«Աստված հայերին շատ է սիրում»

08/08/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Արդեն քսան օրից ավելի շարունակվող եւ բազմաթիվ մարդկանց կյանք խլած Իսրայելա-Լիբանանյան հակամարտությունը հերթական անգամ ապացուցեց մի պարզ ճշմարտություն. հակամարտությունների՝ երկար տարիներ կարգավորված չլինելն, ի վերջո, հանգեցնում է պատերազմական գործողությունների վերսկսմանը: Իսկ դրանք անդառնալի հետեւանքներ կարող են ունենալ նախ եւ առաջ հասարակ քաղաքացիների վրա:

Փորձագետների գնահատմամբ, նույնը կարելի է ասել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, քանի որ հակամարտության կարգավորված չլինելու ամեն մի օրն ավելի է մեծացնում պատերազմի վերսկսման հավանականությունը: Երեկ Մամուլի ազգային ակումբում հյուրընկալված ՀՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գաբրիել Ժերարան ամեն կերպ խուսափում էր զուգահեռներ անցկացնել ԼՂ հիմնախնդրի եւ Իսրայելա-Լիբանանյան հակամարտությունների միջեւ: Փոխարենը, նա կարծիք հայտնեց, որ Իսրայելա-Լիբանանյան հակամարտության գլխավոր պատճառը չլուծված հակամարտություններն ու վերջնական խաղաղության բացակայությունն է: Իսկ «Հըզբոլլահ» խմբավորման կողմից իսրայելցի զինվորներին առեւանգելն ընդամենը հակամարտության վերսկսման պատրվակ էր: Սակայն դեսպանի խոսքերով, երկու զինվորների գերեվարումն ու այդ փաստին Իսրայելի արձագանքն ամենեւին էլ համարժեք չեն իրար:

Դեսպանի խոսքերով, «Հըզբոլլահն» իսրայելցի զինվորներին գերեվարելով` ընդամենը Իսրայելյան բանտերում պահվող 8 գերիների հետ փոխանակելու ցանկություն է ունեցել, իսկ Իսրայելը, «Հըզբոլլահին» հարվածելու անվան տակ, քանդում է Լիբանանը: «Իսրայելը շատ համակարգված ձեւով քանդում է Լիբանանը: Դուք տեսնում եք, թե ինչպիսի հարվածներ է հասցնում իսրայելյան օդուժը. հարվածում է կամուրջներին, քաղաքացիական թիրախներին, կենսապահովման ոլորտի հիմնարկներին»,- հայտարարեց Գաբրիել Ժերարան: Վերջինս նաեւ թվարկեց, թե որքան մարդ է զոհվել հակամարտության արդյունքում: «Արդեն 1000 լիբանանցիներ են նահատակվել իսրայելյան ագրեսիայի հետեւանքով, 3000 վիրավորներ եւ շուրջ մեկ մլն լիբանանցիներ գաղթել են իրենց բնակավայրերից: Պատերազմական գործողությունների 22 օրվա ընթացքում իսրայելյան ագրեսիայի հետեւանքով պատճառված վնասները գնահատվում են շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլար, որը ՀՀ բյուջեի հնգապատիկն է»,- պատերազմի պատճառած նյութական վնասները ներկայացրեց եւ ՀՀ պետբյուջեի հետ համեմատեց Լիբանանի դեսպանը՝ ավելացնելով, որ այդ վնասներն ամեն օր ավելանում են: Գ. Ժերարայի խոսքերով, միջազգային հանրությունը ցանկանում է, որպեսզի Իսրայելն օր առաջ դադարեցնի ռազմական գործողությունները, գրեթե ամեն օր միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներ են այցելում հակամարտության գոտի: Սակայն այդ այցելությունները դեռեւս շոշափելի արդյունք չեն տվել: Լիբանանում այսօր հույսեր են կապել եկող շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հետ, որի ընթացքում հույս ունեն հրադադարի որոշում ընդունել: Թեեւ վերջերս ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը մեկնել էր հակամարտության գոտի՝ կոչ անելու կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն ԱՄՆ-ը պաշտոնապես չի դատապարտել Իսրայելի գործողությունները: Եվ շատերը կարծում են, որ ԱՄՆ-ը ներքուստ խրախուսում է Իսրայելին: «ԱՄՆ-ը Լիբանանին բարեկամ պետություն է, քանի որ մենք շուրջ 2մլն լիբանանցիներ ունենք նաեւ ԱՄՆ-ում: Հույս ունենք, որ ԱՄՆ-ը կկատարի այն պարտականությունները, որը նշվել է իր Սահմանադրությունում: Եվ Լիբանանի ու Իսրայելի նկատմամբ ունեցած բարեկամական կեցվածքը կօգտագործի խաղաղության օգտին»,- հայտարարեց պարոն Ժերարան:

Դեսպանի տեղեկացմամբ, իրենց երկրի կառավարությունը խնդրի հանգուցալուծման 7 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել. անհապաղ հրադադար, գերիների փոխանակում, իսրայելական զորքերի դուրսբերում գրավյալ տարածքներից, Լիբանանի բանակի տեղաբաշխում երկրի ողջ տարածքում, ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարար ուժերի տեղակայում Լիբանանի հարավում, վերադարձ լիբանանա-իսրայելական 1949 թվականին կնքված հրադադարի պայմանագրին ու վերջում` Լիբանանը հայտարարվում է աղետյալ երկիր` միջազգային օգնություն ստանալու համար: Դեսպանի փոխանցմամբ, այս ամենից հետո միայն կարելի է խոսել «Հըզբոլլահի» զինաթափման մասին: ««Հըզբոլլահն» ազգային դիմադրություն է, որ ստեղծվել էր Լիբանանի հարավն ազատագրելու համար: Եթե ազգային դիմադրության նպատակը տարածքների ազատագրումն էր, եւ, եթե այդ տարածքներն ազատագրվեցին, ապա այլեւս դիմադրության գոյության իմաստը կորչում է: Այնպես որ` տարածքների վերադարձից հետո «Հըզբոլլահը» կմնա որպես քաղաքական ուժ եւ ինչպես այսօր` ներկայացված կլինի կառավարությունում»,- ասաց Լիբանանի դեսպանը:

Հ. Գ. Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գաբրիել Ժերարայի խոսքերով, Լիբանանում ապրող հայերը հակամարտության հետեւանքով ոչ մարդկային եւ ոչ էլ նյութական կորուստներ չեն ունեցել: «Լիբանանահայերը շատ լավ վիճակում են: Անգամ հայերին պատկանող փոքրիկ խանութ չի վնասվել: Երեւի Աստված սիրում է հայերին, ինչը մեզ ուրախացնում է»,- ասաց դեսպանը: