Պրն Աղաջանովը մեկ անգամ եւս պնդեց նախկինում արտահայտած իր տեսակետը, այն է՝ դրամի արժեւորումը արհեստական է եւ տնտեսական ոչ մի հիմնավորման չի ենթարկվում։ Դոլարը շարունակում է արժեզրկվել եւ երեկ տարադրամի փոխանակման կետերն այն գնում էին արդեն 405 դրամով։ Միեւնույն ժամանակ` նկատվում է արդյունաբերության անկում, ներմուծման անկում եւ արտահանման կրճատում։ Ներմուծման եւ արտահանման այս անհամապատասխանության արդյունքում 2006թ. առաջին կիսամյակում Հայաստանն ունեցել է մոտ կես միլիարդ դոլարի մաքուր արտահոսք։ «Արտաքին առեւտրի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 30%-ը։ Սա նոնսենս է։ Նման այլ երկիր աշխարհում չկա», – ասաց տնտեսագետը։ Վերջինիս կարծիքով, արտադրության անկման պայմաններում շուկայի պահանջարկը լրացվում է ներմուծման հաշվին, եւ տեղական արտադրողն աստիճանաբար դուրս է մղվում շուկայից։ Պրն Աղաջանովին զայրացնում է հատկապես այն հանգամանքը, որ մեր իշխանությունները եւ հատկապես` Կենտրոնական բանկը, չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ մի պարզ իրողություն. դրամի արժեւորումը հարվածում է հայրենական արտադրողին։ Տնտեսագետը բարի նախանձով էր խոսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, որն իր երկրի իշխանություններին հրահանգել է քայլեր ձեռնարկել տեղական արտադրողների շահերը պաշտպանելու համար, որոնք տուժում են ռուբլու արժեւորումից։ Եվ սա` այն դեպքում, երբ Ռուսաստանն ունի արտաքին առեւտրի դրական հաշվեկշիռ՝ ավելի շատ արտահանում է, քան ներմուծում։
Իսկ մեզ մոտ, ըստ Էդ. Աղաջանովի, ԿԲ-ն սիրում է խաղալ ներմուծողի դաշտում։ Այսպիսի վիճակը ձեռնտու է միայն ներմուծողներին, որոնք գերշահույթներ են ստանում եւ փող կուտակում գալիք ընտրությունների համար։ Պրն Աղաջանովը կրկնեց նախկինում հնչեցրած եւ արդեն գրեթե թեւավոր դարձած արտահայտությունը՝ տղաներին փող է պետք։ Իսկ թե ինչքան կարժեզրկվի դոլարը, տնտեսագետը պատասխանեց՝ կախված է տղաների ախորժակից, քանի որ «գնում է էլեմենտար թալան»։ Ահա այս ամենի վրա հիմնվելով՝ Էդուարդ Աղաջանովը կոչ է անում. «ԿԲ-ի ոչ մի հայտարարության մի հավատացեք»։ Սակայն այս կոչի երկրորդ մասը շատ ավելի հետաքրքիր էր. «Հավատացեք պաշտոնական վիճակագրությանը»։
Չգիտենք, նման հայտարարություն անելու վրա որքանո՞վ է ազդել Էդ. Աղաջանովի՝ նախկինում Վիճվարչության ղեկավար լինելու հանգամանքը։ Սակայն վիճակագրությանը հավատալու կոչը զարմանալի է առավելապես այն առումով, որ պրն Աղաջանովն ինքն էլ դրան չի հավատում՝ մանավանդ, երբ խոսքը վերաբերում է գնաճի, աղքատության եւ գործազրկության ցուցանիշներին։
Պրն Աղաջանովի մյուս ասածների հետ դժվար է չհամաձայնել, սակայն խնդիրն այն է, որ այդ ամենի մասին բոլորն արդեն գիտեն, լսել են։ Ընդ որում, հենց Էդ. Աղաջանովի շուրթերից։
Ընդհանրապես, տնտեսական լրագրության ոլորտում մեզ մոտ հետաքրքիր պատկեր է։ Այսպես, երբ լրագրողները գրում են տնտեսական թեմաներով, որոշ մարդիկ նրանց մեղադրում են ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։ Այո, լրագրողը չի կարող լուրջ մասնագիտական վերլուծություններ անել, քանի որ թե ժամանակի խնդիր կա, թե թերթի ծավալները թույլ չեն տալիս եւ, վերջապես, նա ոչ թե տնտեսագետ է, այլ լրագրող։ Այս հարցի լուծումը գտնվել է դեռ շատ վաղուց։ Կան անկախ փորձագետներ, վերլուծական կենտրոններ, որոնք հետազոտություններ են անում ամենատարբեր թեմաներով եւ իրենց եզրակացությունները մամուլի միջոցով ներկայացնում հասարակությանը։ Լրագրողն էլ համադրում է կողմ եւ դեմ կարծիքները, ներկայացնում դրանք, եւ ոչ թե ընթերցողին մատուցում իր սեփական, ոչ մասնագիտական կարծիքը մի հարցի շուրջ, որից ինքը գաղափար չունի։
Իսկ մեզ մոտ լրիվ այլ պատկեր է։ Մի պահ մտածեք, եթե դուք տնտեսագետ չեք, բայց տրամաբանության կամ «ներքին ձայնի» օգնությամբ զգում եք, որ տնտեսական դաշտում այս կամ այն օրենքը, նախաձեռնությունը, հայտարարությունը կամ քաղաքականությունը ճիշտ չէ, ումի՞ց կարելի է կարծիք հարցնել։ Կարծիք, որը տարբերվի պաշտոնական տեսակետից, լինի մասնագիտական, օբյեկտիվ եւ որոշ չափով ընդդիմադիր։ Հավաստիացնում եմ, որ լրագրողների ճնշող մեծամասնությունը միանգամից կպատասխանի՝ Էդուարդ Աղաջանովին։ Իսկ հետո՞, է՞լ ում կարծիքը կարող է հետաքրքրել հանրությանը։ Կարող են տալ նաեւ Թաթուլ Մանասերյանի անունը, սակայն նա այժմ ավելի շատ հանդես է գալիս որպես քաղաքական գործիչ։ Այլ անուններ դժվար է մտաբերել։
Կան շատ լավ մասնագետներ, պարզապես նրանց կարծիքը չեն հարցնում, կամ էլ հենց իրենք են խուսափում մամուլում հայտնվելուց՝ երեւի իշխանությունների հետ խնդիրներ չունենալու կամ, առհասարակ, «զահլա» չունենալու համար։ Ահա այս վիճակը բերել է նրան, որ լրագրողների միակ հույսը մնացել է Էդ. Աղաջանովը։ Վերաբերվելով պրն Աղաջանովին մեծագույն հարգանքով` ոչ միայն մասնագիտական որակների, այլեւ իր ակտիվության համար, այնուամենայնիվ, նշենք հետեւյալը։
Եթե պրն Աղաջանովը եւս 1-2 անգամ նմանատիպ ասուլիս տա, ինչպես երեկ, նրա նկատմամբ հետաքրքրությունը եւս կկորի, ինչն ամենեւին չենք ցանկանում։ Ընդհանրապես, մարդիկ հոգնում են միշտ միեւնույն մարդուն լսելուց, անգամ` եթե նա շատ խելացի բաներ է ասում։
Պրն Աղաջանովն այս առումով գրեթե մոնոպոլ դիրքեր ունի. ընդդիմադիր կեցվածք ունեցող անկախ փորձագետ-տնտեսագետի դերը, կարելի է ասել, ամբողջությամբ վերապահված է նրան։ Պրն Աղաջանովն ինքն էլ հասկանում է, որ, կամա թե ակամա, հայտնվել է ուշադրության կենտրոնում, դարձել ամենապահանջված տնտեսագետը եւ չի ցանկանում կորցնել հանրաճանաչությունը։ Այդ իսկ պատճառով հարկավոր է ժամանակ առ ժամանակ թարմացնել մարդկանց հիշողությունը, խոսել լրագրողների առաջ, անգամ` եթե նոր ասելիք չկա։ Իսկ երեկ լրագրողները հավաքվել էին «Փաստարկ» ակումբում՝ պրն Աղաջանովի կողմից որեւէ նոր բան լսելու ակնկալիքով։
Սակայն այնպիսի տպավորություն էր, ասես ժամանակը ետ էր գնացել։ Տնտեսագետը խոսում էր նույն բաների մասին, որոնց մասին խոսում էր 2-3 ամիս առաջ նույն ակումբում։ Միայն թվերն էին փոխվել, ոչ մի նոր հիմնավորում, ոչ մի նոր կարծիք, ուր մնաց թե` բացահայտում։
Այն ամենը, ինչի մասին խոսում էր տնտեսագետը, հավաքվածներից ոչ ոքի համար նորություն չէր՝ թե՛ դոլարի արժեզրկումը, թե՛ դրա անհասկանալի բնույթը, թե՛ արտադրության անկումը, թե՛ արտաքին առեւտրի դեֆիցիտը, թե՛ «փողի կարիք ունեցող տղաներն» ու նրանց կամա թե ակամա սատարող Կենտրոնական բանկը։
Ասուլիսից հետո երկար ժամանակ մտածում էի՝ ի՞նչ նոր բան ես իմացա հանրապետության թերեւս ամենահայտնի տնտեսագետի ասածներից։ Եվ ընդհանրապես, ո՞րն էր այս ասուլիսի նպատակը։ Չէ՞ որ առանց այն էլ ԶԼՄ-ները գրեթե ամեն օր անդրադառնում են փոխարժեքի թեմային, դրա հետեւանքներին։ Ու թեեւ վերլուծություններն էլ պրոֆեսիոնալ չեն, համենայնդեպս, գրեթե ոչնչով չեն զիջում պրն Աղաջանովի երեկվա վերլուծություններին։ Շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, ասես եկել էին լսելու իրենց գրած նյութերի հակիրճ ամփոփումը։
Միգուցե, պրն Աղաջանովի կարծիքով, եթե միեւնույն բանի մասին առանց հոգնելու կրկնի, ԿԲ-ն կվերանայի իր քաղաքականությունը։ Դժվար թե։ Հակառակը, ստացվում է լիովին այլ արդյունք՝ առանց նոր փաստարկների, նոր վերլուծությունների, միեւնույն բանը կրկնելու պատճառով մարդիկ ձանձրանում են եւ կորցնում հետաքրքրությունն այս կարեւոր հիմնախնդիրների նկատմամբ։ ԿԲ-ին ձեռնտու է, որ իրեն քննադատող միակ տնտեսագետն Էդուարդ Աղաջանովն է, որը խոսում է միշտ միեւնույն բաների մասին։ Մարդիկ հոգնում են, եւ ԿԲ-ն էլ հանգիստ զբաղվում է իր գործով։
Ամենեւին չենք ցանկանում մեղադրել պրն Աղաջանովին։ Ընդհակառակը, պետք է շնորհակալություն հայտնել, որ, այնուամենայնիվ, միայն նա է փորձում նախաձեռնություն հանդես բերել եւ մասնագիտական մակարդակով քննադատել կառավարության գործունեությունը։ Սակայն, ինչպես ասում են, մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ։ Եթե ասպարեզում լինեին մի քանի լուրջ տնտեսագետներ, ապա դրանից կշահեին բոլորը։ Ամեն տարի Երեւանի պետական եւ մասնավոր բուհերն ավարտում են հարյուրավոր տնտեսագետներ։ Որտե՞ղ են նրանք, գերադասում են զբաղվել այլ գործերո՞վ, թե՞ բոլորը միահամուռ կերպով կողմ են կառավարության գործողություններին։ Այստեղ էլ հարկավոր են թարմ մոտեցումներ, այլապես ստացվում է, որ տնտեսագետներից միայն Էդ. Աղաջանովին է մտահոգում մեր տնտեսության ապագան, իսկ երիտասարդներին հետաքրքրում է միայն սեփական կարիերան։
Իսկ առայժմ ունենք այն, ինչ ունենք, եւ լրագրողներս երեւի թե պետք է մեղադրենք ինքներս մեզ, որ ասպարեզում միայն Էդուարդ Աղաջանովն է։