Ներգաղթը նաեւ կապիտալի ներդրում է

08/08/2006 Իրինա ՍԱՐԳՍՅԱՆ

«Մերձավոր Արեւելքի ներկա ճգնաժամը խորանալու միտումներ ունի: Այն շատ ավելի լուրջ պատճառներ ունի, քան «Հըզբոլահի» դեմ Իսրայելի հայտարարած պատերազմն է»,- ասում է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը, որը դասավանդում է ՀՀ Կառավարման ակադեմիայում եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

«Իրականում խնդիրն ամբողջ Մերձավոր Արեւելքը վերափոխելն է` ամերիկա-իսրայելյան եւ արեւմտյան սցենարով, որը նախատեսում է լիակատար վերահսկողություն այդ նավթով հարուստ տարածքի վրա: Հնարավոր է, որ արդեն այս ընթացիկ պատերազմը ներքաշի իր մեջ Սիրիային, իսկ դա գրեթե մեխանիկորեն նշանակելու է նաեւ Իրանի ներգրավում եւ մեծ պատերազմի բռնկում ողջ տարածաշրջանում: Եթե ոչ այժմ, այդ սցենարը կարող է իրականանալ նաեւ քիչ ուշ, Իրանի միջուկային ծրագրերի կապակցությամբ։ Մինչդեռ Մերձավոր Արեւելքում մեր ամենահզոր գաղութները հե՛նց Լիբանանում, Սիրիայում եւ Իրանում են»,- շեշտում է պրն Այվազյանը:

«Լիբանանից հոսքը դեպի Հայաստան շարունակվում է մեծ տեմպերով: Հուլիս ամսում մեզ դիմել է 108 անձ, որոնցից 97-ը Լիբանանի քաղաքացիներ են, 10-ը` Իսրայելի` բնակության իրավունք ստանալու համար»,- ասում է Միգրացիոն գործակալության ապաստան հայցողների բաժնի պետի տեղակալ Ռուզաննա Պետրոսյանը: Լիբանանում պատերազմական գործողությունները սկսվելուց հետո Հայաստան է մուտք գործել շուրջ 700 հայ:

«Սպասում եմ ծնողներիս: Բուրջհամուտում, ուր կենտրոնացած է հայկական համայնքի մեծ մասը, ռմբակոծում թեեւ չկա, բայց պայթյունները լսվում են, մարդիկ վախեցած են: Բուրջհամուտից Բեյրութ տաս րոպե ճանապարհ է»,- մտահոգված է Խաչիկ Շաղոյանը: Նա ծնվել-մեծացել է Լիբանանում, բայց երկու տարի է, ինչ Հայաստանում է ապրում: «Լիբանանում ավելի հեշտ է դրամ վաստակելը, բայց դրա փոխարեն ծախսն է շատ, մթերքն ու ապրանքները թանկ են: Հայաստանում ավելի էժան է ապրուստը»։ Խաչիկ Շաղոյանը Երեւանում սուրճի արտադրամաս է հիմնել եւ հոգ է տանում իր որդու եւ կնոջ համար:

Վերջին երեք տարվա ընթացքում անընդմեջ Հայաստան են ներգաղթում հայեր նաեւ Իրաքից: Միգրացիոն գործակալության տվյալներով` նրանց թիվը կազմում է 390 ընտանիք: «Իհարկե, այդ եկածներից որոշ մասն էլ մեկնել է: Բայց շատերն ունեին մասնավոր խանութներ, սեփական տներ, մեքենաներ: Այդ գումարով նրանք գնել են բնակարաններ: Այնպես որ, կարող ենք ասել, որ նրանք այստեղից մեկնելու ցանկություն չունեն»,- ասում է տիկին Պետրոսյանը:

Մերձավոր Արեւելքից արտագաղթը դեպի Ամերիկա, Եվրոպա, Ավստրալիա եւ արտասահմանյան այլ երկրներ սկսվել էր վաղուց:

«Հայության վիճակն այդ տարածքներում, կարելի է ասել, ապագա չունի: Մի կողմից` այս անկայուն վիճակը ծնում է տնտեսական տագնապ, մասնավորապես Լիբանանում ռմբակոծումները այնպիսի քարուքանդ վիճակի են հասցրել երկիրը, որ տարիներ են պետք երկիրը վերականգնելու եւ տնտեսական զարգացում արձանագրելու համար: Բացի այդ, Լիբանանում կարող է, ինչպես Իրաքում, սկսվել կամ վերսկսվել քաղաքացիական պատերազմը: Մահմեդական ֆունդամենտալիզմը նույնպես կենցաղային մակարդակի վրա խնդիրներ է առաջացնելու հայության համար, անկախ պետության բարյացակամությունից: Եվ, ի վերջո, այդ տարածաշրջանները հետ են ընկնում համաշխարհային զարգացումից, իսկ հայությունը նախընտրում է զարգացած երկրներում ապրել»,- ասում է պրն Այվազյանը, որը վերջերս է այցելել Սիրիա: «Ունեմ վեց երեխա, երեք որդիներիս դեռ Իրաքից ուղարկեցի Գերմանիա, կնոջս եւ աղջիկներիս հետ եկա Հայաստան»,- պատմում է Գեւորգ Ուրբանյանը:

«Է՜, էս մեր հայրենիքը: Գիտեք, հայրենիքից լավ բան չկա, բայց մեկ պակասություն կա, գործ չկա, սա է խնդիրը, եւ օգնություն չեն ցուցաբերում արտասահմանից ներգաղթածներին: Տներն ու հողերս թողել եմ Իրաքում: Միտք ունեմ` գնամ, ծախեմ, որ այստեղ կարողանամ ընտանիքս պահել»։

Այսօր նրանք ապրում են վարձով` կիսանկուղային մի բնակարանում, քաղաքի ծայրամասում: Պրն Ուրբանյանը, որպես ապացույց, մեր զրույցի ընթացքում հանել-ցույց էր տալիս իր փաստաթղթերը: «Աշխատել եմ բազմաթիվ եվրոպական ֆիրմաների հետ: Մասնագիտությամբ անգլերենի թարգմանիչ եմ: Այնքան դրամ էի վաստակում, որ հարազատներիս էլ էի պահում: Լավ կյանք ենք տեսել այնտեղ»:

«Գալիս են, բայց պետությունը չունի ծրագրեր: Տեսեք Իսրայելի փորձը: Ծրագրեր պետք է լինեն` սկսած լեզվական դասընթացներից, վերջացրած հարկային արտոնություններով: Այդ հայությանը պետք է ամեն կերպ Հայաստան բերել, փրկելով ձուլումից, ապահայացումից, ուծացումից եւ Հայաստանը հանել ժողովրդագրական ներկա ճգնաժամից»,- ասում է պրն Այվազյանը։

Եթե 90-ական թվականներին Հայաստանում արձանագրվել է մոտ 80 հազար երեխայի ծնունդ, ապա 2002թ. այդ թիվը կրճատվել է երկու անգամ` հասնելով 32 հազարի: Այսօր Հայաստանից արտագաղթը կայուն տեմպերով շարունակվում է:

«Պետք է հասկանալ, որ ամենամեծ կապիտալը մարդուժն է: Երեք միլիոն բնակչությամբ Հայաստանն աշխարհաքաղաքական այս ծանրագույն միջավայրում ուղղակի չի կարող գոյատեւել: Սփյուռքահայ զանգվածներին հենց այնպես կորցնելն ուղղակի անթույլատրելի է: Ցավոք, ո՛չ պետությունը, ո՛չ սփյուռքահայ կազմակերպությունները որեւէ լուրջ քայլ չեն ձեռնարկում այդ հայությանը Հայաստան բերելու համար: Այնինչ Հայաստանում ունենք ապրելու ազատ տարածքներ, նույնիսկ հաշվի չառած ազատագրված տարածքները։ Խոշոր սփյուռք ունեցող երկրներում կան սփյուռքի հարցերով հատուկ նախարարություններ, օրինակ, մարդկային ռեսուրսների պակաս չունեցող Չինաստանում դա ամենամեծ նախարարությունն է։ Նման պետությունների շարքում Հայաստանը միակն է, որը չունի այդպիսի նախարարություն կամ գոնե հատուկ պետական կոմիտե։ Իսրայելում կա Ներգաղթյալների աբսորբացիայի (կլանման) նախարարություն, որն իր երկարամյա գոյության ընթացքում մշակել եւ կիրառում է համապատասխան ուղղությամբ բազմաթիվ արդյունավետ մեխանիզմներ: Բաքուն ստեղծել է ադբեջանական սփյուռքի հարցերով համապատասխան կոմիտե, Ռուսաստանը՝ նույնպես»:

Այսօր Հայաստանում արդեն իսկ ապրում են վերջին տասնամյակում ներգաղթած հազարավոր հայեր, որոնք եկել են իրենց կամքով, սեփական նախաձեռնությամբ: Դա նշանակում է, որ նոր հայրենադարձության գործընթացը սկսվել է, թեպետ այն ընթանում է անհատական նախաձեռնությամբ: «Այդ մարդկանց պետք է հրավիրել պետական մակարդակով: Ներգաղթն իր հետ բերում է նաեւ ուղղակի ներդրում ինչպես կապիտալի, այնպես էլ մասնագիտական առումով: Իսրայելն ինչպե՞ս է ոտքի կանգնել: Միայն ու միայն ներգաղթի շնորհիվ»,- համոզված է պրն Այվազյանը: