Արտաշատի շրջանին բնորոշ չէ մասսայական արտագաղթը, քանի որ նրանք ամռանը բերք են աճեցնում եւ վաճառում, վառելափայտ կուտակում, իսկ ձմռանը տաք-տաք ղավուրմա ու չիր ուտում:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի-23 փողոցի գազոնները թաղված էին աղբի մեջ, նախկին սրճարանն, արդեն երկու տարի է, ինչ դադարել էր ծառայել հասարակության լայն խավերին, քանի որ այն ինչ-որ աղանդավորական համայնքի տնօրինության տակ է, եւ վանդակապատված տարածքը կողպեքով փակ էր: Կանգառում կանգնած երկու կանայք բողոքում էին, թե սովետի ժամանակ ավելի լավ էր, քան հիմա, քանի որ այն ժամանակ այգի կար, լիճ կար, որը հիմա չորացել է, իսկ փողոցները կեղտի մեջ կորել են, ու քաղաքապետի պետքն էլ չէ: «Ինտելիգենտ մարդու տեղը չէ Արտաշատը»,- ակնարկեց բարձրաշենցի ուսուցչուհին: Ընդհանրապես արտաշատցիներն իրենց խոսքում «ժլատ» էին ու զգուշավոր: Անգամ ծննդատան հարեւանությամբ բանջարեղեն վաճառող մեծահասակ կինը «պեդանտ» զգուշավորությամբ ասաց, որ իրենց մոտ՝ Արտաշատում, ծննդաբերությունը ձրի է: Նրա ասելով՝ ծննդաբերելու համար դեռ մի բան էլ պետությունն է փող տալիս՝ 30 հազար դրամի չափով: Նա նկատի ունի ծննդաբերող կանանց տրվող 33 հազար դրամ սոցիալական խրախուսանքը:
Արտաշատում բուժհաստատությունները կողք կողքի էին՝ պոլիկլինիկան, քաղաքային հիվանդանոցը, ծննդատունը: Արտաշատի շուրջ 40 գյուղերում տարեկան միջին հաշվով ծնվում է 700 երեխա՝ նախկին 1500-ի փոխարեն: Արտաշատի ծննդատան տնօրեն տիկին Զեմֆիրա Նավասարդյանի հավաստմամբ, ծննդաբերող կանանց տարիքը վերջին տարիներին երիտասարդացել է՝ 17, 18, նույնիսկ 16 տարեկանում են արդեն երեխա ունենում, իր իսկ խոսքերով՝ «խակ ուղեղով եւ խակ օրգանիզմով»: Ծննդաբերում են երրորդ, չորրորդ, հինգերորդ, նույնիսկ վեցերորդ երեխային:
«Շատ լավ ֆինանսավորում ունենք, մեր շենքի առաջին հարկը տեսնելուց կարող է սարսափեք, բայց դա կախված է կողքի լճից, այնտեղ հիդրավլիկ աշխատանքներ չեն տարվում, չի չորացվում, սակայն երկրորդ հարկը լավ վիճակում է, նույնիսկ եվրովերանորոգված պալատներ ունենք»,- վստահեցրեց տնօրենը: Եվրովերանորոգված լյուքս հիվանդասենյակներում, որը ծննդատան տնօրենը համարում է «VIP», միայն հին սառնարան եւ զուգարան կար: Ծննդատան «VIP»-ում, ինչպես նշեց Զ. Նավասարդյանը, երեք օր պառկելու համար պետք է վճարեն 10.000 դրամ: Իսկ հիվանդասենյակներում պառկած կանայք խուսափում էին այդ մասին խոսել: Տպավորությունն այնպիսին էր, թե բոլորին հրահանգվել էր չխոսել լրագրողների հետ: Ծննդաբերած կանանց հետ հարցուփորձի ընթացքում պարզվեց, որ մեր այցելած շրջկենտրոնում ծննդաբերությունն, իրոք, անվճար է, բժիշկները հոգատար են, որովհետեւ նրանց միջին աշխատավարձը 50 հազար դրամ է: Բուժքույրերն իրենց հերթին «լավ են նայում նորածիններին՝ տակդիրներ տալիս ու դրանք շուտ-շուտ փոխում»,- վստահեցնում էր 21-ամյա Անահիտը: Մի պահ նույնիսկ մտածեցի, թե Արտաշատում կոմունիզմը վերականգնվել է, եւ կարելի է ծննդաբերել հենց այս ծննդատանը՝ խուսափելու համար ավելորդ եւ չնախատեսված ծախսերից: Ծննդատան սարքավորումները բավականին հին էին, սակայն դժգոհելու առիթ չկար, քանի որ «ներկա պահին կարողանում ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Նորից էլ չենք հրաժարվում՝ նոր ջեռուցման, կենտրոնացված թթվածնային համակարգերից, օքսիմետրից», նշում էր նեոլոգ Էմմա Խաչատրյանը:
Մյուս բաժանմունքների համեմատությամբ, հիվանդ-այցելուներով բավականին աշխույժ էր Կանանց կոնսուլտացիա բաժինը, որտեղ գինեկոլոգ-մանկաբույժ Ա. Ղազարյանի ասելով` հիմնականում դիմում են անցանկալի հղիությունը կանխող անվճար հակաբեղմնավորիչ միջոցներից օգտվելու համար: «Օրալ հակաբեղմնավորիչներից որոշակի խավ խուսափում է, սակայն կոնսուլտացիայից հետո նորմալ օգտվում է»,- նշում էր երիտասարդ գինեկոլոգը: Հակաբեղմնավորիչ հաբերի կիրառումը մեր կանանց շրջանում մոտ 10 տարվա պատմություն ունի: Բժիշկ-մասնագետը, ով կտրականապես հրաժարվեց ներկայանալ, կատակով նշեց, թե միջազգային ծրագրերով տրամադրվող հակաբեղմնավորիչ դեղամիջոցներն անքան շատ են, որ կբավականացնի մի ընտանիքում եւ՛ կնոջը, եւ՛ ամուսնուն, եւ՛ երեխաներին: Նրա բնորոշմամբ, նեյրոհորմոնալ համակարգը վնասող, ամլացնող այդ դեղամիջոցներն արդեն վաղուց զարգացած երկրներում չեն կիրառվում, իսկ մեր գլխին այդ մարդասիրական օգնությունները գլխացավանք են դարձել: «Իրենց համախառն ազգային արժեքի 7 տոկոսն առաջ լոբու տեսքով էր ուղարկվում այդ մարդասիրական օգնությունները, հիմա՝ բժշկական պարագաների»,- ընդգծեց բժիշկը, եւ մեր հարցադրումները որակեց որպես «հակապետական գրոհ»:
Արտաշատի քաղաքային հիվանդանոցում կենտրոնացած էին ինչպես ախտորոշիչ եւ բուժական, այնպես էլ շտապօգնություն ծառայությունները: Հաստատության տնօրենն ասում էր, որ ունեցած երեք մեքենաները բավականացնում են, սարքավորումները՝ նույնպես, երիտասարդ մասնագետների արտահոսք դեպի մայրաքաղաք չի զգացվում, միայն կարիք կա վիրաբույժի եւ շտապօգնության բժիշկների: Արտաշատի քաղաքային կլինիկայում տարեկան բուժվում է միջինը 2500 հիվանդ, կատարվում են 600-650 վիրահատություններ, իսկ շտապօգնության կանչերի թիվն ամսական հասնում է 450-ի: Այստեղ տարածված են սիրտանոթային, ուռուցքային հիվանդությունները, վնասվածքները: Արտաշատի հիվանդանոց ՓԲԸ տնօրեն Ավիկ Պետրոսյանը հատկապես գոհունակություն հայտնեց ՀԲ-ի օպտիմալացման ծրագրից, որի շրջանակներում կմիավորվեն պոլիկլինիկան, ծննդատունը, հակատուբերկուլյոզային դիսպանսերը եւ հիվանդանոցը: «Դրանից ծախսերը կնվազեն եւ խնայված գումարները նպատակային կօգտագործվեն: Կբարձրանա նաեւ բուժման եւ ախտորոշման որակը»,- համոզված էր Ա. Պետրոսյանը: Օպտիմալացման ծրագրի կիրառումից առաջացած գործազուրկների մեր հակափաստարկին ի պատասխան, նա մատնանշեց նոր բացվող համապատասխան ծառայությունների աշխատատեղերը: Երեւի, ասենք, մատուցողի կամ վաճառողի: Առանց այն էլ՝ ծննդատան աշխատողների թիվը 400-ից կրճատվելով հասել էր 100-ի: Չնայած սրան, կլինիկայի տնօրենը համոզում էր, որ իրենց տարածքի հիվանդները Երեւանի հիվանդանոցներ չեն գնում: