Լրացուցիչ ձեւակերպումներ

08/08/2006

Եվրամիության անդամ պետությունները համաձայնել են լրացուցիչ մի ձեւակերպում ընդգրկել Եվրամիության «Նոր հարեւանության» գործողությունների ծրագրում: Եվրամիությունը նկատի է առնում, որ Վրաստանը եւ Հայաստանը արտահայտել են իրենց եվրոպական ձգտումները: Եվ ահա, ըստ EU Observer ինտերնետային կայքի, այս նոր ձեւակերպումը պետք է ավելացվի գործողությունների ծրագրում, որն, ամենայն հավանականությամբ, կընդունվի հոկտեմբեր ամսին: Ըստ փորձագետների, այս նախադասությունը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել: Օրինակ, Եվրամիության նախագահող երկրի՝ Ֆինլանդիայի մի պաշտոնյա ասում է, որ այս նախադասությունը դեռեւս չի նշանակում, որ Եվրամիությունը խոսում է ընդարձակման մասին: Ձգտումները կարող են վերաբերել թե՛ Եվրամիության անդամությանը, թե՛ եվրոպական արժեքներին: Սակայն, ըստ EU Observer-ի, Հարավային Կովկասի երկրներն այս նախադասությունը մեկնաբանում են իբրեւ մեկ քայլ առաջ դեպի շատ սերտ եվրաինտեգրում՝ 10-15 տարվա ընթացքում անդամության հեռանկարով: «Սա նշանակում է, որ Հայաստանը հարգում է եվրոպական արժեքները քաղաքական եւ տնտեսական ոլորտում, բայց անդամությունը մեր վերջնանպատակն է»,- EU Observer-ին հայտնել է անանուն մի հայ դիվանագետ: Գործողությունների ծրագրի նախագծում ավելացվել է եւս մի նորույթ, որը Հայաստանին եւ Վրաստանին արտաքին եւ անվտանգության քաղաքականության տարբեր թեմաներով Եվրամիության կողմից հռչակված հայտարարություններին միանալու հնարավորություն է տալիս: Եվրամիության գործողությունների ծրագիրն Ադրբեջանի համար նման բան չի նախատեսում: Ադրբեջանը հնարավորություն չի ստանում միանալ Եվրամիության արտաքին քաղաքական հայտարարություններին, եւ Ադրբեջանի եվրոպական ձգտումները նկատի չեն առնվելու Եվրամիության կողմից: Պատճառն այն է, որ Ադրբեջանը նման դիմում չի ներկայացրել եւ չի խնդրել, որ գործողությունների ծրագրի իրեն վերաբերող տեքստում նման նախադասություն ընդգրկվի: Իսկ ահա Ուկրաինան ամեն կերպ փորձում է նման մի նախադասություն ավելացնել իր գործողությունների ծրագրում, բայց առայժմ Եվրամիությունը չի համաձայնում: