Շտապ ամանորյա օգնություն

04/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Թե որքան պարտավորեցնող է Հիպոկրատի երդումն առավել սուր բժիշկները զգում են Ամանորին: Բնակչության ինքնազգացողությունն ու առողջությունը  հակառակի նման վատթարանում է տարվա գլխավոր տոնի օրերին: Ու եթե շտապօգնությունը մինչ այդ էլ քուն ու դադր չուներ, 31-ի գիշերը ժամը 12-ը խփելուն պես՝ պայմանավորվածի նման կանչերը սկսում են հետեւել մեկը մյուսին: Նոր տարին հիվանդի տանը, ճանապարհին կամ փողոցում դիմավորելը գուցեեւ տխուր, բայց սովորական երեւույթ է շտապօգնության անձնակազմի համար: Պատահում է, որ հերթափոխի պատասխանատու բժիշկը ծառայության բերումով առաջինն է շնորհավորում անծանոթ բնակչի Ամանորը:
Բայց ծառայության կայաններից մեկում ասացին, որ մի փոկրիկ սեղան էլ իրենց «երկրորդ տանը» կդնեն: Շտապօգնության աշխատանքային ռեժիմը ոչ միայն չի փոխվում, այլեւ ավելի է ծանրաբեռնվում հատկապես հունվարի առաջին օրերին: Կանչերը հիմնականում հիվանդների ամենամեծ խումբը կազմող սիրտ-անոթային համակարքի, հիպերտոնիկ հիվանդությամբ տառապողների կողմից են, ինչպես նաեւ՝ այս օրերին բնորոշ սննդային գաստրիտների զոհերը: Դա պայմանավորված է նրանով, որ համաձայն սովորության՝ բարեկամների տներն այցելելով ու «մի կուշտ փորով հաց ուտելով»՝ մարդիկ ստամոքսն անսպասելիորեն ու մի անգամից այնպես են ծանրաբեռնում, որ այն հրաժարվում է գործելուց  ու «խանգարվում»: Իսկ եթե բկլիկը չի դիմացել ուտեստների բազմազանության գայթակղությանն ու խառնել է ողջ տեսականին, ապա նրան սպասվում է ոչ նախանձելի ճակատագիր մոտակա երկու-երեք օրերին՝ թունավորման տեսքով նույնիսկ: Վատ ինքնազգացողությանը նպաստող հանգամանք է նաեւ տոնական օրերին քնի խանգարումը. բավական չէ, ինքներս չենք քնում, դեռ բարեկամներին էլ թույլ չենք տալիս: Նրանք, ովքեր ունեն խռոնիկ հիվանդություններ, վտանգված են ավելի շատ, քանի որ սննդի, ոգելից խմիչքների չարաշահումից, մրսելուց ու հանգստի բացակայությունից բարդությունների առջեւ կանգնելու վտանգը սպառնում է առաջին հերթին հենց նրանց: Այնպես որ, չափավոր լինելն այս օրերին ամենախելամիտ մարդկանց արտոնությունը կարող է դառնալ:
Շտապօգնության համակարգում անցնող տարին թողել է դրական տպավորություն: Երեւանի շտապօգնություն ՓԲԸ փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը նշում է, որ տարին առատ էր թե՛ ֆինանսավորման, թե՛ դեղորայքի արսենալի մեծացման եւ թե՛ տրանսպորտով ապահովման առումով: Եկող տարվա սպասելիքները կապված են առողջապահության համակարգի ընդհանուր բարելավման հետ: «Ես մաղթում եմ, մեր հայրենակիցներին առողջություն եւ անփորձանք տարի: Իսկ առողջապահությանը ցանկանում եմ զբաղվել ոչ թե հիվանդաբուժությամբ, այլ հենց առողջապահությամբ»: