնք պատրաստվում են Ամանորին՝ իրենց  համարներով: Զինվորական Ամանորը 31-ի գիշերը սկսվում է երեկոյան ժամը 10-ից եւ ավարտվում է ժամը մեկին, ընդ որում, ալկոհոլային խմիչքներ չեն օգտագործվում: Զորամասի ղեկավարությունը տոնը նշում է զինվորների հետ: Հրամանատարն իր սեփական փորձից ելնելով ասում է, որ, ի տարբերություն այն տարիների, որոնք դիմավորում ես ընտանիքում, զինվորի համար զորամասում, մարտական ընկերների հետ Նոր տարին դիմավորելն այլ նշանակություն ունի, այն առումով, որ զինվորի համար այդ երկու Նոր տարիներն ուրիշ «համ» ունեն: Նա նշեց, որ Ամանորին զինվորների համար շատ ճոխ սեղան է մատուցվում եւ անգամ նրանցից ոմանց ընտանիքներն ի վիճակի չեն նման ձեւով դիմավորել Նոր տարին: Պաշտպանության նախարարությունը տոն օրերին նախաձեռնում է տոնական սննդի ապահովում, սկսած՝ հայկական տոլմայից, վերջացրած՝ խաշլամայով: Բացի այդ, զինվորներն աշխատավարձ են ստանում եւ այդ գումարները հավաքելով՝ կազմակերպում են հավելյալ, այսպես ասած, մենյու: Մրցույթներ են կազմակերպվում, թե ամանորյա լավագույն զորանոցն ով է պատրաստում: «Զինվորի միջի կարոտը մինչեւ Նոր տարին անցած է լինում, ասում է հրամանատարը,- այսինքն, մի քանի ամսվա ծառայողի մեջ կարոտն ինչ-որ չափով անցնում է, վարժվում են բանակի կյանքին: Այսօր նրանք հոգեբանորեն պատրաստ են Նոր տարին դիմավորել իրենց մարտական ընկերների, հրամանատարների հետ ստորաբաժանումներում: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է մի բան անել, որպեսզի հետաքրքիր մթնոլորտ ստեղծվի, օրինակ՝ մեկը երգելու է, մյուսը արտասանելու է, նվագելու է, հումոր է անելու եւ այլն: Այսինքն՝ նրանց մեջ եռանդ, ոգեւորություն եմ նկատում: Ես վստահ եմ, որ զինվորի համար սա նույնպես քաղցրություն է: Պաշտպանության նախարարի հրամանով, զգոնության համար, Ամանորին բոլոր ազատ արձակումներն արգելված են, ինչը նպաստում է, որ զինվորը զորամասում լիարժեք վայելի տոնը»:

Զինվորը պետք է ծառայի «կալենդար»-նի

Ամանորին նվերներ համատարած չեն բաժանվում, ինչպես նշեց հրամանատարը՝ բանակը մանկապարտեզ չէ, որ բոլորին նվեր բաժանեն, բայց տարբեր մրցույթների հաղթողներին, որպես խրախուսանք, տալիս են նվեր: Ինչ վերաբերում է ամանորյա կերուխումից հետո հնարավոր միջադեպերին, ապա գնդապետ Աբրահամյանն ասաց, որ իրենց մոտ նման դեպքեր չեն արձանագրվել: Այնուամենայնիվ, զինվորները որոշ խախտումների դեպքում արժանանում են պատիժների: Ամենաթեթեւ պատիժը համարվում է տնային արձակուրդից զրկելը, իսկ ամենախիստը՝ յոթօրյա կալանքը, որը կիրառվում է կալանատանը (գարնիզոն), ի դեպ, կալանավորված օրերը զինվորը ծառայության ավարտին լրացուցիչ ծառայում է, այսինքն՝ կալանքի օրերը չեն համարվում ծառայության օրեր: Ինչպես նշեց գնդապետ Աբրահամյանը, զինվորը պետք է ծառայի «կալենդար»-նի: Վերջերս բանակում ակտուալ են դարձել զինվորների ինքնասպանության դեպքերը, ավելին, շատ դեպքերում՝ դրանք սպանություններ են, որոնք պիտակավորվում են որպես ինքնասպանություն. այս առիթով հրամանատարն ասաց, որ ընդհակառակը, Հայկական բանակում ինքնասպանությունների թվի նվազում է արձանագրվում: Նա մասնավորապես ասաց. «Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ դա իրականություն է, ո՛չ, դրանք ընդամենը խոսակցություններ են, որոնք տարածում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են փչացնել բանակ-հասարակություն հարաբերությունները եւ մտածելակերպը: Դուք կարող եք շրջել, ուսումնասիրել, թե զինվորներն ինչ պայմաններում են քնում, ինչպիսի խոհանոցում են նրանց համար կերակուր պատրաստում, ինչ սենյակներում են նրանք կրթվում եւ ինչ պայմաններում են մարզվում: Այսինքն՝ բոլոր առումներով նրանք  բարելավված են: Բայց, միեւնույն ժամանակ, սա ծառայություն է, որտեղ ապրում են 100-1500 տղաներ, բացի դա, նաեւ ծառայում են նրանք, ովքեր գաղութներում պատիժներ են կրել: Ընտանիքում եթե ապրում են մի քանի հոգի, ապա, այսպես թե այնպես, տարաձայնություններ, վեճեր լինում են, թեեւ բանակում հարաբերությունները ղեկավարության կողմից վերահսկվում են: Փառք Աստծո, այս տարի մեր զորամասում արտառոց դեպքեր, պատահարներ չեն արձանագրվել:

Եզդի զինվորը բանակում հայերեն սովորեց

Գնդապետ Աբրահամյանի կարծիքով՝ խորհրդային շրջանում յուրաքանչյուր զինվոր բանակ գնալիս պատրաստ էր ծառայությանն, իսկ այսօր այդպես չէ: Ընդ որում, ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ հոգեպես հայ զինվորը չունի այդ պատրաստվածությունը, ինչը հաճախ միջադեպերի առիթ է հանդիսանում: Զինվորներից շատերը տառերն անգամ չեն ճանաչում եւ չեն կարողանում նամակ գրել: «Մեզ մոտ գոյություն ունի «ստիմուլ» հասկացությունը,- ասում է հրամանատարը: -Օրինակ, հանձնարարում ենք՝ եթե այս, այս բաները սովորես, ապա կուղարկենք արձակուրդ, իսկ զինվորը տուն գնալու համար բնականաբար շատ բաների է պատրաստ: Մահմեդ անունով մի եզդի զինվոր ունեինք, որը չորսամյա կրթություն ուներ: Ասացի՝ հենց սովորես նամակ գրել, կթողնեմ տուն: Նրան կցել էի մեկ ուրիշ եզդու հետ, հետո տեսա, որ սրանք եզդիերեն են խոսում, շփվում ու առանձնապես հայերեն սովորելու միտում չունեն: Մահմեդին  կցեցի մի հայ սերժանտի, սա այնպես արագ սկսեց սովորել տառերը, նամակ գրելը: Սովորելուն պես իր գրած առաջին նամակով ուղարկեցի տուն ու շատ զարմացա նրա կամքի ուժի եւ ձգտման վրա»: Ինչեւէ, յուրաքանչյուր զինվորի օրը սկսվում է առավոտյան ժամը 7-ին՝ վերկացով, 7-ն անց 30՝ մարմնամարզություն, ապա զինվորը 15-20 րոպեի ընթացքում պետք է իրեն կարգի բերի՝ լվացվել, սափրվել եւ այլն: Այնուհետեւ կատարվում է ստուգարք, թե զինվորը երեկոյան ինչպես է պատրաստվել հաջորդ օրվան (հիգիենա), ապա՝ նախաճաշ, շարային մարզումներ, կատարվում է փոխարինում, որտեղ զինվորները երգում են օրհներգը, եւ ժամը 9-ից սկսվում են դասերը: Ժամը 3-ին՝ ճաշ, նախաճաշային հանգիստ, զենքի եւ սպառազինության ժամ, սպորտմասսայական միջոցառումներ, անձնական ժամ, ընթրիք, կրկին անձնական կարիքների համար նախատեսված ժամ, երեկոյան՝ զբոսանք, եւ ժամը 11-ին զինվորները քնում են: