Հայաստանը լինելու է վերջին երկիրը, որը Ֆրանսիայում իր տարին կունենա

08/08/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Պարոն Գէովճիանը մեծ հայրենասեր է, եւ իր ամբողջ ուժն ու ժամանակը տրամադրում է Հայաստանի եւ Սփյուռքի կապերի ամրացմանը: Նա ֆրանսահայ կազմակերպությունների համադրող խորհրդի ատենապետ է: Ներկայումս Ֆրանսիայում մոտ 200 ֆրանսահայ ասոցիացիաներ կան, որոնք իրենց առջեւ տարբեր խնդիրներ ու նպատակներ են դրել` տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային, երիտասարդական: Ալեքսի Գէովճիանը նշում է, որ իրենց խորհուրդը համագործակցում է 35 ամենաազդեցիկ եւ հեղինակավոր ֆրանսահայ կազմակերպությունների հետ` փորձելով կենտրոնացնել եւ միախմբել շատ անգամ անկախ գործող կազմակերպությունների աշխատանքը:

– Համադրող խորհրդի համար այս տարվա ամենակարեւոր միջոցառումը Ֆրանսիայում անցկացվելիք Հայաստանի տարին է: Կլոր տարին պետք է տարբեր միջոցառումներ անցկացվեն: Մեր երկրորդ կարեւոր հարցը Հայոց ցեղասպանության ժխտման համար պատժիչ միջոցներ նախատեսող օրենքի վավերացումն է: Հուսով ենք, որ այդ օրենքն այս տարվա նոյեմբերին կընդգրկվի Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում եւ կընդունվի: Դրանից հետո՝ այն պետք է հաստատի Սենատը: Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ հաստատող օրենքը լինելու է առաջին նման օրենքը, որը երբեւիցե եղել է աշխարհում:

– Առավելագույն պատիժը ո՞րը պիտի լինի:

– Եթե Ֆրանսիայում որեւէ մեկն ասի, թե Ցեղասպանություն չի եղել եւ հայերի պնդումը սուտ է, նրան վեցամսյա բանտարկություն եւ 4,5 հազար եվրո տուգանք է սպառնում: Սակայն ամենակարեւորը պատժի գումարը եւ միջոցները չեն. պատիժը պետք է ավելի սիմվոլիկ նշանակություն ունենա: Կարեւորն այն է, որ այդ օրենքի ընդունումից հետո ոչ ոք չի կարող ասել, թե Ցեղասպանություն չի եղել:

– Նման պատժամիջոցներ կիրառվում են նաեւ Հոլոքոստը մերժողների նկատմամբ:

– Այո, այդ օրենքը 1999-ին է ընդունվել, բայց Հայոց Ցեղասպանության հարցում այդ օրենքը չի աշխատում, քանի որ այն ներառում է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կատարված գործողությունները, իսկ մեր Ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին է եղել: Այնպես որ՝ մեզ մեր օրենքն է հարկավոր: 2001 թվականին Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը, եւ հիմա պետք է այդ օրենքում երկրորդ հոդվածը մտցնել եւ Ցեղասպանության փաստը չճանաչողներին պատժել:

– Պատմեք Ֆրանսիայում մեկնարկող Հայաստանի տարվա մասին:

– Միջոցառումներն անցկացնելու համար ֆրանսա-հայկական համատեղ հանձնաժողով է ստեղծվել: Մեր խորհրդի գործն այդ հանձնաժողովին օգնելն է: Ֆրանսիայի 50 քաղաքներում 350 միջոցառում է լինելու: Հայաստանի տարին անցկացնելու գաղափարը շատ մեծ քաղաքական երանգ ունի, քանի որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք իրենց «տարին» են ունենում Ֆրանսիայում: Վերջին երկրները եղել են Չինաստանը եւ Բրազիլիան: Հիմա Հայաստանն է լինելու: Դա կլինի վերջին երկիրը, որը կլոր տարին միջոցառումներ կունենա Ֆրանսիայի ողջ տարածքում: Ֆրանսիան որոշել է այլեւս նման նախագծեր չանել, եւ Հայաստանից հետո ուրիշ երկրները Ֆրանսիայում ներկայացված կլինեն այլ` ավելի կարճատեւ ժամկետներով` մեկամսյա կամ սեզոնային: Հայաստանի տարին Ֆրանսիայում կոչվելու է` «Հայաստան, իմ ընկեր»: Այդ անվանումը հետաքրքիր է նաեւ քաղաքական տեսանկյունից, քանի որ ստացվում է` Ֆրանսիան Հայաստանին որպես ընկերոջ է նայում: Այդ նախագծի գաղափարն, անշուշտ, հիմնականում Շառլ Ազնավուրին է պատկանում: Եվ որոշ քաղաքական ուժեր, հատկապես` Թուրքիան, փորձեցին խանգարել այդ գաղափարի իրականացմանը: Բայց չկարողացան:

– Ֆրանսիան կարծես երկու երկրների` Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքականության բախման դաշտ է դարձել: Երկու երկրներն էլ ուզում են միմյանց ապացուցել, որ ավելի հզոր լոբբինգ ունեն:

– Մեր գործը հենց նման լոբբինգ իրականացնելն է: Ֆրանսիայում համարյա թե կես միլիոն հայ կա, եւ հայկական գաղութը կարեւոր դեր է խաղում Ֆրանսիայում: Մենք ջանում ենք եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ մշակութային հարցերում հայկական լոբբինգ անել:

– Ֆրանսիայի կառավարությունը մեծ խնդիրներ ունի արաբների, սեւամորթների համայնքների հետ, եւ նրանց հաճախ մեղադրում է օրենքներին անհնազանդ լինելու եւ ագրեսիվ արարքների մեջ: Նրանց ֆոնին հայկական գաղութը ինտեգրման լավ օրինակ է ծառայում:

– Ֆրանսիայում հայերը ոչ միայն ոչ մի պրոբլեմ չունեն, այլեւ նրանք բոլորը լավ եւ խաղաղ են ապրում: Կարծում եմ, նախեւառաջ, կարեւորվում է մեր քրիստոնյա լինելու փաստը: Ֆրանսիայում դա մեծ նշանակություն ունի: Հետո էլ, հայերը շատ աշխատասեր եւ բարյացակամ մարդիկ են: Եթե որեւէ ֆրանսիացու ասում ես, որ հայ ես, նա գրեթե միշտ պատասխանում է. «Օ՜, ես հայերին շատ եմ սիրում»: Նույն բանն արաբներին չեն ասի, որովհետեւ նրանց հարաբերությունները շատ բարդ են:

– Ֆրանսիայում, երբ ասում ես, որ հայ ես, առաջին հերթին հիշում են Ցեղասպանությունը եւ հարցնում. «Դուք այն ազգն ե՞ք, որին մորթել են»: Գուցե այս տարի անցկացվող մշակութային միջոցառումները կփոխե՞ն Հայաստանի մասին պատկերացումը, եւ հայերն ավելի կենսունակ եւ ուրախանալ կարողացող ազգի իմիջ ձեռք կբերեն:

– Հայերի իմիջը պետք է փոխվի, բայց փոխվելու համար պետք է այս քաղաքական քայլերն անցնենք, հակառակ դեպքում` ուրիշ մակարդակի հասնելը դժվար կլինի: Հայաստանի տարին այս առումով մեծ դեր պիտի խաղա, եւ բոլոր ֆրանսիացիների համար Հայաստանի ուրիշ պատկեր բացի: Մեր գաղափարը հայ ժողովրդի հարուստ մշակույթն ու պատմությունը ներկայացնելն է, բոլոր միջացառումները դա պիտի ցույց տան: Իսկ ցեղասպանության հարցը կարծես պիտի երկրորդ պլան անցնի: Ոչ թե այն պատճառով, որ կարեւոր չէ, որովհետեւ այն միշտ Սփյուռքի եւ Հայաստանի ուշադրության կենտրոնում է, այլ`ցանկություն կա ներկայացնել այսօրվա Հայաստանի պատկերը: Այսօր նոր սերունդներ են մեծանում, որոնք եւ ապագայում Հայաստանի նոր տերերն են դառնալու: Այդ իմաստով, իհարկե, Հայաստանում կյանքը կանգ չի առել: Հայաստանը ոչ միայն պատմություն, այլեւ իրական եւ կենդանի երկիր է:

– Ո՞ր միջոցառումն եք ամենից շատ կարեւորում:

– Ամենից կարեւորը Լուվրի ցուցադրությունն է լինելու, որը կոչվելու է «Սրբազան Հայաստան» եւ ներկայացնելու է Հայաստանի երեք հազարամյակի ընթացքում ստեղծած գանձերը: Ֆրանսիացիները պետք է հասկանան, որ հայ ժողովուրդը հին ժողովուրդ է, եւ ամենակարեւորը` քրիստոնյա: Որ հայ ժողովուրդը Եղեռնից հետո չի վերացել, երեք հազար տարի առաջ իր հարուստ պատմությունն ու մշակույթն է ունեցել եւ հիմա էլ շարունակում է ապրել եւ ստեղծագործել: Կարծում եմ, այս ցուցադրությունը պիտի փոխի ֆրանսիացիների վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Լավ աշխատելու համար պետք է բոլորս միասին աշխատենք եւ նույն գաղափարներն ունենանք: Կարծում եմ, որ Հայաստանի եւ Սփյուռքի նպատակներն ու գաղափարները նույնն են` Հայաստան, Ցեղասպանություն, Արցախ: Բայց գաղափարներն իրականացնելու ուղիներն են տարբեր: Եթե բոլորը միասին գործեն, կգա այն օրը, երբ մենք շատ մեծ զորություն ձեռք կբերենք: