ՀՀԿ-ի կամ «Բարգավաճ Հայաստանի» վարկանիշները համեմատելիս՝ որոշ վերլուծաբաններ պնդում են, որ «ԲՀԿ»-ն ժողովրդի մեջ ավելի բարի համբավ ունի, քան ՀՀԿ-ն: Ինչ խոսք, այս կուսակցություններից որեւէ մեկին առավելություն տվողները պարզապես պակաս ինֆորմացված են եւ եզրակացություններ անելիս՝ հիմք են ընդունում հեռուստատեսությամբ այդ կուսակցությունների համագումարի մասին պատմող տեսանյութերը: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի համագումարին ամբիոնն ու նրա ետնամասը զբաղեցրել էին բնավ ոչ անմեղ կենսագրությամբ հայտնի եւ հեռուստատեսությամբ շարքային քաղաքացիներին մահու չափ ձանձրացրած դեմքեր, որոնք ամբիոնից ասում էին կանխատեսելի եւ ստեղծագործական երեւակայություն չենթադրող մտքեր: Լրիվ այլ էր պատկերը «ԲՀ»-ի առաջնորդի դեպքում: Բեմում միայնակ նստել էր համեմատաբար երիտասարդ, հաղթանդամ, հաստաբազուկ, ոչ շատ տարածված սանրվածքով ու հագուստով, անկաշկանդ եւ ոչ կանխատեսելի մտքեր արտահայտող կուսակցության ղեկավարը, որն՝ ի թիվս վերոնշյալ լուրջ արժանիքների, նաեւ շատ փող ունի: Գագիկ Ծառուկյանին շարքային քաղաքացիները քաղաքականության մեջ, մասնավորապես ՝ խորհրդարանում, չեն տեսել: Չեն տեսել անգամ այն երկու անգամը, երբ պարոն Ծառուկյանը, ինչպեսեւ շատերը, երեւացել է ԱԺ դահլիճում՝ կոճակ սեղմելու նպատակով: Հետեւաբար վստահ են, որ քաղաքականությունը գոնե մինչեւ կուսակցության ստեղծումը նրան հաճելիորեն խորթ է եղել: Ինչը չի կարելի ասել, մասնավորապես, ՀՀԿ համագումարի ամբիոնից մեզ նայող բազմաթիվ հոգնած դեմքերի մասին: Այս մակերեսային համեմատությունը թույլ է տալիս շարքային քաղաքացիներին հավատալ, որ եկավ ժողովրդի ծոցից դուրս եկած «տղեն» (տես՝ հերոսը): Ի դեպ, ժողովրդի զգալի մասը նույն բանն ասում էր նաեւ 2003 թվականին: Այն ժամանակ, սակայն, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի մասին: Բայց ընտրություններին հետեւած հանգամանքները հերթական անգամ ցույց տվեցին, որ ժողովուրդը հիմնականում սխալվում է: Դա 2003-ին էր: Իսկ այսօր, ընդդիմադիր ճամբարի անհասկանալի պասիվության եւ իշխանական լծակների վերաբաշխման ծրագրերում ընդդիմության գործոնը հաշվի չառնելու մեր դիտարկմանն ի պատասխան՝ ՀԺԿ ղեկավարը նկատեց. «Իշխանությունները ոչ թե ընդդիմության, այլ, առհասարակ, ժողովրդի՛ գործոնը հաշվի չեն առնում»:
Ինչպես պնդում են հանրապետության գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները, այդ թվում եւ՝ ՀԺԿ ղեկավարը, ընտրություններին ՀԺԿ-ն պատրաստ կլինի մասնակցել միայնակ՝ չբացառելով, սակայն, նաեւ դաշինքով մասնակցության հնարավորությունը: «Ակնհայտ է մի բան՝ ընդդիմությունը հուսալքված չէ: Ընդդիմությունը դեռ իր խոսքը կասի»,- լավատեսորեն պնդում էր պարոն Դեմիրճյանը: «Սահմանադրակա՞ն ճանապարհով»,- փորձեցինք ճշտել ընդդիմության գործողությունների մեթոդիկան՝ առաջացնելով պարոն Դեմիրճյանի զայրույթը. «Այն, որ ասում եմ՝ սահմանադրական ճանապարհով, անեկդոտների, սրախոսությունների տեղիք է տալիս: Սակայն կրկնում եմ, մենք կողմնակից չենք զինված պայքարի: Իմ պատասխանը նույնն է՝ ինձ համար միջոցները նույնքան կարեւոր են, որքան նպատակները»:
Սակայն նպատակներին հասնելու ՀԺԿ-ի միջոցները շատերին թույլ տվեցին այս կուսակցությանն ու նրա առաջնորդին մեղադրել անվճռականության մեջ. «Նայեք, թե նրանք՝ վճռական ու սուր խոսողներն, ինչ կերպարանափոխությունների են ենթարկվել»,- հակադարձեց պարոն Դեմիրճյանը: Վերջին տարիներին ՀԺԿ-ն, ինչպես նաեւ` ընդդիմադիր դաշտը համալրող այլեւայլ կուսակցություններ, հանդես են եկել բազմազան եւ բազմաթիվ ֆորմատներով, որոնք իրենց չեն արդարացրել: Նման ֆորմատների ստեղծումը, գոնե Ստեփան Դեմիրճյանի համար, իրեն արդեն սպառել է. «Այսօր ժողովուրդը հուսալքված է, որովհետեւ հասարակության ճնշող մեծամասնությունը չի հավատում քաղաքակիրթ ընտրությունների անցկացման հնարավորությանը: Իհարկե, հասարակությունը բոլոր հիմքերն ունի այդպես մտածելու, քանի որ այս իշխանությունների կողմից ընտրությունները շարունակաբար կեղծվում են: Սակայն այս իշխանությունների դեմ պայքարելու համար դաշինքների ստեղծումն ամենեւին պարտադիր պայման չէ: Վերջին հաշվով, կյանքը ցույց է տալիս, որ ստեղծվող ֆորմատները պետք է լինեն գործուն»,- կարծում է ՀԺԿ ղեկավարը՝ առաջարկելով, որ ողջ ընդդիմադիր դաշտը պարզապես համախմբի իր ջանքերը քաղաքական դաշտի քրեականացման դեմ, այլ ոչ թե փորձի մեխանիկորեն միավորվել:
Հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ ՀԺԿ-ի գնահատականները մասնավորապես իշխանական երկու կուսակցությունների, դրանց հնարավոր միավորման մասին, եթե, իհարկե, պարոն Դեմիրճյանը պատասխաներ, սակայն նա կարճ կապեց. «Այդ կուսակցությունների մասին հարցեր կխնդրեի ուղղել իրենց, իսկ ինձ հարցեր ուղղեք ՀԺԿ-ի մասին»: ՀԺԿ-ի մասին ուղղած հարցերից պարզվեց, որ «Մենք մեր գործն անելու ենք՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ են իշխանական կուսակցությունները: Ինչ վերաբերում է իշխանության ակտիվությանը, հասկանալի է, նախընտրական տարի է, եւ նրանք պետք է ամեն ինչ անեն՝ վերարտադրվելու համար: Այն վարչախումբը, որի իշխանության օրոք բարգավաճում է բեսպրեդելը, հանցագործներն ազատ ման են գալիս, ոչ մի շանս չունի հաղթելու ազնիվ պայքարում: Հասարակությունը դրա հետ չի կարող համակերպվել: Սրա դեմ պայքարում ընդդիմությունը պետք է լինի առաջին գծի վրա: Պայքարելու ենք եւ ազնիվ պայքարում` ինչպես հաղթել ենք, այնպես էլ հաղթելու ենք: Ժողովուրդն ի վիճակի է եզրակացնել՝ ով իրենից ինչ է ներկայացնում, հասարակությունը չի կարող այս ամենի հետ համակերպվել: Իհարկե, արվում է ամեն ինչ՝ բարոյալքելու հասարակությանը, սակայն հասարակությունը մեռած չէ»: Ինչ խոսք, հասարակությունը մեռած չէ, սակայն նույն հասարակությունն ունի բոլոր հիմքերը՝ ցրելու պարոն Դեմիրճյանի լավատեսությունը: Հասարակությունը վստահ է, որ ընդդիմությունը պառակտված է, գործնական ու վճռական չէ, որ ընդդիմության շարքերում անձնական հավակնությունները հաճախ դոմինանտ են ազգային շահերից: Եվ հետո, ժողովուրդն այսօր այնքան հուսահատ ու պասիվ է, որ նախընտրում է համակերպվել կատարվող ամենաթողությանը, քան դուրս գալ հրապարակ: «Գիտե՞ք, ես մեր ժողովրդի մասին ավելի լավ կարծիքի եմ: Անարդարությունների դեմ, ինչպես փորձն է ցույց տալիս, ժողովուրդը միշտ էլ ընդվզել է՝ վկան 2003-2004թթ. ընտրությունները: Ինչ վերաբերում է ընդդիմության համախմբմանը, ապա համախմբման օրինակներ էլ են եղել: Նույն 2004 թվականին: Եվ հիմա էլ, կարծում եմ, ընդդիմադիր կուսակցությունները կգտնեն համագործակցության մեխանիզմներ»: Ինչ վերաբերում է հրապարակվող վերլուծություններին, որոնք իշխանական այս կամ այն կուսակցությանն ԱԺ-ում մեծամասնություն են կանխորոշում, ՀԺԿ ղեկավարի կարծիքով՝ ընտրությունների արդյունքները բացարձակապես կանխորոշված չեն. «Եվ կրկնում եմ՝ ազնիվ պայքարում ընդդիմությունը հաղթելու է»: Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ զարգացող վերջին իրադարձությունների ֆոնին հետաքրքիր է ընդդիմության՝ (թող որ սահմանադրական եղանակով) իշխանության գալու ջանքերում Ղարաբաղի խնդրի կարգավորման տեղը: Ստեփան Դեմիրճյանը հավատացրեց, որ թեեւ ղարաբաղյան հարցի կարգավորման տարբերակները միշտ էլ ազդել են ներքաղաքական իրավիճակի վրա, սակայն հասարակության ճնշող մեծամասնությունը չի համակերպվում եւ դժգոհ է իրականացվող ներքի՛ն քաղաքականությունից: Հետեւաբար՝ «Ասում եմ՝ ընդդիմությունն իր խոսքը կասի. մենք պատրաստ ենք պայքարելու: Մենք ազնվորեն պայքարել ենք, ասել ենք մեր տեսակետները բոլոր հնարավոր մեթոդներով: Շահարկում են, թե մենք կոնկրետ հարցերով չենք զբաղվել: Սակայն դա բացարձակ սուտ է: Մենք կարծում ենք, որ մեր երկրի զարգացման միակ նախապայմանն այս իշխանությունների հեռացումն է: Պրոպագանդա է արվում, թե երկրում ընդդիմություն չկա, եւ այլն, եւ այլն, սակայն ես ձեզ ասեմ, որ երկրում շատ ավելի վատ կլիներ, եթե չլիներ ընդդիմությունը»:
Նրանք, ովքեր այլ կարծիք ունեն եւ պատրաստ են բանավիճել պարոն Դեմիրճյանի հետ, կարող են ուղեւորվել Ջերմուկ, ուր մի քանի օրով հանգստանալու է մեկնել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Կարենի Դեմիրճյանը: