«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ երեկ առավոտյան ժամը 10:00-ից 200-300 մարդ, նաեւ՝ հարեւան գյուղերից, հավաքվել են Բագրատաշենում՝ սպասելով Բագրատաշենի շուկայի փակման կապակցությամբ տեղական իշխանությունների բացատրություններին: «Ժողովուրդը հավաքվել է, ամբողջ Իջեւանի, մեր մարզի ոստիկանությունը լցվել է այստեղ, սպասում են մարզպետին, ասել է` ժամը 10:00-ին կգամ, ժողով կանենք, բայց մինչեւ հիմա չի եկել»,- ասել է տեղի բնակչուհի Սուսաննա Հովհաննիսյանը: «Հիմա ժողովուրդը սպասում է, սակայն ոչ ոք դուրս չի գալիս, որ մի պատասխան տա: Ասում են՝ ձեր շուկան անօրինական է, բայց բոլորն էլ օրինական թղթերը ունեն՝ կադաստրով հաստատված: Հարկերը նորմալ մուծում ենք, հիմա էլ պատճառաբանում են, թե սահմանամերձ է»,- նշել է նա: Հիշեցնենք, որ Բագրատաշենի շուկան փակվել է հուլիսի 30-ին: Մինչեւ հաջորդ օրվա առավոտը գյուղի բնակիչներն ի նշան բողոքի արգելափակել էին Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը, սակայն շատ չանցած ոստիկաններն ուժով, գյուղի բնակիչներից մեկի խոսքերով՝ «մարդկանց հրելով», բացել էին այն: Հայաստանի մաքսային կոմիտեի խոսնակ Նելլի Մանուչարյանը պարզաբանել էր, որ Բագրատաշեն-Սադախլո համատեղ շուկան փակվել է դեռեւս ապրիլից՝ վրացական կողմի առաջարկությամբ. նախ Վրաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ իր տարածքում Սադախլոյի շուկան փակվում է, ապա Հայաստանի մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, որ համատեղ շուկան այլեւս չի գործելու՝ վրացական կողմի նախաձեռնությամբ: Իսկ այն, ինչի փակման դեմ բողոքում են գյուղի բնակիչները, ըստ Նելլի Մանուչարյանի, «Բագրատաշենի մոտ նախկին ավտոկանգառի տարածքում դրանից հետո ինքնաբուխ գոյացած շուկան է»: