«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ՝ սենատոր Նորմ Քոլեմանը (Մինեսոտայից) չորեքշաբթի օրը հայտարարել է, թե ինքը դեմ է քվեարկելու Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի՝ նախագահ Բուշի առաջարկած թեկնածուին, քանզի այդ թեկնածուն հրաժարվում է 1,5 միլիոն հայերի մահը որակել որպես ցեղասպանություն: Ըստ Ամերիկայի հայկական համագումարի, Ն. Քոլեմանն առաջին սենատորն է, ով հանրությանը տեղեկացրեց, որ ինքը դեմ է քվեարկելու դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի նշանակմանը: «Իմ խնդիրը Հոգլանդի հետ չէ»,- ասել է Քոլեմանը, ով նաեւ Ջ. Բուշի հետ միասին Հանրապետական կուսակցության անդամ է: Քոլեմանն ասել է, թե ինքը շարունակում է պայքարել իր երկրի քաղաքականության դեմ, որը հրաժարվում է ճանաչել «պատմական իրականությունը»: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրն ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ հետաձգեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռ. Հոգլանդի հաստատման հարցը, եւ այս հարցով հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա արդեն հաջորդ ամսին: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ունի 18 անդամ, որոնցից 10-ը` Հանրապետական, իսկ 8-ը՝ Դեմոկրատական կուսակցության անդամ են: Ըստ որոշ տվյալների, հանձնաժողովի 18 անդամների ուղիղ կեսը դեմ է դեսպանի պաշտոնում Հոգլանդի նշանակմանը: