ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 31-ի նիստում 0.25 տոկոսային կետով բարձրացրել է ռեպո տոկոսադրույքը՝ սահմանելով այն 4.25%: Ըստ ԿԲ մասնագետների, գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու գործընթացում ռիսկերը պահպանվում են եւ դրանց դրսեւորումը դառնում է ավելի հավանական: ԿԲ խորհուրդը չի բացառում, որ առաջիկա ամիսներին տոկոսադրույքները կարող են կրկին ճշգրտվել՝ տնտեսության զարգացման ներկա հեռանկարների պահպանման եւ գնաճային ռիսկերի դրսեւորման պարագայում։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը վերջին հաշվով կարող է ազդել ֆիզիկական անձանց եւ ընկերությունների վրա, այն առումով, որ բանկերից վերցվող վարկերի դիմաց նրանք միգուցե ստիպված լինեն ավելի բարձր տոկոսադրույքներ վճարել։ Թեեւ չի բացառվում, որ առեւտրային բանկերը հաճախորդներին չկորցնելու համար չփոփոխեն իրենց դրույքները, որոնք առանց այն էլ բարձր են։