Ստեփանակերտ է ժամանել հայկական էստրադայի երգիչ, ծնունդով Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղից Արսեն Սաֆարյանը, որի մոտ ցանկություն է առաջացել հայրենիքում բարեգործական մենահամերգներ կազմակերպել: Տեղեկացնենք, որ համերգները նվիրված են ԼՂՀ անկախության 15-ամյակին:
Համերգներն օգոստոսի 9-ին մեկնարկեցին Ստեփանակերտ քաղաքից: Երգիչն այստեղ կունենա երկու համերգ, որն, ի դեպ, տոմսերով է, եւ ստացված գումարը տրամադրվելու է «Զանգակ» հաշմանդամ երեխաների կենտրոնին եւ Ստեփանակերտի ծերանոցին: Ա. Սաֆարյանը համերգներով հանդես կգա նաեւ Շուշի, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ շրջկենտրոններում, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում եւ Պաշտպանության բանակի մի քանի զորամասերում: Ընդհանուր առմամբ, երգիչը կունենա թվով 13 մենահամերգ: «Ես մասնակցել եմ տարբեր բարեգործական փոքր ակցիաների, սակայն սա իմ ամենամեծ բարեգործական ծրագիրն է, սակայն չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի, իբր մեծ գործ եմ անում, պարզապես անում եմ այն, ինչ այս պահին կարող եմ»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Ա. Սաֆարյանը:
Իսկ բարեգործական ծրագրի հովանավորներն են «ՀայՌուսգազարդ», «Արմենիան մոլիբդեն պրոդաքշն» (AMP) ընկերությունները, Երեւանի Արաբկիրի թաղապետարանը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը: