«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել ամենաբարձր կարգավիճակը, սակայն Հայաստանը հակամարտության կարգավորման հնարավորություն չի տալիս»,- երեկ Բաքվում Թաթարստանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ռասիզադեն նշել է, թե «Ղարաբաղն Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է, ադրբեջանցիները չեն բնակվում ոչ միայն Ղարաբաղում, այլեւ գրավյալ մյուս տարածքներում»: «8 միլիոն բնակչությամբ երկրի համար 1 միլիոն փախստականը շատ մեծ թիվ է: Փախստականների նման քանակը կարող է չանհանգստացնել միայն 1 միլիարդից ավելի բնակչություն ունեցող Չինաստանին»,- շեշտել է Ադրբեջանի վարչապետը՝ ավելացնելով, թե հաջորդ տարվա վերջին նախատեսվում է ամբողջովին ազատվել «վրանային քաղաքներից»: