Փաստաթուղթ չկա՞

08/08/2006

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական «Ենի Մուսաֆաթ» թերթին տված հարցազրույցում ասել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին դեռ ոչ մի կոնկրետ փաստաթուղթ չկա: «Ոչ ոք դեռ ոչինչ չի համաձայնեցրել: Պարզապես մենք՝ միջնորդներս, բանակցային գործընթացի համար ներկայացրել ենք որոշակի առաջարկներ, որոնք հիմա քննարկվում են: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կողմերից ոչ մեկը ոչինչ կոնկրետ չի համաձայնեցրել»,- ասել է Մ. Բրայզան, ավելացնելով, որ երկու տարվա քննարկումներից հետո ներկայացված են լավագույն մտքերն ու առաջարկները: Բրայզան ասել է նաեւ, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դեռ պայմանավորվածություն չկա, թե ԼՂ կարգավիճակը որոշվելու է հանրաքվեի՞, թե՞ սոցհարցման միջոցով: Մ. Բրայզան նաեւ ասել է, թե իր կարծիքով՝ նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման գործընթացում կառուցողական են, եւ նրանք ցանկանում են աշխատել լրամշակված առաջարկների վրա: Այն հարցին, թե արդյո՞ք հանրաքվեի մասին առաջարկը չի հակասում Ադրբեջանի Սահմանադրությանը, Բրայզան պատասխանել է. «Մինսկի խումբը չի պնդում այդ առաջարկը, մենք որոշակի գաղափարներ ենք առաջարկում նախագահներին, եւ նրանք պետք է հստակեցնեն տվյալ հարցի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու ուղիները»: