Freedom house-ը հավակնում է դառնալ Հայաստանի ընդդիմություն

08/08/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

«Անկախությունից հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր համընդհանուր ընտրություններն այս կամ այն չափով ուղեկցվել են լցոնումներով, քվեարկության կեղծումներով եւ նման այլ խախտումներով: ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի դիտորդները լուրջ խախտումներ են արձանագրել հայաստանյան վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում: Նրանք փաստել են, որ ընտրությունները չեն համապատասխանել արեւմտյան չափանիշներին: Նման հայտարարություններն ավելի մեծ կշիռ են հաղորդում ընդդիմության այն պնդումներին, որ ընտրություններն ակնհայտորեն կեղծվել են»,- ասված է զեկույցում: Ինչ վերաբերում է նախորդ տարվա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ապա, ըստ Freedom house-ի վերլուծաբանների` «Անցած տարվա նոյեմբերի 27-ին կայացած վիճահարույց սահմանադրական հանրաքվեն ավելի ընդգծված դարձրեց երկրում ձեւավորված ընտրական կեղծիքի մշակույթը: ԵԽ դիտորդական խումբը լուրջ կասկածի տակ առավ պաշտոնական արդյունքների հավաստիությունը: Ընտրողների չափազանց ցածր ակտիվությունը չի համապատասխանում այն բարձր թվերին, որոնք հրապարակել են ընտրական հանձնաժողովները»,- հայտարարեցին դիտորդները: «Հայաստանի ընդդիմությունը, որը բոյկոտեց քվեարկությունը, պնդում է, որ հանրաքվեին մասնակցել է ընտրողների մոտ 16 տոկոսը»,- նշում է Freedom house-ը:

Միաժամանակ կազմակերպությունը նշում է, որ Հայաստանի ժողովրդավարացմանը խոչընդոտում է կառավարման խիստ միակողմանի համակարգը, որը լայն իշխանություն է պարգեւում հանրապետության նախագահին: «Հանրաքվեով հաստատված սահմանադրական փոփոխություններն այդ իշխանության մի մասը փոխանցում են կառավարությանը եւ խորհրդարանին: Նախագահն, օրինակ, այլեւս չի կարողանալու պաշտոնազրկել վարչապետին եւ ինքնակամ լուծարել խորհրդարանը: ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Եվրախորհուրդը հավանություն են տվել այս փոփոխություններին: Սակայն Հայաստանի ընդդիմությունը դրանք բավարար չի համարում եւ պնդում է, որ իշխանությունները, նախեւառաջ, պետք է հարգեն գործող օրենքները: Չնայած սահմանադրական բարեփոխումներին, Հայաստանի նախագահը պահպանելու է պետական ամենահզոր պաշտոնյայի կարգավիճակը»:

Անդրադառնալով մամուլի ազատությանը, զեկույցի հեղինակները կարծիք են հայտնում. «Հայաստանի լրատվամիջոցները գործում են անբարյացակամ միջավայրում: Իշխանությունները շարունակում են խիստ վերահսկողության տակ պահել պետությանը պատկանող Հայաստանի հանրային հեռուստատեսությունը եւ գործնականում բոլոր մասնավոր հեռուստակայանները, որոնք պատկանում են Քոչարյանի նկատմամբ լոյալ տրամադրված գործարարներին եւ հազվադեպ են հեռարձակում նրա վարչակազմին քննադատող նյութեր: Դրանց թղթակիցները ենթադրաբար աշխատում են խմբագրական գրաքննության պայմաններում»: Ի դեպ, զեկույցի համահեղինակ Քրիս Ուոլքերն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փաստել է. «Կովկասի բոլոր երկրները գործ ունեն թույլ ինստիտուտների, խորհրդային ժառանգության եւ դրան ուղեկցող կաշառակերության հետ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ խնդիրների հաղթահարմանն ուղղված ամենալուրջ ջանքերը գործադրում է Վրաստանը»: