Համաձայն ՌԴ աերոնավիգացիոն դաշնային ծառայության հաղորդագրության, Ռուսաստանի «Oդային երթեւեկության կազմակերպման պետական կորպորացիան 2006թ. օգոստոսի 14-ից դադարեցնում է հայկական «Արմավիա» ընկերության օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումը Ռուսաստանի օդային տարածքում: Այդ քայլը բացատրվում է «Արմավիայի»՝ մոտ 800.000 դոլար պարտքով: ՌԴ աերոնավիգացիոն ծառայությունը «Արմավիայի» սպասարկումը գրաֆիկից դուրս առաջին անգամ դադարեցրել է 2006թ. փետրվարի 10-ին: Այդ ժամանակ էլ «Արմավիան» զգուշացվել է, որ պարտքը չմարելու դեպքում կդադարեցվի նաեւ «Արմավիայի» գրաֆիկով չվերթերի սպասարկումը: Փետրվարի 17-ին «Արմավիան» ռուսական կողմին ներկայացրել է պարտքի մարման ժամանակացույց` խոստանալով մայիսի 31-ին հասնել վճարման սովորական ռեժիմի: Մայիսի 3-ին A-320 օդանավի աղետից հետո ընկերությունը դադարեցրել է պարտքերի մարումը եւ դիմել է ՌԴ աերոնավիգացիոն ծառայությանը պարտքը հետաձգելու դիմումով: Հունիսի 23-ին ռուսական կողմը եւ «Արմավիան» բանակցել են, որի շնորհիվ «Արմավիային» տրվել է նոր ժամկետ պարտքերը մարելու համար: Սակայն քանի որ «Արմավիան» չի կատարել պարտքերը մարելու եւ ընթացիկ հաշիվները վճարելու պարտավորությունը, Ռուսաստանի օդային տարածքում ընկերության գրաֆիկով եւ գրաֆիկից դուրս չվերթերի սպասարկումը կդադարեցվի: ՌԴ աերոնավիգացիոն դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ հիշատակվում է նաեւ Հայկական ավիաուղիների 2,5 միլիոն դոլար պարտքի մասին, որ կուտակվել է դեռեւս 2001 թվականից: ՌԴ աերոնավիգացիոն ծառայության ղեկավարն ասել է, թե իրենք ըմբռնումով են մոտենում «Արմավիային», սակայն խոսքը դիսպետչերների աշխատավարձի, թռիչքների անվտանգության մասին է: Դաշնային աերոնավիգացիոն ծառայության ղեկավարն ասել է, որ եթե մինչեւ օգոստոսի 14-ը Արմավիան սկսի վճարել պարտքերն ու ընթացիկ հաշիվները, ապա իրենք չեն դադարեցնի ավիաընկերության թռիչքների սպասարկումը:
Սակայն երեկ «Արմավիայի» մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, ուր նշում է, թե Ռուսաստանի աերոնավիգացիոն դաշնային ծառայությունն «Արմավիայի» չվերթերը Ռուսաստանի օդային տարածքում չսպասարկելու որոշում չի ընդունել: «Պարզապես գործակցության գործընթացում եղել են որոշակի դժվարություններ, որոնք արդեն վերացված են, եւ ավիաընկերությունը կշարունակի իր պարբերական թռիչքները Ռուսաստանի տարածքում»:
Ռ. Թ.