Երեկ ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի (ՎՊ)` մասնավորեցման վերաբերյալ հաշվետվությունների ու եզրակացությունների քննարկման արդյունքների մասին տեղեկանք է հրապարակել:
Հրապարակված տեղեկանքում նշված է, որ 2003-06թթ. ԱԺ ՎՊ-ի հաշվետվություններ ու տեղեկանքներ Գլխավոր դատախազություն ուղարկվել է երկու փաթեթով, որից առաջինն ամբողջությամբ վերաբերել է 2003թ. տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների եւ աուդիտի արդյունքներով հաստատված հաշվետվություններին, իսկ երկրորդը` 2001-2003թթ. մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքին: Տեղեկանքում ներկայացված են ԱԺ նախագահի` Արթուր Բաղդասարյանի կողմից, այս տարվա մայիսի 16-ին Գլխավոր դատախազություն ուղարկված՝ ՎՊ-ի` մասնավորեցման վերաբերյալ հաշվետվությունների ու տեղեկանքների, այսինքն` վերը նշված 2-րդ փաթեթում ներառված նյութերի քննարկման արդյունքները: Ի դեպ, մայիսի 16-ին ԱԺ նախորդ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն հայտարարել էր իր հրաժարականի մասին, սակայն մինչեւ մայիսի վերջը «դե յուրե» շարունակում էր մնալ ԱԺ նախագահ: Ինչեւէ, Գլխավոր դատախազության հրապարակած տեղեկանքում ներկայացված է մասնավորեցման վերաբերյալ 4 հաշվետվության եւ մեկական եզրակացության ու տեղեկանքի՝ իբրեւ իրավախախտում արձանագրված փաստարկները եւ դրանց առնչությամբ քննարկման արդյունքները: Հիշեցնենք, որ ՎՊ-ի ուսումնասիրություններն ԱԺ-ում բուռն բանավեճի առարկա դարձան: Պարզվում է՝ Դատախազությունը մասնավորեցման գործընթացի վերաբերյալ ԱԺ ՎՊ-ի չորս հաշվետվություններում ներկայացված օրինակների կապակցությամբ ոչ մի քրեական հանցանք չի հայտնաբերել: Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը երեկ հրավիրած ասուլիսում ասել է, թե քրեական մեղադրանք առաջադրելու հիմքեր «չեն տեսել»: Նա նշել է, որ խախտումներ, իհարկե, եղել են, եւ այդ մասին իրենք տեղյակ են եղել նույնիսկ Վերահսկիչից առաջ, բայց այդ խախտումների համար Դատախազությունը, ըստ Գ. Դանիելյանի, որեւէ պետական հաստատության մեղադրելու իրավական հիմք չունի: ՎՊ-ն ներկայացրել էր կոնկրետ դեպքեր, երբ ձեռնարկությունները վաճառվել էին գնահատված արժեքից մի քանի անգամ ցածր գնով: Դատախազությունն այս դեպքում ավելի շատ ապավինում է տնտեսագիտությանը, ասելով, թե շատ անգամ կառավարությունը գնի փոխզիջման է գնում, ավելացնելով ներդրումային պարտավորությունները, հաշվի առնելով ներդրողին ներկայացվող պահանջները եւ այլն: Իսկ Դատախազության հրապարակած տեղեկանքից կարելի է եզրակացնել, որ ՎՊ-ի հաշվետվություններում ներկայացված օրինախախտումներն այնքան էլ խախտում չեն կամ թեթեւ ու մանր-մունր խախտումներ են: Համենայն դեպս, դատախազության հրապարակած տեղեկանքից պարզ է դառնում, որ ներկայացված նյութերի քննարկման արդյունքում Դատախազությունում եկել են այն եզրակացության, որ ՎՊ-ի կողմից արձանագրված օրինախախտումները շատ դեպքերում բոլորովին էլ օրինախախտում չեն: Օրինակ, ՎՊ-ն նշել է, թե Երեւանի քաղաքապետի որոշմամբ օտարվել է մասնավորեցման ծրագրի ցանկում չընդգրկված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք: Մասնավորապես, Երեւանի քաղաքապետի որոշմամբ օտարվել է Սեբաստիա փողոցի 45 հասցեում գտնվող «Կենտրոնական դիսպետչերական ՓԲԸ դիսպետչերական կետի շենքի 205,9 քմ տարածքը»: Ըստ դատախազության, այս կապակցությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության 2002թ. սեպտեմբերի 6-ի թիվ 14/02-812 եւ Ֆինանսատնտեսագիտական վարչության 2002թ. սեպտեմբերի 11-ի թիվ 9/1-475 գրություններով ներկայացված առաջարկությունների հիման վրա Երեւանի քաղաքապետի 2002թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1601-Ա որոշմամբ թույլատրվել է «Կենտրոնական դիսպետչերական» ՊՓԲԸ-ին` Սեբաստիա թիվ 45 հասցեում գտնվող ընկերության գույքը (շենքը) աճուրդային եղանակով օտարել` «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» ՀՀ կառավարության 1994թ. փետրվարի 25-ի թիվ 92 որոշմամբ հաստատված կարգով: «Այսպիսով, օտարումն իրականացվել է ոչ թե քաղաքապետի, այլ ընկերության որոշմամբ, իսկ քաղաքապետը միայն թույլ է տվել այն, ինչը համապատասխանում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի պահանջներին»,- գրված է Դատախազության տարածած տեղեկանքում: ՎՊ-ի մեկ այլ փաստարկի առիթով, ըստ որի` իրականացվել են մասնավորեցման ծրագրում ընդգրկված օբյեկտների կազմից առանձնացված պետական գույքի օտարումներ, եւ որպես օրինակ բերվել է «Սապֆիր» ՓԲԸ-ի կազմից առանձնացված գույքի օտարման փաստը, Դատախազությունում գտնում են, որ հիշյալ փաստարկը հիմնավորված կհամարվեր, եթե ծրագրում ընդգրկված գույքի կազմից առանձնացվեր որեւէ տարր եւ օտարվեր մասնավորեցման կանոններով չնախատեսված կարգով: Մինչդեռ, վերը նշված օրինակում իրավիճակը, ինչպես նշված է ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության հրապարակած տեղեկանքում, բոլորովին այլ է: Ըստ այդմ, ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 8-ի թիվ 838 որոշմամբ` նախապես նշված գույքը ոչ միայն առանձնացվել է «Սապֆիր» ՓԲԸ-ի կազմից, այլեւ որոշվել է նրա հետագա ճակատագիրը` գույքի պատկանելիության հարցը. մասնավորապես, այն հանձնվել է ՀՀ Պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը, եւ արդյունքում փոխվել է այդ գույքի կարգավիճակը` օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերության սեփականությունից այն դարձել է գործադիր իշխանության մարմնին ամրացված պետական սեփականություն: Տվյալ պարագայում, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի համաձայն, նշված գույքը, հանդիսանալով գործադիր իշխանության մարմնին ամրացված պետական սեփականություն, ենթակա չէր մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ընդհանրապես, Գլխավոր դատախազության երեկվա պատասխանից տպավորություն է ստեղծվում, թե Դատախազությունը ներկայացված հաշվետվություններում ավելի շատ ոչ թե քրեական մեղադրանքի հիմք է փնտրել, այլ այդպիսի մեղադրանք չառաջադրելու հիմք: